Ավելի լավ է, ևս 100 տարի սպասեմ ճշմարիտ ճանաչման, քան գործ ունենամ կեղծ, էժանացված ճանաչման հետ
Ծիծեռնակ Արմենյան
Մի պահ պատկերացրեք, թե յուրաքանչյուր երկիր, աշխարհիս յուրաքանչյուր իրավասու կառավարություն 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացրած գործողությունները ճանաչում է իբրև Ցեղասպանություն: Այնուհետև պատկերացրեք, որ մեկ շաբաթվա ընթացքում այդ երկրներից յուրաքանչյուրի բարձրաստիճան պաշտոնյաները ներողություն են խնդրում Թուրքիայի ներկայիս կառավարությունից (ինչպես, օրինակ, վերջերս վարվեց Շվեդիան):
Ներողությամբ հաջորդված համաշխարհային ճանաչման այս վարկածային դեպքում մի քանի հարց ունեմ: Այս դեպքում մենք ավելի մե՞ծ առաջընթաց կունենանք, քան երբ նոր էինք սկսել:
Նման համաշխարհային ճանաչմամբ մենք մեզ իբրև հայեր բավարարված կզգա՞նք: Եվ թերևս ավելի կարևոր է, թե դա՞ է արդյոք մեր որոնած արժանապատվությունը, մեր պապուտատերի ու մեր ընտանիքների համար մեր պահանջած արժանապատվությունը:
Քանի որ ցեղասպանության ակտը, մի պահ մի կողմ թողնելով ճանաչման հարցը, մարդու իրավունքների, կյանքի իրավունքի, իբրև անհատ, ընտանիք, ազգ առանց ոտնահարման, առանց վերջնական ոտնահարման գոյության իրավունքի հարց է:
Ինչը մեզ հանգեցնում է տերմինաբանության հարցին՝ այս խնդրի մի կողմ, որի մասին անհամար հատորներ են գրվել. մի կողմ, որի կարևորությունն ի վերջո հարցական է:
Քանի որ, որոշ առումով, անկախ նրանից, թե այն կոչում ենք զանգվածային ոչնչացում ու կործանում, մեծ եղեռն, բնաջնջում, ցեղասպանություն, թե սպանացեղություն, իրականում տարբերություն չկա, այնպես չէ՞:
Եվ այնուամենայնիվ, այս դեպքում փոխանակ բառն ամենաանկարևոր բանը, իսկ կոտորածներն՝ ամենակարևորը լինելու, հարցը վերածվել է տառերի ու հնչյունների ճշգրիտ միասնության համար պայքարի:
Այս շրջապտույտը հանգեցնում է նրան, ինչն այժմ շատերի համար վերածված է խաղի՝ լիովին նոր մի մակարդակի, և բուն բառի ժխտումը՝ տառերի ու հնչյունների այդ զուգորդումը, գործածվում է՝ բուն կոտորածների ժխտման նպատակով:
Այս ամենը միայն սաստկացնում է կոտորածների ցավը և էժանացնում ու նսեմացնում է ճանաչման ուղղությամբ պայքարը: Սակայն շեղվում եմ նյութից:
Մարդկանց մի խմբի զանգվածային տեղահանումների ու բնաջնջման փաստի ժխտումը ժխտումն է այն բանի, որ այդ մարդիկ ունեցել և ապա զրկվել են մարդու հիմնարար իրավունքներից անմարդկային ու զարհուրելի ձևով:
Սակայն ես ԱՄՆ-ի կամ Թուրքիայի կամ Շվեդիայի ու Զաիրի, Ռուսաստանի կամ Կամբոջիայի ճանաչման կարիքը չունեմ՝ իմանալու համար, թե ինչ է կատարվել: Եվ ոչ էլ ինձ ծանոթ որևէ այլ հայ ունի դրա կարիքը:
Մենք ճանաչման ենք ձգտում բազմաթիվ պատճառներով: Սկսենք նրանից, որ պարտավոր ենք ձգտելու, քանի որ շատ-շատերն են անտեսել կամ ժխտել այն: Եթե այն ընդունված լիներ և աշխարհի պատմության մաս կազմեր, խնդիրը չէր ծագի:
Սա մեզ բերում է հաջորդ պատճառին: Այդ գործողությունների բնույթն իսկ մարդկության բոլոր սկզբունքներին դեմ է՝ լինելով հրեշավոր ու զարհուրելի և կատարված լինելով զանգվածային չափերով: Ճանաչման բացակայությունն ու ցեղասպանության փաստի ժխտումը վերաճում է այն բանի հաստատմանը, թե զոհերը ապրելու իրավունք չունեին (քանի որ նրանց կյանքից զրկելն ընդունելի է):
Եվ, մարդկության այս հիմնական իրավունքից զրկված լինելով, մի իրավունք, որ զարգացած երկրներից շատերն այսօր տարածում են շատ ոչ-մարդկանց՝ կենդանիների (օր.՝ շների, կետերի, բծավոր բվերի) վրա, զոհերը հավասարեցվում են անդրմարդկային կյանքի ձևերին: Հայոց ցեղասպանության ճանաչման որոնումը գողացված արժանապատվության փնտրտուք է:
Մտքի այս ընթացքը կարող է թվալ ավելորդ մտավարժանք, հաշվարկված փաստարկում: Սակայն դա բացատրում է բնազդային այն ներքին և հաճախ արտաքին ճիչը, որ բխում է շատ հայերի հոգուց, երբ լսում են, որ որևէ անհատ կամ երկիր, հատկապես այնպիսին, որը տիրապետում է պատմության փաստերին ու ճշմարտություններին, ժխտում է կամ զլանում ճանաչելու հայոց ցեղասպանությունը:
Ընդամենը հարկավոր է դիտել, թե ինչպիսի ջերմեռանդությամբ են շատ-շատերը հետևում պանդաների, փղերի ու բծավոր բվերի համար պայքարին, և ապա բոլորովին զարմանալի չի լինի, որ մարդիկ ավելի եռանդով են պայքարում իրենց սեփական ընտանիքի ու ժողովրդի արժանապատվության ճանաչման համար:
Երկրներն օրենքներ են ընդունում և միջազգային պայմանագրեր ստորագրում կետերին պահպանելու համար, սակայն անընդունակ են պատասխանատու և կիրթ վարվելու մարդկային այլ արարածների նկատմամբ:
Ժամանակակից այն աշխարհը, որ հավակնում է լինել զարգացած ու քաղաքակիրթ՝ միացած մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ բազմաթիվ միջազգային պայմանագրերի ու համաձայնագրերի, որը սակայն չի կարողանում կամ չի ցանկանում ճանաչել նման վայրագությունները, իրականում երեսպաշտ է:
Եվ այդ երեսպաշտությունը զայրացուցիչ է: Ավելացրեք այն նվաստացումը, որ բխում է նրանից, որ նահատակված մեր պապերը դիտվում են իբրև մարդուց ավելի ցածրակարգ երևույթներ: Եվ մենք ձգտում ենք ճանաչման՝ իբրև զոհերին մերժված ու մերժվող արժանապատվությունը վերադարձնելու միջոցի:
Սա նույնպես կարող է առաջին հայացքից որոշ չափով տարօրինակ թվալ: Սակայն հիշեցեք, թե ինչ կռիվներ են սկսվել մարդկանց հայրերի ու քույրերի, արքաների ու աստվածների հասցեին նետված վիրավորական բառերի պատճառով:
Կարելի է մտածել, որ 2006 թ. ֆուտբոլի գավաթի համաշխարհային առաջնությունը կարող էր ֆրանսիացիներին տրվել, եթե իտալացի խաղացող Մատերացին, ըստ լուրերի, Զիդանի մորը վիրավորած չլիներ. վիրավորանք, որ, ինչպես պատմում են, պատճառ դարձավ, որ Մատերացին խաղի վերջին րոպեներին Զիդանից իր կրծքին գլխի ուժգին հարված ստանա, որով և վերջնականորեն փոխվեց խաղի արդյունքն ու ֆուտբոլի պատմությունը:
Հիմա վերադառնանք ներկայիս:
Շվեդիան վերջերս ճանաչեց հայոց ցեղասպանությունը: Մի քանի օրվա ընթացքում Թուրքիայից ներողություն հայցվեց՝ այն պատճառաբանությամբ, թե այդ քայլը միտումնավոր չի արվել:
Որոշ հոդվածներում նշվում է, որ ներողությունը խնդրվել է այն մտահոգությամբ, թե ճանաչումը կարող է խոչընդոտել Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների առաջընթացը: Անկեղծորեն ասած՝ ստրատեգիական տեսանկյունից սա հասկանալի է: Սակայն այդ դեպքում ինչու՞ էր հարցն առհասարակ բարձրացված այդ պահին:
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջերս հայոց ցեղասպանությունը ճանաչող մի բանաձև անցկացրեց, որն այժմ կարող է քվեարկության դրվել Ներկայացուցիչների պալատում: Թուրքիայի կառավարությունը բնավ գոհ չէր:
Բանաձևը փաստորեն անցավ մեկ ձայնի տարբերությամբ, որն առ այսօր ամենափոքր լուսանցքն է (քանի որ անցյալում ևս Ցեղասպանության ակտն այս փուլում եղել է բազմիցս):
Ինչու՞ հարցը բարձրացվեց այս պահին: Միջազգային բազմաթիվ կարծիքներ ամենազանազան կողմերից գտնում են, որ դա կատարվել է՝ հայ-թուրքական արձանագրությունների հարցում առաջընթացի հասնելու համար Թուրքիայի վրա ճնշում գործադրելու նպատակով. մի բան, որ կարող է ճիշտ լինել նաև Շվեդիայի դեպքում: Իսկ թե ակտը ե՞րբ կմտնի Ներկայացուցիչների պալատ քվեարկության՝ չեմ կարծում, թե որևէ մեկը տեղյակ է. առնվազն՝ այս հարցում հանրային տեղեկատվություն չկա:
Փաստորեն, գործ ունենք մարդկության, մարդու իրավունքների ու արժանապատվության հանդեպ վայրագության խնդրի հետ, որը գործածվում է՝ Թուրքիային այսկամայն բանն անել ստիպելու նպատակով:
Իսկ երբ վայրագությունն իրոք ճանաչվում է, դրան հետևում է ներողության հայցում: Ճանաչման իրական իմաստը, դրա կարևորությունն ու կշիռը կորչում են նրանց ձեռքերում, ովքեր ցանկանում են այն գործածել խաղի մեջ, ճիշտ ինչպես պոկերի մեկ միլիոն դոլարանոց չիփի իրական գինն է կորչում այն պոկեր խաղացողի ձեռքում, ով կարծում է, թե ինքը լավագույն խաղաթղթերն ունի կամ լավագույն բլեֆ անողն է:
Սակայն, ի տարբերություն խաղացողի, որը, եթե շահի, տուն կգնա իր շահած չիփի արժեքով, այս աշխարհում հայերը տուն չեն գնա շահումով. արժանապատվությունը սոսկ պարտքով վերձված գործիք է և, պոկերի խաղասեղանի չիփերի կույտի մեջ պարբերաբար շպրտվելով ու հետ վերցվելով, ընդամենն ավելի ու ավելի է արժեզրկվում:
Կարծես թե ընդունելի է թվում կարեկցել «խեղճ, սոված հայերին», ինչպես մի անգամ աշխատակիցս անվանեց մեզ՝ իմանալով, որ հայ եմ: Հիշում եմ, որ լավ մտադրությամբ, սակայն ձայնի մեջ խոր խղճահարությամբ ասաց. «Տատիկս պատմում էր խեղճ, սոված հայերի մասին»:
Ուղղակի թե փոխաբերական՝ սա է փոքր-ինչ տեղեկություն ունեցող մարդկանց մտքում մնացած հայի մտապատկերը: Այնպես որ, զարմանալի չպետք է լինի, որ մարդկության հանդեպ գործված չճանաչված վայրագությունների սակարկումը, գնդակ գլորելու պես տարուբերումը ընդունելի է, թեև իրականում դա էˊլ ավելի է դժվարացնում մեր նախնիների արժանապատվությունը հետ վերադարձնելու համար պայքարը:
Իրական ճանաչու՞մ է արդյոք, երբ քեզ աչքով ու գլխով են անում՝ ինչ-որ մի լավության ի պատասխան կամ ինչ-որ առավելություն ստանալու նպատակով: Մարդկային պատմության մեջ կատարված վայրագության իրական ճանաչու՞մ է արդյոք, երբ ճանաչման ակտն այդքան կցկտուր է ու անհամապատասխան այն բարբարոսությանը, որի համար ճանաչում է խնդրվում:
Նման ճանաչմամբ արժանապատվություն չի նվաճվի: Այնպես որ, ինձ ազատեք սակարկումից ու աղճատումից: Ընտանիքս գրեթե 100 տարի սպասել է, որ ճանաչվի այն, ինչ կատարվել է:
Ես, ավելի լավ է, ևս 100 տարի սպասեմ ճշմարիտ ճանաչման, քան գործ ունենամ կեղծ, էժանացված ճանաչման հետ, որն ավելի է խորացնում Ցեղասպանության զոհերի նվաստացումը և ապրանքափոխանակման ենթարկվում այսօր Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման հանդեպ լռության հետ:
Հ.Գ. Ես այս նյութն սկսել էի գրել՝ մինչև Զաման/Հետք-ում Մաչուփյանի նյութն ընթերցելը: Կարծում եմ, որ այս երկու նյութերը համընկնում են, և հորդորում եմ նրանց, ովքեր դեռևս չեն կարդացել, ընթերցել այն: Այստեղ հարկ է ընդգծել նրա հոդվածի բազմաթիվ կարևոր պահերից մեկը: Իբրև ճանաչման, իրական ճանաչման ձգտող ժողովուրդ, մեր ջանքերը պետք է ընդգրկեն, եթե ոչ հենց ուղղված լինեն, Թուրքիայի ժողովրդին: Քանի որ, իսկապես, ի՞նչ կլինի, եթե Թուրքիայի կառավարությունն ընդունի ցեղասպանությունը, սակայն յուրաքանչյուր թուրք ժխտի այն: Դա կլինի ճանաչու՞մ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել