«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը` հոկտեմբերի 1-ից
Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ-2011» իններորդ միջազգային թատերական փառատոնը՝ ՀՀ նախագաhի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
«ՀԱՅ ՖԵՍՏ-2011»-ին հանդես կգա շուրջ 18 երկրի 30 թատերախումբ, այդ թվում` Մեծ Բրիտանիայից, Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հնդկաստանից և այլն:
Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակներում առաջին անգամ Հայաստանում կցուցադրվի Tango de soledad («Մենության տանգո»-ն) 3D ներկայացումը՝ Բիլլի Քոուի բեմադրությամբ (Մեծ Բրիտանիա), որն այս տարի ընգրկված է եղել Էդինբուրգի փառատոնին: Եվս մեկ ներկայացում՝ մասնակցած վերոնշյալ փառատոնին կներկայացնի «Պռոտոտայպ» թատրոնը (Մեծ Բրիտանիա):
Փառատոնին կմասնակցեն hեղինակավոր թատրոններ, «Կրեդո» թատրոնը (Բուլղարիա), ինչպես նաև Կ. Մարջանիշվիլու անվան թատրոնը (Վրաստան), Մերկուրի թատրոնը (Մեծ Բրիտանիա): «ՀԱՅ ՖԵՍՏ-2011» -ին կմասնակցեն նաև հայկական թատրոնները:
Փառատոնի ներկայացումները կընդգրկվեն հիմնական և ֆրինջ, «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական բեմադրությունների, տիկնիկային և մանկական ներկայացումների ծրագրերում: Թատերասերները հնարավուրություն կունենան դիտել իրերի թատրոն, դրամատիկական, երաժշտական և պարային ժանրերի ներկայացումներ:
Փառատոնը վարպետության դասընթացներով կհյուրընկալեն միջազգային փորձագետներ պրոֆեսոր Նոյել Վիթսը (Միացյալ Թագավորություն) և Baltic Circle Միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութին (Ֆինլադիա): Հյուրերի թվում կլինի նաև մեծ պատվիրակություն Պերմից, որի կազմում ընդգրկված կլինեն Պերմի փոխվարչապետ Բորիս Միլգրամը, մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովը և «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանը: Նրանք կհանդիպեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ և կքննարկեն համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Փառատոնի նորություններին անրադառնալու է «ՀԱՅ ՖԵՍՏ-2011 Օրագիր»-ը: Այն օրական երեք անգամ եթեր կհեռարձակվի «ATV» հեռուստաալիքով:
Նշենք, որ 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում (բացառությամբ Մոսկվայի) գլխավոր թատերական փառատոնն է: «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի գլխավոր նպատակն է Հայաստանում ներկայացնել համաշխարհային մշակույթը և նպաստել հայ կատարողական արվեստի զարգացմանը:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ը համաշխարհային թատերական այնպիսի ցանցերի անդամ է, ինչպիսիք են`ASSITEJ (Մանկական և Երիտասարդական Թատրոնի Համաշխարհային Ասոցիացիա), IETM (Համաեվրոպական Թատերական Ցանց), IFEA (Միջազգային Փառատոների և Իրադարձությունների Ասոցիացիա):
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել