HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆերմերային Շարժում» ՀԿ-ն դատապարտում է գյուղնախարարության ներկայիս գործելաոճը

«Ֆերմերային Շարժում» ՀԿ-ի հանրապետական խորհուրդի հայտարարությունը Վերջին տարիներին Հայաստանում իրականացված և իրականացվող սխալ ագրարային քաղաքականության հետևանքով ֆեոդալիզմը ներխուժել է հայկական գյուղեր. որպես արդյունք` խորացել է գյուղական աղքատությունը, աճել է գյուղական արտագաղթը (դատարկվում են հատկապես սահմանամերձ գյուղերը), գյուղատնտեսությունը թևակոխել է ճգնաժամային փուլ, ավելացել է հողերը լքած հողատերերի թիվը: 560 հազար հա մշակելի հողերից մոտ 200 հազար հա-ն չի մշակվում, բազմաթիվ գյուղացիներ էլ խրված են օրեցօր աճող պարտքերի ու տոկոսների մեջ: Որքան էլ գյուղատնտեսության ներկայիս ՕԵԿ-ական նախարար Գերասիմ Ալավերդյանը հայտարարի, որ ինքը և իր գերատեսչության ցանկացած աշխատակից ցանկացած պահի կանգնած են գյուղացու կողքին, միևնույն է` գյուղացիների հիմնական մասը չի զգում գյուղնախարարության աջակցությունը և անգամ գոյությունը: Գյուղացին հիասթափված է և չի վստահում գյուղնախարարությանը: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցվեց վերջերս «Ֆերմերային Շարժում» գյուղացիական ՀԿ-ի նախաձեռնությամբ կազմակերպության ներկայացուցիչների և գյուղնախարարի, ինչպես նաև նախարարության մի քանի աշխատակիցների հանդիպումը, որի ժամանակ գյուղին, գյուղատնտեսությանը և գյուղացիներին վերաբերող և հուզող հարցերին նախարարը տվեց լղոզված պատասխաններ, իսկ որոշ հարցեր էլ մնացին անպատասխան: Գյուղացիները հիասթափված և դժգոհ հեռացան նախարարությունից: Գյուղացին այսօր իր հողի հետ հայտնվել է միայնակ և անօգնական վիճակում, իսկ գյուղատնտեսության նախարարությունը ունի վիճակը շտկելու բազմաթիվ հնարավորություններ, մասնավորապես` բյուջետային, վարկային և դրամաշնորհային միջոցներ: Նախարարության կողմից այդ միջոցների օգտագործման արդյունավետության գործակիցը ցածր է, ինչպես նաև` չկա բավարար հրապարակայնություն և թափանցիկություն նախարարության գործունեության և իրականացվող ծրագրերի վերաբերյալ: Վերջերս տարբեր ատյանների, այդ թվում նաև Հանրային խորհրդի կողմից շատ է շահարկվում «կոոպերացիա» բառը, սակայն այդ «քարոզիչներին» խորհուրդ կտայինք գյուղերում կոոպերացիա իրականացնելիս կոլեկտիվներում ներառել բացառապես գյուղի առավել աղքատ և իշխանությունների կողմից մոռացության մատնված խավին, իսկ կոոպերացիան ցանկալի է սկսել հեռու լեռնային և նախալեռնային աղքատ գյուղերից, և ոչ թե Արմավիրի մարզից: Ուզում ենք հիշեցնել նաև, որ 10 տարուց ավելի է, ինչ «Ֆերմերային Շարժում» ՀԿ-ն իշխանություններին առաջարկում է վիճակից դուրս գալու միակ և ամենաարդյունավետ ճանապարհը, այն է` գյուղերում սկսել «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնագավառում» ծրագրի ներդրման գործընթացը: Հիշեցնենք նաև, որ ծրագիրը մշակվել է «Ֆերմերային Շարժում» ՀԿ-ի կողմից և բազմիցս քննարկվել ու հավանության է արժանացել բազմաթիվ ֆերմերների, գիտնականների, մասնագետների, ինչպես նաև պետական, միջազգային և ոչկառավարական կառույցների ներկայացուցիչների կողմից: «Ֆերմերային Շարժում» ՀԿ-ն դատապարտում է երկրում իրականացվող սխալ ագրարային քաղաքականությունը, գյուղնախարարության ներկայիս գործելաոճը և իշխանություններից պահանջում է պետական քաղաքականության վեկտորը նպատակաուղղել նախ և առաջ գյուղական աղքատության շուտափույթ նվազեցմանը, առկա միջոցների արդյունավետ օգտագործմանը և գյուղի ու գյուղատնտեսության արդյունավետ զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter