HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Տիգրան Թադեւոսյանի մահվան մեջ մեղադրվող երեք տղաների մայրերը բողոքում են

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող Տիգրան Թադեւոսյանի մահվան մեջ մեղադրվող Սամվել Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունն ավարտվեց: Դատավորն ապացուցված համարեց Սամվել Սարգսյանի մեղքը, ում մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով` Տիգրան Թադեւոսյանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, որն էլ հանգեցրել էր մահվան: Դատարանի վճռով Սամվել Սարգսյանը դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Տիգրան Թադեւոսյանի մահվան մեջ մեղադրվող 17-ամյա Էդգար Նազարյանի, 18-ամյա Սերգեյ Մխիթարյանի եւ 22-ամյա Վալերի Աբրահամյանի նկատմամբ եւս մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 14-րդ կետերով: Սերգեյ Մխիթարյանի մոր՝ Գայանեի փոխանցմամբ, իր որդու եւ մյուս երկու տղաների անունները քրեական գործում հայտնվելուց հետո, բավական երկար ժամանակ քննիչն իրենց հավատացրել է, որ երեք տղաներն էլ այս գործով, որպես վկաներ են անցնելու, սակայն, երբ տղաները հրաժարվել են սուտ ցուցմունք տալ Սամվել Սարգսյանի դեմ, վկայից վերածվել են մեղադրյալի: «Ձեր երեխեքը պիտի գան գրեն, որ տեսել են, թե ինչխ Սամվելը կծեծե Տիգրանին, դրանից հետո մենք իրանց բաց կթողնենք, իրանք գործով կանցնեն որպես վկաներ, Սամվելին էլ էդքան շատ չեն տա: Չե՞ք հանձնե երեխեքին, ուրեմն Սամվելը ցմահ կերթա, ձեր իրեք տղեն էլ բռնվելուց հետո 15 տարի սրոկ կվերցնեն վրեքը: Տեսեք, ընպես չենեք որ ոտս դնեմ գազի պեդալին, հըլը որ տոռմուզ տված կսպասեմ»: Սա նախկին ոստիկանապետ Շիրակ Շահնազարյանի խորհուրդ-զգուշացումն է եղել 17-ամյա Տիգրան Թադեւոսյանի մահվան գործով անցնող Էդգար Նազարյանի եւ Սերգեյ Մխիթարյանի ծնողներին գործի նախաքննության փուլում: Գայանեն պատմեց, որ դեպքի օրը, այսինքն 2009թ-ի ապրիլի 15-ին ինքը, լինելով անհատ ձեռներեց, ստիպված է եղել հաշվետվության եւ մուծումների հետ կապված գնալ հարակային տեսչություն: «Ժամը 15-ի մոտ խանութ-կրպակ եկավ Թաթոս անունով հարկային տեսուչն ու ասաց, որ անպայման հաշվետվությունը տանեմ, թե չէ կտուգանվեմ, ես ասի, որ անպայման կներկայանամ: էդ հաշվետվության թերթիկներից տանն ունեի, արագ-արագ լրացրեցի, Սերգեյին էլ ասի, որ գնա խանութում կանգնի ու դուրս եկա տանից,-ապրիլի 15-ի դեպքերն է վերհիշում տիկին Գայանեն»: Մոտավորապես ժամը 16-ի մոտ Գայանեն տաքսի է կանչել հարկային տեսչություն գնալու համար: Հարկայինում կես ժամի չափ սպասել է մինչեւ հերթն իրեն է հասել: Պարզվել է, որ Գայանեն նախորդ տարվա պարտքի մարում պիտի կատարի, այլապես կտուգանվի: Քանի որ ոչ տանը, ոչ խանութում հարկավոր գումարը չի եղել, Գայանեն որոշել է պարտք վերցնել հորաքրոջից, ով ապրում է Անի թաղամասում եւ զբաղվում հագուստի առեւտրով: Գումարի հետեւից Գայանեն որոշում է ուղարկել Սերգեյին: «Սերգեյս չէր ուզում գնալ, 4 անգամ զանգել եմ, ես, ես ստիպեցի որ երեխես գնա, ինքը չէր ուզե,-Սերգեյի մոր ձայնը դողում է հուզմունքից,-հլա երեխուս վրա գոռացի էլ, թե խանութը թողնի քրոջն, ինքը նստի տաքսի ու հասնի 58 թաղամաս: Ես արդեն հորաքրոջս հետ պայմանավորվել էի, որ երեխան պիտի գնա, ինքը 30 հազար դրամը պիտի տար Սերգեյիս»: Գայանեի հորաքույրն ապրում է Պարույր Սեւակ 8ա շենքի, 12 բնակարանում: Շենքը թիվ 11 դպրոցին մոտ է եւ տղան տաքսի մեքենայից իջել է այդտեղ: Սերգեյին այդ օրը Անի թաղամաս հասցրած վարորդ Հ. Ե.-ն նույնպես հաստատեց այդ փաստը.«Ես էդ օրը Սերգեյին իրոք տարել եմ Պարույր Սեւակ փողոց: Որ նստավ ավտոս, հարցրեցի թե պարապմունքի՞ կերթա, ինքն էլ թե չէ, 58 թաղամաս, հորքուրիս տուն կերթամ, մաման է ուղարկել: Էսքան բան, ըսքան էլ իմացել եմ, որովհետեւ ես թաղի երեխեքի նկատմամբ շատ ուշադիր եմ, միշտ կհարցնեմ ուր կերթան, ինչի: Ես իրան տարել, «Պրեստիժ» խամութի մոտերքը իջեցրել եմ, թողել եկել եմ,-պատմեց տաքսու վարորդը,-իսկ էն տղայի հետ կապված դեպքերի մասին երկու-երեք օր հետո նոր իմացել եմ»: Զրույցին միանում է Էդգարի մայրը՝ Լուսյա Ստեփանյանը: Վերջինս պատմեց, որ ապրիլի 15-ին տղայի՝ Էդգարի հետ միասին գնացել են Գյումրիի Պետական մանկավարժական ինստիտուտ: «Ես երկրորդ կրթությունը կստանամ ու պիտի ռեկտորի հետ հանդիպեի, հետո գումար ունեի մուծելու, Էդգարիս պահով էլ խորհրդակցելու բաներ կային,-պատմում է Լուսյա Ստեփանյանը,-քանի որ իմ գործերը շատ էին, տղայիս ասի թե դու խանութները մտի, վերջի զանգի համար կոստյում պիտի առնեինք, նայի տես ինչ կգտնես, հետո ասի կգնաս «Պրեստիժի» մոտ, տրանսպորտ կնեստես կգաս տուն: Էս է եղել ողջ պատմությունը: «Պրեստիժի» մոտից էլ հետո ինքն ու Սերգեյը նստել տաքսի, եկել էին տուն: Մեր տղաներն էդտեղ են հանդիպել իրար»: «Իսկ մենք ընդհանրապես էդ ամբողջ պատմությունն իմացել ենք դեպքից 10-12 օր հետո, այսինքն էդ տղայի մահվան երկրորդ օրը, այն էլ ոստիկաններից: Ես իրիկունը գործից նոր էի տուն եկել, որ մի քանի ոստիկան եկան մեր տուն, Վալերիկիս կհարցնեին: Իրանցից էլ իմացել ենք, թե ինչ է կատարվել»,-պատմում է Վալերի Աբրահամյանի մայրը՝ տիկին Համեստը: Զրույցին մասնակցող Վալերիի հորեղբայրը շարունակում է պատմությունը. «Ոստիկանները պատմեցին, թե կռիվ է եղել, մարդ է մահացել, ես զարմացա, թե ինչ կռիվ կամ Վալերիկն ինչ կապ ունի էդ ամեն ինչի հետ, ոստիկաններից մեկն էլ դարձավ ընձի թե.«ըսենք մեկը քեզի մեր կքրվե ու կփախնի, դու էլ կընկնիս հետեւից, էն փախնողը կընկնի դու էլ վրեն, էն տղու գլուխը կկոտրվի, 10 օր կանցնի կմահանա, հըմի քու կարծիքով դու մեղավոր ես, թե չէ», ըսպես, քուր ջան, իմ վրես օրինակ բերեցին: Ես էլ ըսի, թե մարդկային տեսանկյունով կնայենք մեղավոր չեմ, բայց թե օրենքն ինչ կորոշե, չեմ կըրնա ըսե»: Թե իրականում ինչ է պատահել այդ օրը եւ որտեղ է եղել Վալերին, պատմեց տղայի մայրը: Ապրիլի 15-ին մորեղբայրը Վալերիին զանգել-կանչել է իրենց տուն, Անի թաղամաս: Համեստը ցույց տվեց եղբոր տղայի պատճենած ծննդականը, որով ապացուցվում էր, որ եղբոր տղան՝ Ռաֆիկ Նորայրի Հարությունյանն ծնվել է 1999թ-ի ապրիլի 15-ին եւ Վալերիին էլ մորեղբայրը կանչել էր իրեն օգնելու: Միայն մորեղբոր տանն իմանալով հրավերի բուն նպատակը, Վալերին որոշել է մեկ կանգառի չափ բարձրանալ վերեւ, «Պրեստիժ» սուպերմարկետից զարմիկի համար նվեր գնելու նպատակով: Հենց այդտեղ էլ, խանութի մոտ նրան տեսել է Լիդան Եդիգարյանը: Գրպանում եղած գումարը նվեր գնելուն չի հերիքել եւ Վալերին վերադարձել է տուն, որպեսզի մոր հետ երեկոյան գնան ծնունդ: Վալերիի մայրը պատմեց, որ մինչեւ Տիգրանի մահանալու լուրն առնելն ու ոստիկանների այցը, իրենք ապրել են սովորական իրենց առօրյա կյանքով: Ոստիկանների այցից հետո տուն եկած Վալերիին մայրն հարցրել է, թե իրականում ինչ է պատահել: Տղան պատասխանել է, որ ինքը տեղյակ չէ այն ամենից ինչ մայրը պատմում է իրեն: Այնուհետեւ, վերցնելով փաստաթղթերը, մորը հայտնել է, որ ինքը հեռանում է: «Էս ամբողջ ընթացքում ապրել ենք վախի ու տագնապի մթնոլորտում,-նշեց տիկին Համեստը,-Տիգրանի հարազատների սպառնալիքները, որ բերնե բերան անցնելով կհասներ թաղ, միլիցեքի խուզարկությունները: Երբ ուզենային գուկային, հաշվի չէին առնի առավոտ է, ցերեկ է, գիշեր է, թե լուսուդեմ, Վալերիկիս ման գուկային, մենք էլ ոչ թուղթ կհարցնեինք, ոչ բան: Չիդեինք էլ խուզարկության թույլտվություն ունեին թե չէ, էն պահարանների մեջից, մատրասի տակից հետ կնայեին»: Համեստն հիշեց, որ Տիգրանի մահվան 40-րդ օրը իրեն հրավիրել են 58 թաղամասի ոստիկանություն, Աշոտ Թափալցյանի մոտ: Այնտեղ եղել են նաեւ Սերգեյի եւ Էդգարի մայրերը: Նախկին ոստիկանապետ Ա. Թափալցյանի կաբինետում եղել է եւս մեկ տղամարդ, ով խնդրել է Թափալցյանին դուրս գալ, որպեսզի ինքը զրուցի կանանց հետ: Այդ ժամանակ էլ Համեստն իմացել է, որ տղամարդն ամենեւին էլ ոստիկան չէ, այլ Տիգրան Թադեւոսյանի բարեկամը: Վերջինս Համեստին սպառնացել է, թե իր ազգակից արական սեռի 10-16 տղամարդ իր հրամանին են սպասում, որպեսզի վերջինիս սպանեն, իսկ նախքան էդ կանեն այն, ինչից սարսափում է ցանկացած կին: «Ես զայրույթից ինձի կորցրել էի: Էդ ժամանակ Գայանեն ինձի դուրս բերեց կաբինետից: Աշոտ Թափալցյանը միջանցքում կանգնած էր, ես ջղայնացած ըսի, որ մյուս անգամ հետեւիցս ոստիկան չղրկեն, եթե նպատակն էն պիտի էղնի որ գամ սպառնալիքներ լսեմ: Ես Թափալցյանին էլ ըսեցի, որ իրանք են մեղավոր, որ մեր տղեքը փախած են: Ըդքան սպառնալիք ով լսե, որ վախից չփախնի: Հիմի էլ անցել են մեզի վախեցնելուն: Ոստիկաններն էլ փոխանակ մեր անվտանգությունն ապահովեն, փաստորեն մե բանմ էլ իրանց կաբինետը կտրամադրեն, հանդիպում կկազմակերպեն, որ մեզի լավ վախեցնեն,-խոսակցության ընթացքում զայրույթը չթաքցրեց Համեստ Աբրահամյանը»: Տղաների մայրերն համարում են, որ չի կատարվել օբյեկտիվ նախաքննություն: «Նախ ընկնելը վերածվել է դաժան ծեծի, տղայի մոտ միայն գանգոսկրի կոտրվածք է եղել, որն էլ ընկնելու հետեւանքով է եղել, հագուստները պատռված չեն եղել, արյան հետքեր չեն եղել, անգամ քթից արյուն չի եկել: Ջավահիրը՝ Տիգրանի մայրը, ինձ ասաց, որ գիտի ճիշտը, որ դժբախտ պատահար է եղել իրականում, բայց եթե տղան չփրկվի, ամեն ինչ կանի որ 4 տղան էլ նստեն,-զրույց եզրափակեց Գայանե Մխիթարյանը,-ես բողոք-նամակներ եմ ուղարկել երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին: Բոլորին խնդրել եմ, որ միջամտեն, մեր տղաների վրայից հանեն էդ հոդվածը, որպեսզի իրանք կարողանան վերադառնալ ու հանգիստ պատմել իրողությունը: Իմ տղես ըսեց, թե մամ, եթե պիտի Սամվելին դատեն իրա չարածի համար, ուրեմն եթե ես եկա, բերանս կկարեմ,կնստիմ, ես պատմելու բան չունիմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter