Հայտարարություն
Հանրությունը նախապես տեղեկացվել էր, որ ապրիլի 16-ին, ժամը 19:30-ին Գեղագիտական դաստիարակության ազգային կենտրոնի փոքր թատրոնի դահլիճում ցուցադրվելու է իմ սցենարով նկարահանված «Ընտրություն» ֆիլմը։ Տարածվել էր մամուլի հաղորդագրություն, բաժանվել էին հրավիրատոմսեր։
Ապրիլի 16-ի առավոտյան թատրոնի ադմինիստրացիայից տեղեկացրեցին, որ ԳԴԱԿ տնօրեն Լեւոն Իգիթյանն արգելել է ֆիլմի ցուցադրությունը։ Տնօրենի հետ հանդիպելուց հետո պարզվեց, որ արգելքը դրվել է ԿԳ նախարարությունից՝ հղում անելով ինչ-որ օրենքի։ Իգիթյանն ասաց, թե հրահանգը ստացել է ԿԳՆ պաշտոնյա Արման Այվազյանից։
Որպես օրինապաշտ քաղաքացի՝ որոշեցի մինչեւ վերջ հետամուտ լինել եւ պարզել, թե ո՞ր օրենքի, ո՞ր կետով է արգելվել ցուցադրությունը։ Հանդիպեցի ԿԳՆ-ի մարզառազմական եւ արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Այվազյանին։ Վերջինս պատճենահանեց եւ տրամադրեց ՀՀ Կառավարության 2002 թ. հուլիսի 25-ի N1392-Ն որոշման երրորդ հավելվածը, որն օրինակելի կանոնադրություն է «ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) համար։
Ըստ վարչության պետի՝ արգելման հիմքը սույն օրինակելի կանոնադրության ընդհանուր դրույթների 9-րդ կետն է. «Հաստատություններում չեն թույլատրվում քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը»։
Ակնհայտ է, որ ֆիլմն՝ ինչ բովանդակություն էլ այն ունենա, ոչ մի կապ չունի քաղաքական, կրոնական կազմակերպություններ ստեղծելու եւ նմանատիպ գործունեություն ծավալելու հետ։ Այսուհանդերձ՝ ինձ իրավունք եմ վերապահում հայտարարել, որ ԿԳՆ-ի դրած ապօրինի արգելքով հեղինակի եւ հրավիրված հանդիսատեսի նկատմամբ խախտվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը, որը երաշխավորում է խոսքի, տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը։
Քանի որ ԿԳՆ-ի պաշտոնյան խորհուրդ տվեց ֆիլմը ցուցադրել դրա համար նախատեսված վայրերում, սույն հայտարարությունը կարող է համարվել նաեւ դիմում ՀՀ Մշակույթի նախարարին՝ կինոթատրոններից որեւէ մեկում Սահմանադրության 27-րդ հոդվածի խախտումը վերացնելու պահանջով։
Տիգրան Պասկեւիչյան
Հ.Գ. Ի դեպ սա իմ երկրորդ ֆիլմն է, որի ցուցադրությունն արգելվում է։ Առաջինի՝ Երեւանի կենտրոնի իրացման մասին պատմող «Օտարում» ֆիլմի, ցուցադրումը 2008 թվականի հոկտեմբերին քաղաքական պատճառներով մերժել էր «Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարությունը։ Երկու դեպքում էլ վճարումը երաշխավորված էր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել