HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տ. Սարգսյան.«2010թ.-ը հնարավորություն կտա գնահատել հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը»

Ապրիլի 13-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը Ալավերդի կատարած իր այցի շրջանակներում այցելեց նաև «Էյ-Սի-Փի» ընկերություն: Այստեղ լրագրողների համար փակ դռերի ետևում վարչապետը հանդիպեց Լոռու մարզի ձեռներեցների հետ: Հադիպումից հետո Տիգրան Սարգսյանը շրջեց ընկերությանը պատկանող պղնձաձուլական գործարանում, որի մետալուրգիական արտադրամասում պատասխանեց լրագրողների հարցերին:

Պրն վարչապետ, Ձեր կողմից մասնավորապես ի՞նչ հարցեր քննարկվեցին մարզի գործարարների հետ:

Ձեռներեցների միության հետ հանդիպման  ժամանակ մենք քննարկեցինք  տնտեսական իրավիճակը ՀՀ-ում, ինչ մթնոլորտ է ձեռներեցության  տիրում, ինչպես են իրենք գնահատում 2009թ.-ի արդյունքները, որոնք են այն հիմնական պրոբլեմները, որ ձեռներեցները կուզենային կառավարության ուշադրության կենտրոնում լիներ, և ձեռներեցները ինչ խնդիրներ են դնում մեր առջև: Բնականաբար, այդ գնահատականները մեզ համար չափազանց կարևոր են, և այսպիսի փակ քննարկումները հնարավորություն են տալիս, որպեսզի անկեղծ մտքերի փոխանակում լինի, որպեսզի մարդիկ անկաշկանդ իրենց կարծիքը հայտնեն, մտավախություն չունենալով, որ եթե նրանք քննադատում են կառավարությանը, մեր գերատեսչություններին, ապա դա իրենց համար հետևանքներ պետք է ունենա: Մեզ համար կարևոր է, որ մենք բացահայտենք այն խնդիրները, որոնք մեր երկրում խոչընդոտում են բիզնեսի զարգացումը: Ես շնորհակալ եմ մեր գործընկերներից, որ նրանք  անկեղծորեն այդ պրոբլեմների մասին մեզ հետ խոսում են:

Որո՞նք էին այն խնդիրները, որ գործարարները բարձրացրեցին Ձեր առջև: Կարո՞ղ եք մասնավորեցնել` արդյո՞ք դրանք վերաբերում էին հարկային բեռին, որովհետև վերջին շրջանում դուք խոսեցիք խոշոր բիզնեսի վերաբերյալ:

Այո, խոսքը գնում է վարչարարությանը և վարչարարական բարեփոխումների տեմպերին: Մեր ձեռներեցներին չեն բավարարում բարեփոխումների այս տեմպերը,  և ես նրանց հետ համաձայն եմ, որովհետև, ըստ էության, երկու տարի առաջ  հաստատված մեր բարեփոխումների ծրագրի ու միջոցառումների 40 տոկոսն են  իրականացված, և մենք ստիպված եղանք բազմաթիվ միջոցառումներ մեր ծրագրերից հետաձգել` պայմանավորված օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով: Եվ երկրորդը` թե ինչպես են ի կատար ածվում այն միջոցառումները, ծրագրերը, օրենքները և նորմատիվ ակտերը, որ մենք ընդունել ենք: Այստեղ նույնպես մեր գործընկերները տեսնում են լուրջ խնդիրներ և բարձրձայնում  այդ խնդիրների մասին:

Ի՞նչ կասեք Վանաձորի քիմպրոմի մասին, այնտեղ մեկ տարի է պարարտանյութ չի արտադրվում:

Հիմա ես կուզենայի անդրադառնալ կոնկրետ այս գործարանի խնդիրներին, որտեղ ձեզ հետ միասին գտնվում ենք, որովհետև այցելության նպատակն էր  նաև հասկանալ, թե այս գործարանը ինչպես է ավարտել 2009թ.-ը, ինչ խնդիրներ են բացահայտվել և 2010թ.-ի կանխատեսումներն ինչպիսին են: Կարող ենք նշել հետևյալը, որ կառավարության կողմից  հանքահումքային արդյունաբերությանը կարճաժամկետ օգնության տրամադրումը 2009թ.-ին ամբողջությամբ իրեն արդարացրել է, որովհետև  մենք գնահատում էինք, որ այդ ճգնաժամը,  համաշխարհային գների անկմամբ պայմանավորված,  լինելու է ժամանակավոր և այդ ժամանակավոր օգնությունը, որ մենք ցուցաբերում էինք համալիրին, նպատակ ուներ չեզոքացնել համաշխարհային ճգնաժամի բացասական հետևանքները: Եվ այն ֆինանսական միջոցները, որ մենք տրամադրեցինք, հնարավորություն տվեց, որ ամբողջ համալիրը ՀՀ-ի սահուն գործի, և այդ կանխատեսումը արդարացվեց, որովհետև 2009թ.-ի ավարտին  համաշխարհային շուկայում գները բարձրացան և 2010թ.-ի համար մեր գնահատականները բավականին օպտիմիստական են: Եթե 2010թ.-ին պահպանվեն այն գները, որոնք  այսօր ձևավորվել են միջազգային շուկայում, ապա մենք կարձանագրենք, որ այս ոլորտում և կոնկրետ այս ձեռնարկությունը իր արժեքային արտահայտությամբ  ծավալային առնվազը 30 տոկոս աճ է ունենալու: Դա նշանակում է, որ աշխատատեղերը  պահպանվելու են: Տնօրինությունը զեկուցեց, որ արդեն իսկ փետրվար ամսվա ընթացքում աշխատավարձերը բարձրացվել են, որը հնարավորություն կտա  Ալավերդի քաղաքում լուծել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրներ: Այդ տեսակետից կարող եք գնահատել, որ 2010թ.-ին համար  բավականին լավատեսական սպասումներ ունի տնօրինությունը:

Պրն վարչապետ, չե՞ք կարծում, որ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում  հանքահումքային արդյունաբերության ծավալները անընդհատ մեծանում են, իսկ այստեղ կուտակված բնապահպանական խնդիրները` անտեսվում:

Այս հարցը այսօր նույնպես մեր քննարկման առարկան էր տնօրինության հետ:  Գաղտնիք չէ, որ մեր  քաղաքացիներին մտահոգում են բնապահպանական խնդիրները, որոնք մասնավորապես կապվում են Ալավերդու հետ: Այն բնապահպանական ծրագրերը, որոնք ներկայացվեցին, բավականին հուսադրող ծրագրեր են, որոնք  ունեն էկոլոգիական լուրջ բովանդակություն, և պղնձաձուլական գործարանի տնօրինությունն այդ ծրագրերը կներկայացնի հանրությանը, թե  2010թ.-ին կոնկրետ ինչ միջոցառումներ են իրականացվելու: Դրանք 2 ուղղությամբ իրականացվող միջոցառումներ են: Մեկը` ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում է, նոր տիպի արտադրության տեղադրում գործարանում, որը հնարավորություն կտա բացասական արտանետումների ծավալները կտրուկ նվազեցնել: Եթե հաջողվի այդ ծրագրերն իրականացնել, դա բնապահպանական հիմնախնդիրների վրա իր ազդեցությունը կունենա: Եվ երկրորդը` ինքնըստինքյան հենց այն բնապահպանական միջոցառումներն են, որոնք նրանք պարտավոր  են իրականացնել մեր օրենսդրության համապատասխան:

Ձեր աշխատանքի 2 տարին լրացավ, ինչպե՞ս կգնահատեք  Ձեր և կառավարության աշխատանքը:

Ես կարծում եմ` ճիշտ չէ, որ կառավարության աշխատանքը գնահատեմ ես, որովհետև կառավարության աշխատանքը գնահատում է ժողովուրդը:  Եվ կարծում եմ` մեր ժողովուրդը իր գնահատականը կտա:

Նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզում Ձեր աշխատանքը գնահատեց դրական: Ի՞նչ եք  մտածում  դուք:

Ես մտածում եմ, որ, այն գնահատականները, որ այսօր տվեցին մեր ձեռներեցները 2010թ.-ի առաջին եռամսյակի կատարողականի առումով, կար այսպիսի  նախադասություն, որ իրենց համար նույնիսկ անսպասելի մեծ էին առաջին եռամսյակի ցուցանիշները, շատ հուսադրող են: Եվ իմ կարծիքն այն է, որ եթե մեզ հաջողվի այն տեմպերը պահպանել, որոնք մենք արձանագրել ենք 2010թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում, ապա 2010թ.-ը ամբողջությամբ  հնարավորություն կտա գնահատել կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter