HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ինքնախոստովանական ցուցմունքներ «Հարցնել ինձ` կարդում եմ արդյոք գրքեր, նույնն է, թե մարդասպանին հարցեն` մեղավո՞ր է արդյոք նա»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «ՉԻ» - Շարքային քաղաքացիների համար Գալուստ Սահակյանի մտքի թռիչքները, բնականաբար, անհասանելի են, բայց ամեն դեպքում հետաքրքիր է` տեսնես ի՞նչ է ցանկացել ասել այս ընթերցասեր մարդը: Չէ, մենք հասկանում ենք, որ այս իշխանությունների համար գիրք կարդալը «զապադլո է», հասկանում ենք նաև, որ եթե նույնիսկ նրանցից մեկը գիրք կարդալու սովորություն ունի, պիտի անպայման կուսակցական ընկերներից թաքցնի այդ փաստը (որպեսզի վրան «կայֆեր չբռնեն»), բայց ամեն դեպքում չէինք սպասում, որ գիրք կարդալն արդեն մարդասպանությանը հավասար հանցանք է: Ի դեպ, մարդասպանները սովորաբար իրենց մեղավոր չեն համարում: Հետաքրքիր է` ինչո՞ւ է գիրք կարդալու հարցում Գալուստ Սահակյանն ինքնախոստովանական ցուցմունքներ տալիս: Ո՞վ կհաղթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հակամարտությունը կարծես խորանում է: Իշխանական ամբողջ վերնախավը սպասում է, թե ինչ հանգուցալուծում է ստանալու այդ հակամարտությունը: Վարչապետը նիստի ժամանակ հրապարակել է հարկային ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնք, մեղմ ասած, նպաստավոր չէին ՊԵԿ նախագահի համար: Գագիկ Խաչատրյանը փորձել է պարզաբանումներ տալ այդ ուսումնասիրությունների շուրջ, սակայն Տիգրան Սարգսյանը նրան զրկել է խոսելու հնարավորությունից: Շատերը սպասում են, որ մոտ ժամանակներս Գագիկ Խաչատրյանը պաշտոնանկ կարվի, և դրա համար վարչապետը ստացել է Սերժ Սարգսյանի «դաբրոն»: Սակայն քիչ չեն նաև այն կարծիքները, որ վարչապետը չունի այդ «դաբրոն», և Գագիկ Խաչատրյանն, այնուամենայնիվ, կպահպանի և´ իր պաշտոնը, և´ իր ազդեցությունը: Ում խեղդել օրորոցում «Եթե իսկապես ուզում են երկրի համար լավ բան անել, թող գնան, գտնեն և օրորոցում խեղդեն այն օլիգարխիկ նկրտումները, որոնք ամեն անգամ գերշահույթներ են ստանում, անպայմանորեն անում են հնարավորը` ամեն ինչի տիրանալու համար, չեն նայում, թե իրենց հերթական սուպերմարկետի համար ինչ շենք քանդեցին»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` «օրորոցում խեղդելու» անհագուրդ ցանկությունները պարպելու դաշտը մատնանշեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Հիշեցնենք, որ ոստիկանապետը նախորդ օրը հայտարարել էր, թե օրորոցում անմիջապես կպատժվի նա, ով կփորձի հեղափոխական ճանապարհով ինչ-որ բան փոխել Հայաստանում: Հայտարարություն` լարված վիճակում պահելու համար Որոշ աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ներկայումս գտնվում է Եվրոպայում: Պատահական չէ, որ երեկ նախագահականը հերքում էր Սերժ Սարգսյան-Նիկոլա Սարկոզի հանդիպման փաստը: Ս. Սարգսյանի Վաշինգտոնում գտնվելու օրերին ներքաղաքական կուլիսներում քննարկվում էր, որ նրա և Ալիևի նկատմամբ կարող է կիրառվել դեյտոնական տարբերակը, ինչը տեղի չունեցավ: Բայց քանի որ Օբամայի հրավիրած գագաթաժողովից և երկկողմ հանդիպումներից հետո չէր կարող այնպես լինել, որ որևէ արդյունք միջազգային հանրությանը ցույց չտրվեր, անորոշ կերպով հայտարարվեց գործընթացի շարունակականության մասին, բայցև Էդվարդ Նալբանդյանի կողմից «անոնս» արվեց Սերժ Սարգսյանի հետագա քայլերի կապակցությամբ: Նման ծրագիր, ըստ թերթի աղբյուրների, դեռ չկա, պարզապես այդ հայտարարությունն արվել է թուրքական կողմին ու միջազգային հանրությանը լարված վիճակում պահելու համար: Ապրիլի 19-26-ը Կալիֆոռնիայում սգո օրեր են Այս մասին նշված է Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի տարածած հաղորդագրության մեջ: «Կարևոր է հիշել անցյալի սարսափները` կանխելու համար պատմության կրկնությունը: Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների սարսափելի ոտնահարում էր: 1915-1923-ին մեկուկես միլիոն հայեր Օսմանյան կայսրության ձեռքով զրկվեցին կյանքից, իսկ ևս 500 հազարը հարկադրված լքեցին իրենց հայրենիքը»,- նշված է հաղորդագրության մեջ: Շվարցենեգերը նաև հայտարարել է. «Որպես ամերիկացիներ և կալիֆոռնիացիներ, մեր պարտքն է բարձրացնել տեղեկատվությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ և մասնակցել անմեղ կյանքերի կորստյան հիշատակմանը: Ապրիլի 19-26-ը Կալիֆոռնիայում հայտարարում եմ սգո օրեր»,- եզրափակել է Առոլդ Շվարցենեգերը: Պետք չէ կրկնել Սահակաշվիլու սխալը Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով. «Ադրբեջանը տանուլ կտա, եթե կրկնի Սահակաշվիլու սխալը և որոշի, որ հարցը կարող է լուծել ռազմական ճանապարհով, և Ադրբեջանում դա շատ լավ հասկանում են: Դժբախտությունն այն է, որ Ադրբեջանում որոշումները կայացնում են ոչ թե նրանք, ովքեր հասկանում են, որ պատերազմը Ադրբեջանին ոչ մի լավ բան չի խոստանում, այլ Ալիևի շրջապատում գտնվող սաֆարաբիևները: Այս առումով շատ լավ է, որ հայկական կողմը իրադրությունը ճիշտ է գնահատում, հասկանում է հիմնական մարտահրավերները և փորձում է «մկաններ» ցույց տալ Ադրբեջանին` հասկացնելով, որ ուժեղ է, և Ադրբեջանը ծանր վիճակում կհայտնվի, եթե փորձի որևէ գործողություն ձեռնարկել Ղարաբաղի դեմ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter