HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Նաիրա Զոհրաբյան. «Որոշելիքը այս պահին գտնվում է Թուրքիայի տիրույթում»

«Հանրապետության նախագահը մեկ անգամ ևս Վաշինգտոնում վճռական կերպով ամրագրել է հայկական կողմի դիրքորոշումները, այն է՝ հայ-թուրքական արձանագրություններն իրենց մեջ չեն պարունակում որևէ նախապայման, և Թուրքիան որևէ կերպ որևէ ճնշում չի կարող գործադրել Հայաստանի վրա»,- ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցը «Հետք»-ին այսպես մեկնաբանեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա կարծիքով`հաջորդ քայլը պետք է Թուրքիան անի. «Ի վերջո, տևական և համառորեն փորձում են հայ-թուրքական արձանագրությունները շաղկապել ղարաբաղյան հիմնախնդրի հետ, արժանանալով թե' Եվրամիության, թե' Ռուսաստանի, թե' ԱՄՆ-ի կոշտ դիրքորոշմանը, բայց դրանք իրարից տարբեր գործընթացներ են և չպետք է փոխկապակցել. Թուրքաին իրեն դրել է փակուղային իրավիճակի մեջ»: Նաիրա Զոհրաբյանը չցանկացավ կանխատեսել Թուրքիայի հետագա քայլերը`նշելով, որ դա Թուրքիայի իրավասության դաշտում է. «Միջազգային հանրությունը հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու գործում շատ բան է դրել խաղասեղանին, և բնավ շահեկան չի լինելու այն պետության վիճակը, որի պատճառով այդ հարաբերությունները բնականոն գործընթացի մեջ դրվելը կտապալվի: Իսկ այդ երկիրը հստակ Հայաստանը չի լինելու»: Ն. Զոհրաբյանի մեկնաբանմամբ, եթե Էրդողանը հավատարիմ լինի Փարիզում իր արած այն հայտարարությանը, որ իրենք հավատարիմ են արձանագրությունների ոգուն և տառին, ապա նախևառաջ նրանք պետք է արձանագրությունները վավերացնեն իրենց խորհրդարանում, որին կհետևեն համապատասխան գործընթացներ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում. «Հայկական կողմը ոչինչ չի կորցնում, նույնիսկ եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնի, ողջ պատասխանատվությունն ընկնում է Թուրքիայի վրա: Նույն սահմանը 2 անգամ չեն կարող փակել և որոշելիքը այս պահին գտնվում է Թուրքիայի տիրույթում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter