
Վիկտոր Դարբինյանը հերքում է, չնայած կա ձայնագրություն
16.09.2011թ. Ադրինե Թորոսյանի կողմից տպագրված հոդվածի վերաբերյալ հայտնում եմ, որ տղայիս ձերբակալման օրը խիստ հուզված և վրդովված վիճակում պայմանավորվել էի դատապաշտպան Կարեն Թումանյանի հետ հանդիպելու, որպեսզի ինքը որպես դատապաշտպան պաշտպանի տղայիս շահերը, և հանդիպման գնալիս հանդիպեցի Արթուր Սաքունցին և մի կնոջ, որը հետագայում իմացա, որ լրագրող Ադրինե Թորոսյանն է: Քանի որ Արթուր Սաքունցի հետ մենք հին ծանոթներ ենք և բավականին նորմալ հարաբերություններ ունենք, և ինքը տեղեկացված էր տղայիս հետ կապված իրադարձության հետ, հետաքրքրվեց, ինչ է եղել, ես էլ վրդովված լինելով պատմեցի կատարված եղելությունը, և դրան նախորդած իրադարձությունը: Ընդ որում, դա եղել է մեր միակ հանդիպումը և խոսակցությունը:
Նախկինում և այսօրվա տպագրված հոդվածներում դեպքերի հետ կապված որոշ հանգամանքներ, իհարկե, ես պատմել եմ, և տպագրվել է իմ խոսքերից, չնայած ես ամբողջությամբ չեմ հիշում ինչեր եմ պատմել, քանի որ նշեցի, որ հուզված եմ եղել: Սակայն պնդում եմ, որ տվյալ գործի կամ այլ հարցերի հետ կապված ես Գագիկ Իսպիրյանի հետ որևէ խնդիր չեմ ունեցել և ներկայումս էլ խնդիր, կամ տալիք-առնելիք, պարտք ու պահանջ չունեմ: Նույնը որևէ խնդիր չունեմ մարզի դատախազի կամ իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց հետ, և հոդվածում նշված այլ հանգամանքների հետ ես որևէ առնչություն չունեմ և իմ անվան հետ կապելը իրականությանը չի համապատասխանում:
Վիկտոր Դարբինյան
ք.Վանաձոր, 16 սեպտեմբերի 2011թ.
Հ.Գ. «Հետք»: Վիկտոր Դարբինյանը չնայած հրաժարվում է իր ասածներից, այդուհանդերձ, նրա հետ զրույցի ձայնագրությունը պահպանվում է «Հետքի» խմբագրությունում: Զրույցի ժամանակ ներկա են եղել Վիկտոր Դարբինյանի փաստաբանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել