HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Հարությունյան. «Թումանյանում հանցագործություններն ավելի մեղմ են»

Հարցազրույց ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հարությունյանի հետ: Պրն Փոխգնդապետ, ինչպե՞ս կգնահատեք ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ աշխատանքներն այս տարվա առաջին եռամսյակում: 2010թ.-ի առաջին եռամսյակում բաժնում գրանցվել է 73 հանցագործության դեպք, բացահայտումը կազմում է 95,1 տոկոս: Քրեական հետախուզության գծով արձանագրվել է 50 հանցագործություն, որից բացահայտվել են 26-ը, իսկ 23-ի բացահայտումն ընթացքի մեջ է: Մենք չբացահայտված հանցագործության դեպքեր առաջին եռամսյակում չունենք: Նախկին տարիներից, 5-6 տարվա վաղեմություն ունեցող 2 հանցագործության դեպք ենք բացահայտել. մեկը անասնագողություն է Աքորի գյուղից, մյուսը` Դսեղ գյուղի քաղաքացիներից մեկի բնակարանի դռան հրդեհման գործն է: Քանի՞ աշխատակից ունի ոստիկանության Թումանյանի բաժինը: Ընդհանուր քանակով բաժնում աշխատում են 70 ոստիկաններ: Ինչպե՞ս կգնահատեք Ալավերդի քաղաքի օպերատիվ իրավիճակը, բնակչության հանցագործության հակումների դրսևորումների աստիճանը: Հանցագործության ո՞ր տեսակներն են առավել բնորոշ թումանյանցիներին: Մեր տարածաշրջանում օպերատիվ իրավիճակը մեր կողմից վերահսկվում է: Տարածաշրջանը, եթե ընդհանուր առմամբ համեմատենք մյուսների հետ,  հանցագործություններն ավելի մեղմ են, որովհետև այստեղ բնավորությամբ ավելի հանգիստ ու մեղմ ժողովուրդ է ապրում: Հիմնականում հանցագործության դեպքերը պայմանավորվում է սոցիալական ծանր պայմաններով: Լուրջ հանցավոր խմբավորումներ չունենք: Ունենք արձանագրված թմրանյութերի հետ կապված հանցագործություններ: Քանի՞ թմրամոլներ եք հայտնաբերել: Առաջին եռամսյակում հայտնաբերել ենք 7 թմրամոլներ: Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու եզրերին գտնվող 10-ից ավելի տնակների շուրջ պտտվում են տարբեր խոսակցություններ: Ճի՞շտ է արդյոք, որ դրանք տարածաշրջանի մարմնավաճառ կանանց հավաքատեղիներն են: Մենք ունենք մարմնավաճառների համապատասխան հաշվառումներ, և դա բաժնի կողմից շատ խիստ հսկողության տակ է: Ճանապարհաեզրերի այդ տնակները, որտեղ  հաց են ուտում, չունեն հյուրանոցային պայմաններ և այնտեղ մարմնավաճառությամբ զբաղվելու պայմաններ չկան: Նրանք մեր օպերատիվ տեսադաշտում են. միշտ հսկողության տակ են: Բոլորին` մեր ունեցած մարմնավաճառներին, մենք ճանաչում ենք: Նրանք հաշվառման մեջ են: Որքա՞ն է հաշվառված մարմնավաճառների թիվը: Մեծ մասը մեր տարածքից տեղափոխվել են: Հաշվառման մեջ եղած անձինք հիմնականում Երևանում են աշխատում: Այստեղ գալիս-գնում են: Ի՞նչ աշխատանքներ են տարվում անչափահասների հետ: Բաժնում հաշվառված են 11 անչափահասներ: Առաջին եռամսյակում անչափահասների կողմից գրանցվել է հանցագործության 2 դեպք, երկուսն էլ բացահայտվել է:  Իսկ 2009թ.-ին գրանցվել է անչափահասների 5 հանցագործություն: Մենք  անչափահասների հետ ավելի շատ փորձում ենք իրականացնել պրոֆիլակտիկ աշխատանքներ: Ալավերդի համայնքում գործում է վերականգնողական կենտրոն, որտեղ աշխատում են հոգեբաններ և մանկավարժներ, որպեսզի անչափահասները չմտնեն ոստիկանության բաժին, մեր աշխատակիցները հաշվառված անչափահասների հետ աշխատում են այդ վերականգնողական կենտրոնում: Հաշվառված անչափահասների դաստիարակությամբ զբաղվելու համար մեր պահանջով ՏԻՄ մարմինների անչափահասների հանձնաժողովների կողմից նշանակվում են շեֆ-դաստիարակներ: Վերջերս Օձունի 9-10-րդ դասարանների աշակերտների համար դպրոցների կողմից անցկացված կոռուպցիայի թեմայով ընդլայնված միջոցառմանը մասնակցել են նաև մեր անչափահասների բաժնի աշխատակիցները և, ինչպես պատմում են նրանք, քննարկումը բուռն է եղել: Ի՞նչ ցուցանիշներ կան անասնագողության դեմ պայքարում: Վերջերս անասնագողություն է կատարվել Կաճաճկուտ գյուղում: Հանցագործությունը բացահայտված է, նախաքննության փուլում է, հանցագործները  գտնվում են կալանքի տակ: Գողացողը Տաշիրի բնակիչ էր, որը, համաձայնության գալով Կաճաճկուտ գյուղի բնակիչներից մեկի հետ, սարերում բաց թողած 10 ձիեր էին գողացել: Գողոնը տարել էին Կալինինո, մորթել և վաճառել: Պրն Հարությունյան, Ձեր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում Ալավերդի քաղաքում 2 սպանություն է գրանցվել: Կասկածելի անձանց հնարավոր չէ՞ հսկողության տակ վերցնել: Սպանության հանցատեսակը երբեք հնարավոր չէ կանխատեսել: Դա այն հանցատեսակն է, որը դժվար է կանխատեսվում: Բնական է, եթե կան քրեական ակտիվ տարրեր, հնարավոր է կասկածել: Լինում են սպանություններ, որոնց հեղինակնները նախկինում դատապարտված անձինք են: Այդ դեպքում մեր կողմից իրականացվում է հսկողություն: Սակայն մեզ մոտ գրանցված առաջին սպանության փաստով Կարեն Սոխակյանը Ալավերդիում չի բնակվել. նա ապրել է Մոսկվայում: Եվ նրա ու վերջինիս սպանողի` Սպարտակ Մանուչարյանի տարաձայնությունը եղել է այնտեղի քրեական աշխարհի կամ իրենց անձնական տարաձայնություն: Ես Մոսկվայի մասին կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև Մոսկվայի հետ կապված նախաքննություն կա: Ինձ թվում է` ավելի մանրամասն նրանք կիմանան. դրանով զբաղվում է Վանաձորի քննչական բաժինը: Իսկ ինչ վերաբերում է սպանությունների կանխատեսմանը, դա հնարավոր չէ: Մտածել, որ կնոջ քեռին պետք է սպանի սպանողի եղբորը, ո՞նց կարող ես կանխատեսել: Մենք պրոֆիլակտիկ աշխատանքներ միշտ էլ տանում ենք այդ ուղղությամբ, որովհետև ծանր, ամենածանր հանցագործությունն է սպանությունը: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ այդքան մեծ հնչեղություն ստացած մեզ մոտ կատարված սպանությունները կրիմինալ աշխարհի դրսևորումներ չեն: Ոստիկանության Թումանյանի բաժինը չբացահայտված սպանությունների քանի՞ գործ ունի: Ունենք նախկինում կատարված ու չբացահայտված սպանությունների 7 դեպք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter