Բացել «Ա1+»-ը
Եվրախորհրդի նախարարների կոմիտեն երեկ հրապարակել է Եվրադատարանի վճիռների կատարման ընթացքի վերաբերյալ իր հերթական զեկույցը, որտեղ անդրադարձել է Հայաստանի հետ կապված 3 վճիռներին, որոնց ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը քայլեր չի ձեռնարկել։

Դրանցից մեկը վերաբերում է հավաքների վերաբերյալ օրենքի խախտմանը, մյուսը՝ արդար դատաքննության իրավունքի ոտնահարմանը, և վերջինը՝ «Ա1+»-ին։
Անդրադառնալով «Ա1+»-ի հարցին՝ Նախարարների կոմիտեն արձանագրել է, որ իրավունքի խախտումը վերացված չէ, և պատրավորեցրել է ՀՀ իշխանություններին տեղեկացնել կապուղիների նոր մրցույթի անցկացման և բոլոր այն քայլերի մասին, որոնց միջոցով կվերականգնվեն հեռուստաընկերության խախտված իրավունքները, այն է՝ ընկերությանը եթեր կտրամադրվի։
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին կապուղիների նոր մրցույթ է հայտարարված։
Նույն պնդումը` հակառակ հիմնավորումներով
Եթե պատժվեին ապրիլի 12-ի դեպքերի պատասխանատուները, կլինե՞ր արդյոք մարտի 1-ը: Պատասխանելով այդ հարցին` Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Եթե 1996 թվականի ընտրությունների դեպքերը չլինեին, ոչ մի հետագա դեպք էլ չէր լինի, չէր լինի անգամ հոկտեմբերի 27-ը»:
Այդ մտքի հետ համաձայնեց ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանը, որը 1996 թվականի սեպտեմբերի 26-ին դարձավ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների` խորհրդարանի վրա հարձակման զոհը. «Այո, 1996 թվականի սեպտեմբերի 26-ի զանգվածային անկարգությունների կազմակերպիչները, հրահրողները և կոնկրետ իրագործողները պետք է բացահայտվեին և կանգնեին դատարանի առջև, իրենց ողջ կազմով: Եվ եթե նրանք չխուսաթեին այդ պատասխանատվությունից, ապա չէին լինի հոկտեմբերի 27-ը, ապրիլի 12-ը, մարտի 1-ը»:
Վերջին է
«Կողմերը համաձայնության են եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի համաձայնեցման շուրջ»,- սույն սենսացիոն ինֆորմացիոն արտահոսքը երեկ արել է «Hurriyet»-ը՝ նշելով նաև այլ մանրամասներ։
Վաշինգտոնում կայացած Գլոբալ միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի՝ նախօրեին կայացած հանդիպումից հետո «Hurriyet»-ը գրել էր, որ ճանապարհային քարտեզի մեջ կմտնի նաև ԼՂ խնդրի կարգավորման և ադրբեջանական տարածքներից օկուպացիոն զորքերի դուրսբերման հարցը և սահմանների բացումը։
Նույն պարբերականը երեկ տեղեկացրել է նաև, որ ապրիլի 13-ին Վաշինգտոնում կայացած Էրդողան-Օբամա հանդիպման ժամանակ վերջինս Էրդողանին խոստացել է բոլոր ջանքերը գործադրել ԼՂ խնդրի կարգավորման համար։
Վաշինգտոնում երեկ հանդիպել են նաև ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Էդվարդ Նալբանդյանը և քննարկել ԼՂ հարցը, հանդիպել են Էրդողանն ու Մեդվեդևը, բայց այս հանդիպման մասին մանրամասներ չեն հաղորդվում, հանդիպել են Ս. Սարգսյանն ու Հիլարի Քլինթոնը և քննարկել հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ խնդրի կարգավորումը։
Պագոններով է ծնվել
«Հայաստանում իրադրությանը մենք տիրապետում ենք։ Կարճատեսություն ու միամտություն կլինի, եթե դա ինչ-որ մեկի մտքով անցնի։ Ով կփորձի նման միտք փայփայել, օրորոցում կպատժվի»,- անդրադառնալով ղրղզական դեպքերին՝ հայտարարել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։
«ՉԻ»- Ղրղզստանի նախկին ոստիկանապետ Մոլդումուս Կոնգանտիևի ականջը կանչի, նա էլ էր ղրղզական հեղափոխությունից հետո ընդամենը մի քանի ժամ առաջ հայտարարում, թե իրենք լիովին վերահսկում են իրավիճակը, բայց խնդիրը սա չէ։ Ալիկ Սարգսյանը, ի վերջո, ուրիշ բան չէր էլ կարող ասել։ Բացի այդ, որևէ մեկն իսկապես չի ցանկանում, որ Հայաստանում ղրղզական տարբերակը կրկնվի։
Ինչ վերաբերում է «օրորոցում պատժվելուն», ապա ակնհայտ է, որ «օրորոցային» թեմայի նկատմամբ Ալիկ Սարգսյանն առանձնահատուկ վերաբերմունք ունի։ Նույն ասուլիսում, օրինակ, նա հայտարարել է, թե «ինքս ծնվել ու մեծացել եմ համակարգում» (նկատի ունի ոստիկանության համակարգը), իսկ մենք միամտաբար կարծում էին, թե նա ծնվել ու մեծացել է Հայաստանում և հետո է մտել համակարգ։ Պարզվում է՝ չէ։ Մարդը համակարգում է ծնվել։ Տեսնես ի՞նչ կոչում ուներ այդ օրը։
Էրդողանն ակնկալում է
«Մինչ օրս Միացյալ Նահանգների որևէ նախագահ ցեղասպանություն բառը չի արտասանել, և կարծում եմ, որ Բարաք Օբաման էլ չի արտասանի»,- СNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը։
«Ես դա եմ ակնկալում»,- ասել է Էրդողանը՝ լրագրողի հարցին, թե արդյոք Թուրիքիան հավաստիացրումներ է ստացե՞լ, որ Բարաք Օբաման ապրիլքսանչորսյան իր ուղերձում չի օգտագործելու ցեղասպանություն բառը։
«Ձեր կարծիքով, հնարավո՞ր է, որ ապագայում երբևէ Թուրքիան փոխի իր տեսակետը, և մյուս երկրների, օրինակ, Ֆրանսիայի նման ընդունի ցեղասպանությունը»,- հարցին Էրդողանը միանշանակ պատասխանել է՝ ոչ։
«Որևէ մեկը Թուրքիայից նման բան չպետք է ակնկալի»։
Վիրահայերը խորհրդանշական՝ 1915 ստորագրություն են հավաքել
Վիրահայերը դիմել են վրաց իշխանություններին՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Այս կապակցությամբ Վրաստանի հայկական համայնքը երեկ հայաշատ Հավլաբար թաղամասում մեծ ակցիա էր կազմակերպել, որի ընթացքում հայտարարվեց, որ համայնքը դիմում է վրաց իշխանություններին, քաղաքական բոլոր ուժերին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. դիումը ստորագրել են 1915 վիրահայեր։
Մարիամ Պետրոսյանի վեպը՝ մրցանակակիր
Դեպի արտերկիր հեռարձակվող «Ռուսաստանի ձայն» պետական լրատուն ծանուցում է, որ Մոսկվայում հայտնի են դարձել «Ռուսկայա պրեմիա» գրական 5-րդ մրցույթում հաղթողների անունները։
Արձակ ժանրում լավագույն վեպ է ճանաչվել Հայաստանում ապրող Մարիամ Պետրոսյանի «Տունը, ուր ...» գիրքը։ Այն պատմում է հաշմանդամ երեխաների մի գիշերօթիկի մասին։ Մրցանակի արժանացած վեպը գրողի առաջին ստեղծագործությունն է։
Նորմա՞լ խաղ
«Այս տարին ազգային տեսակետից ես գնահատում եմ շատ կարևոր մի տարի, երբ ամբողջ հայությունն անթնացած` ավելի թափով առաջ էր բրթում ցեղասպանության հարցը, և ավելի ու ավելի է հստականում, որ այն կասկածները, թե ԼՂՀ հարցի վերաբերյալ որպես նախապայման գաղտնի պայմանավորվածություններ կան, կամաց-կամաց մարդիկ հասկանում են, որ չէ, շատ նորմալ խաղ է գնում»,- երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի և ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է. «Հայ-թուրքական արձանագրությունների տեքստում «առանց նախապայմանների» արտահայտության կողքին կա շատ կարևոր արտահայտություն` «տարածաշրջանում ստեղծել խաղաղություն»: Այս տարածաշրջանի խաղաղության ապահովման համատեքստում կարո՞ղ եք Ադրբեջանին անկյունում թողնել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել