HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վարկ էին վերցրել ոտքի կանգնելու համար, բայց զրկվեցին սեփական տնից

Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղի բնակիչ Մկրտիչ Մկրտչյանի ընտանիքը գյուղի այն 40 ընտանիքներից մեկն է, որոնք բանկերի հետ խնդիրներ ունեն, եւ գործը հասել է դատարան: Մ. Մկրտչյանը 5 տարի մարման ժամկետով 14 հազ. դոլար վարկ է վերցրել «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ից: Բանկի` «գյուղատնտեսական նպատակներով» տրվող վարկից է օգտվել, սակայն ոչ մի հաջողության չի հասել: 2009-ը անբարենպաստ տարի է եղել նորարմավիրցիների համար. կարկուտը վնասել էր բերքի մոտ 90 տոկոսը, այդ իսկ պատճառով վարկառու գյուղացիները, այլ եկամուտներ չունենալով, չեն կարողացել մարել վարկերը եւ հիմա հայտնվել են դատարանում: Գյուղացիները պատմում են, որ գրեթե ամեն օր հարկադիր կատարողներ են գալիս գյուղ եւ պարտավորեցնում գյուղացիներին «փակել» վարկերը: Այս պահին գյուղում շատերը վաճառում են իրենց տներն ու հողերը, ավտոմեքենաները եւ այն ամենը, ինչ արժեք է ներկայացնում, որպեսզի գործը դատարան չհասնի: Բայց քանի որ գյուղի բնակչության մոտ 90 տոկոսը նույն վիճակում է, ոչ հող գնող կա, ոչ էլ` տուն: Գյուղացիների անելանելի դրության մասին վկայեց նաեւ Նոր Արմավիրի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար  Եղիշե Մարտոյանը: «Բանկից խնդրեցինք, որ մեզ ժամանակ տան, վարկը փակենք, բայց չտվեցին: Փոխանակ մեզ ձեռք բռնեին, դատի տվեցին ու միանգամից պահանջեցին ամբողջ 5 տարվա գումարները»,- պատմում է Մկրտիչ Մկրտչյանը: Նա վարկը վերցնելու ժամանակ գրավ է դրել ընկերոջ գյուղտեխնիկան: Դատարանն արդեն վճիռ է կայացրել, որ նա պարտավոր է փակել վարկի ամբողջ գումարը եւ մոտ 2000 դոլար էլ ավելի` որպես տոկոսադրույք եւ տույժ-տուգանք: Հարկադիր կատարողները մի քանի անգամ այցելել են Մկրտչին` բռնագանձում կատարելու: Որպեսզի բռնագանձումը չտարածվի գրավ դրված` ընկերոջը պատկանող գյուղտեխնիկայի վրա, Մկրտիչը վաճառել է սեփական տունը. չի ցանկացել ընկերոջ լավությանը վատությամբ վարձահատույց լինել: Մ. Մկրտչյանը տունը վաճառել է դեկտեմբերին, իր ասելով` շատ էժան գնով, գրեթե այնքան, ինչքան վարկի գումարն է` 15000 դոլար, որպեսզի բանկային պարտավորությունը կատարի: «Երկու տղաներս, նրանց կանայք, թոռներս արդեն գնացել են Ռուսաստան, այստեղ մնացել ենք միայն ես ու կինս, մենք էլ կամ կգնանք, կամ էլ մի բան կանենք, էլի: Տներն արդեն ծախել ենք, մենք էլ մի երկիր կեթանք, երեւի Ռուսաստան»,- ասում էր Մ. Մկրտչյանը: Նա իր տան գնորդի հետ պայմանավորվածություն ունի, որ մինչեւ աշուն իրենց այդ տանն ապրելու եւ տունը ետ բերելու հնարավորություն տա: Եթե մինչեւ աշուն կարողանան վճարել տան վաճառքի գումարը, ապա գնորդը տունը ետ կվերադարձնի: Մեր այն հարցին, թե հույս ունե±ն, որ կկարողանան տունը ետ վերադարձնել, Մ. Մկրտչյանը պատասխանեց. «Այս պայմաններում ի±նչ հույս: Այս երկրում ամենահեշտ բանը էն աշխարհ գնալն է, ուրիշ ի±նչ հույս պիտի ունենանք»: Նա ցույց տվեց տան դիմացի այգին, որ արդեն իրենը չէ: Թեեւ Մկրտիչը գիտակցում է, որ իր ձեռքով խնամած ծառերն այլեւս իրենը չեն, սակայն չի կարողանում հրաժարվել հողից եւ ամեն օր աշխատում է այգում: Երբ այցելեցինք նրանց տուն, նա դարձյալ այգում էր: Մկրտիչը պատմեց, որ 12 տարի եղել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի միավորման Նոր Արմավիր գյուղի նախագահը եւ ամեն տարի վարկ է վերցրել ու ճշտապահորեն մարել: Մկրտիչն իրեն վիրավորված էր զգում հատկապես այն բանի համար, որ այսքանից հետո ոչ պետութունը, առավել եւս «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ը իր ընտանիքին չսատարեցին ու չընդառաջեցին ոչ մի հարցում: «Ավելի լավ է մասնավորից տոկոսով փող վերցնես, քան «ԱԿԲԱ»-ից, քանի որ մասնավորի մեջ էլի մարդկային հատկանիշներ կան: Եթե մի քիչ տոկոսն ուշացնես, կասի` ոչինչ, հետո կտաս: Որպես Հայաստանի քաղաքացի` ես պետության աջակցությունը ոչ մի հարցով չեմ զգացել: Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, բայց այդ թոշակից էլ եմ հրաժարվել: 11 հազար դրամ թոշակ էին տալիս, բայց թղթաբանությունն ու չլչլելն այնքան շատ էր, որ հրաժարվեցի դրանից: Պետության փողը մեր տուն չի մտել, նույնիսկ նպաստ էլ չենք ստացել՚,-պատմում է Մկրտիչ Մկրտչյանը: Նա պետությանը մեղադրում է, որ տեր չի կանգնում օգնության կարիք ունեցողներին եւ թույլ է տալիս, որ կարիքի մեջ հայտնված ընտանիքները մասնատվեն ու լքեն երկիրը: «Ուրիշ պետությունները բա ինչպե՞ս օգնեցին իրենց քաղաքացիներին, օրինակ` Ռուսաստանը: Պետք է ժամանակ տան մարդկանց: Չենք ասում` մեր վարկերը չտանք ու զրոյացնեն, էլի տանք, բայց ժամանակ տան, որ դրանք կարողանանք փակել: Գոնե պետությունը պետք է քաղաքացու կողքին լինի, եթե նա բանկի հետ խնդիր ունի, օգնի, որ ընտանիքները երկրից երկիր չգնան, իրարից չառանձնանան: Հիմա էլ սիստեմն այնպես է, որ եթե մի բանկում խնդիր ունես, էլ ոչ մեկը վարկ չի տալիս»,- ավելացրեց Մ. Մկրտչյանը: Մկրտիչ Մկրտչյանը նշեց նաեւ, որ ցանկացած մարդ պետք է հայրենիքով ուրախանա, հպարտանա, կյանքը տա հանուն հայրենիքի. «Բայց թող մարդուն այն վիճակի մեջ չգցեն, որ գնան երկրից: Հայ ենք` դիմանում ենք, բայց դրան էլ չափ կա, սահման կա, բա վերջն ի±նչ պիտի լինի: Պետությունից բան չենք ուզում, մենակ թողնեն հաց ստեղծենք, ուտենք ապրենք»: Նա պատմեց, որ գյուղերում վարկ են տալիս նաեւ երաշխավորություններով, ինչն ավելի վատ հետեւանքներ է ունենում տարիներով իրար հետ ապրող համագյուղացիների համար: «Ժողովրդին մի 200-300 հազար դրամի համար իրար թշնամի են դարձնում, որովհետեւ եթե վարկ վերցնողը չկարողանա փակել, երաշխավորողն է փակելու: Վարկ վերցնողի հետ նրան էլ են դատի տալիս, ունեցած-չունեցածը ձեռքից վերցնում: Լավ, սաղ ծախենք տանք իրանց, բա հետո՞»,-հուսահատ եզրափակեց Մ. Մկրտչյանը: Հ. Գ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ սրտի կաթվածից մահացել է Մկրտիչ Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter