Անչափահասի գործը հատուկ հսկողության տակ է
«Հետքը»-ի 22.02.2010թ-ի «Ոստիկանությունն արձագանքել է 9 օր հետո» հրապարակման մեջ ահազանգված` Լոռու մարզի Նեղոց գյուղի անչափահաս, 11-ամյա Մ.Գ.-ի բռնաբարության նախաքննության ընթացքի մասին: Այսօր Լոռու մարզի քննչական վարչության Ալավերդու քննչական բաժնի պետ Ռուդիկ Ստեփանյանը տեղեկացրեց, որ նախաքննությունը գտնվում է իր վարույթում:
«Իմ կողմից նշանակվել է կրկնակի փորձաքննություն: Նշանակվել է 11-ամյա աղջնակի նաեւ դատահոգեբանական փորձաքննություն: Փորձաքննություններն անցկացվելու են Երեւանում: Ըստ դատաբժշկական առաջին փորձաքննության Մ.Գ-ի սեռական օրգաններում ֆիզիկական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Իմ ստացած տպավորություններով այս գործի պրոբլեմների մեջ առանց խորանալու, կանխավ կարծիք է ձեւավորվել»,-ասաց Ռուդիկ Ստեփանյանը:
Նա նաեւ հայտնեց, որ քրեական գործի տվյալները խոսում են տուժողի ոչ ադեկվատ վարքագծի մասին:
«Առնվազը 5-6 տարբեր հասուն մարդիկ, տարբեր ժամանակահատվածներում, նույն թեմայի շուրջ այս երեխայի հետ զրույց են ունեցել: Նրա հետ զրուցել են ինչպես նրա հարազատները, այնպես էլ դասղեկը, Նեղոցի դպրոցի ուսմասվարը, առանձին զրուցել է նաեւ գյուղապետը: Եվ նրանցից լուրաքանչյուրին երեխան պատմել է իր նկատմամբ բռնություններ կիրառելու իրար հակասող տեղեկություններ: Ընդ որում, խառնելով անչափահաս տղաների թիվը, անունը: Մի դեպքում ասել է, որ իր նկատմամբ Ժորկան է գործողություններ կատարել, մի դեպքում Արմանը: Որպես այս բնագավառում երկար տարիներ աշխատած մարդ, իմ կարծիքով երեխայի մոտ դիտվում է արտահայտված ստախոսության դրսեւորումներ: Այդ պատճառով էլ իմ կողմից նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն: Փորձաքննությանը իմ կողմից առաջադրված բազում հարցադրումների պատասխանները ստանալուց հետո, հնարավոր է պարզել երեխայի ցուցմունքը իրողություն է, թե` ոչ»,- ասաց քրեական բաժնի պետը:
Ռուդիկ Ստեփանյանը պատմեց, որ աղջիկը նախնական ցուցմունքներում պատմել է, որ իր հետ սեռական գործողություններ են կատարվել ոչ նորմալ ճանապարհով, որը ըստ քննիչի` հավատ չի ներշնչում:
«Նախնական ցուցմունքներում նշում է, որ իրեն բռնաբարելիս պառկեցրել են նկուղում, այն դեպքում, երբ նույն նկուղում ոտք դնելու տեղ չկա, ուր մնաց պառկելու, կամ մի քանի անչափահաս հսկա տղաների տեղավորվելու: Ես նաեւ միջնորդություն եմ ներկայացրել Նեղոց համայնքի ղեկավարին խնամակալությունից զրկել նրա հորը: Ով այցելի երեխայի մինչեւ օրս ապրած տուն, կտեսնի, թե ինչ տխուր պայմաններում է նա մեծացել:Երեխան բողոքում է, որ իր 80-ամյա հայրը, հարբած վիճակում իր մոտ միզում է, անկաշկանդ ցուցադրելով իր սեռական օրգանները: Կարծում եմ այս երեխան հոգեկան լուրջ թեստեր պետք է անցնի, որի համաձայն էլ կտրվի համապատասխան եզրակացություն»,- ասաց քննիչը:
Քննչական բաժնի պետը նաեւ հայտնեց, որ քրեական գործի նախաքննությունը գտնվում է քննչական գլխավոր վարչության եւ գլխավոր դատախազության հսկողության տակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել