HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Առաջարկում են ընդլայնել բնության հուշարձանների ցանկը

Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում «ՀՀ Շիրակի մարզի բնության հուշարձանները» թեմայով հանրային քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ «Օրհուս» կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը հրապարակեց Շիրակի մարզից ընտրված եւ ՀՀ Կառավարության կողմից հաստատված բնության հուշարձանների ցանկը: Բնապահպանական խնդիրներին առնչվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները տարակուսած էին, քանզի իրենցից որեւէ մեկը տեղյակ չէր, թե ինչ սկզբունքով են ընտրվել ցանկում ընդգրկվածները կամ ինչու են ցուցակից դուրս մնացել իրենց հայտնի եւ «բնության հուշարձան» տիտղոսին արժանի այս կամ այն տեղավայրը: Ներկաներից ոչ ոք օրինակ չկարողացավ հիշել, թե ցանկում ընդգրկված 3200 մ բարձրության վրա գտնվող «Անանուն» լիճը մարզի տարածքում է, թե ոչ: «Մեզ որ որեւէ մեկը չի հարցրել,-ձեռքերը տարածեց քննարկմանը մասնակցող «Գեոֆոն» գիտական-հասարակական բնապահպանական կազմակերպության ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը,-ինչ որ ՊՈԱԿ է եկել Երեւանից ուսումնասիրություններ արել գնացել են, հիմի էլ ծանոթանում ենք ցանկին, բայց ասեմ, որ եթե էդ կազմակերպությունը որեւէ հկ-ի հետ աշխատեր, ավելի շատ օգուտ կտար մեր մարզին»: Հրապարակված ցանկում Երկրաբանական, ջրաերկրաբանական, Ջրագրական եւ բնապատմական հուշարձաններ անվան տակ Շիրակի մարզում առանձնացվել էր 16 անուն բնական հուշարձաններ: Գեւորգ Պետրոսյանը հավաքվածներին առաջարկեց կազմել առանձին ցուցակ մարզի տարածքում առկա բնության օբյեկտների, որոնք արժանի են բնության հուշարձանի կարգավիճակին եւ որոնք ընդգրկված չեն հաստատաված ցուցակում: «Սա արվում է հասարակական կարգով` մարզի բնության հուշարձանների ցանկը համալրելու նպատակով,-նկատեց Գեւորգ Պետրոսյանը,-որպեսզի հետագայում խուսափենք անճշտություններից, որպեսզի ցանկում չհայտնվեն օբյեկտներ, որոնք չեն կարող հավակնել հուշարձան կոչվելու»: Քննարկման մասնակիցներից Ալեքսան Տեր- Մինասյանն առաջարկեց նոր կազմվող ցուցակում ընդգրկել Գետքի վառվող աղբյուրները, Գուսանագյուղի աղբյուրը, Սառնաղբյուրի հայտնի քարանձավային աղբյուրը, Մարմաշենի վանքի տաարծքում գտնվող հրաբխային ծագում ունեցող լիճը, Հացիկ գյուղից դեպի Կարմրաքար տանող ճանապարհից աջ գտնվող Ծակ քարը, Թռչկան ջրվեժը եւ այլն: Որոշվեց նաեւ առաջարկ ներկայացնել հուշարձան համարվող վայրերում տեղադրել հուշատախտակներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter