HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թույլ չենք տա, որ սոցիալական լարվածության խորացում լինի»

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: ԼՂՀ 2009թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությունը գործադիրին է ներկայացրել փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Հրապարակելով պետբյուջեի կատարողականի մի շարք կարևոր ցուցանիշներ` նա նշել է, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անցած տարի ԼՂՀ-ում ապահովվել է 13,1% ՀՆԱ-ի աճ: Բնակչության դրամական եկամուտներն աճել են 9,4%-ով: Կատարվել են սոցիալական ոլորտին առնչվող ֆինանսական նախանշված բոլոր հատկացումները: 2009թ. պետբյուջեի ծախսային մասը կազմել է ավելի քան 55 մլրդ դրամ, որը հավասար է ծրագրվածի 93,5%-ին: Հարցի կապակցությամբ վարչապետ Ա. Հարությունյանն անդրադարձել է, որ 2009 թվականը բավական ծանր տարի էր, սակայն կառավարության վարած համարժեք քաղաքականության շնորհիվ հնարավոր է եղել հանրապետության տնտեսությունում ապահովել մակրոկայունություն և իրականացնել տնտեսական զարգացմանն ուղղված բոլոր ծրագրերը: Գործադիրը հավանություն է տվել պետբյուջեի անցած տարվա կատարողականին. փաստաթուղթը կներկայացվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը: Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է առաջարկել «ԼՂՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում: Օրինագծի ընդունումը նպատակաուղղված է առկա օրենսդրական հակասության վերացմանը, որ վերաբերում է անկախ ու մասնագիտացված աուդիտի անցկացմանը համայնքային բյուջեի կատարման հաշվետության առնչությամբ: Այլ առաջարկություններով հանդերձ` օրինագիծը կներկայացվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը: Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել կառավարության 2009թ. հուլիսի 22-ի` պետական գնումների գործընթացը կարգավորող որոշման մեջ: Փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս.Թևոսյանի պարզաբանմամբ` առաջարկվող կանոնակարգային նոր փոփոխություններով առավել են խստացվում գնումներին ներկայացվող պահանջները, հնարավորություն է ստեղծվում կիրառել ավելի նպատակային պատժամիջոցներ: Կառավարությունը հաստատել է ԼՂՀ-ում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը: Ըստ այդմ` այսուհետ առողջապահական համակարգը բնակչությանը ցույց կտա առաջնային, մասնագիտացված և նեղ մասնագիտացված` ընդհանուր առմամբ ավելի քան 100 տեսակի բժշկական օգնություն և սպասարկում: Մեկ այլ որոշում է ընդունվել առողջապահության ոլորտին առնչվող: Գործադիրը փոփոխություններ է կատարել կառավարության 2009թ. հուլիսի 30-ի` «Վարորդի սթափության վիճակի զննության կարգը, այդ զննության արձանագրության և գրանցման մատյանի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ: Փոփոխությունների համաձայն` վարորդի սթափության վիճակի զննությունը կիրականացվի բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար լիցենզավորված անձանց կողմից: Գործադիրը ևս մի օրինագիծ կուղարկի հանրապետության խորհրդարանի քննարկմանը: Հավանության  արժանացած նախագծով առաջարկվում է խմբագրական փոփոխություններ կատարել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում: Առաջարկվում է նաև ուժը կորցրած ճանաչել այդ օրենքի մի շարք հոդվածներ, որոնց պահանջներն արդեն կարգավորվում են այլ օրենքներով: Նիստում կարևոր որոշումներ են ընդունվել սոցիալական ոլորտի վերաբերյալ: Սոցապնախարար Նարինե Ասծատրյանի ներկայացմամբ` գործադիրը, նախ, հաստատել է վեց և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին բնակելի տուն հատկացնելու կարգը: Բազմազավակ նման ընտանիքի համար բնակելի տուն է կառուցվում (գնվում), եթե երեխաների ծնողները (կամ միակ ծնողը) և 16 տարին չլրացած երեխաներն ունեն ԼՂՀ քաղաքացիություն և մշտական հաշվառում: Բնակելի տունը կառուցվում (գնվում) է ծնողների (կամ միակ ծնողի) բնակության հաշվառման վայրում: Նիստում կառավարության հավանությանն է արժանացել սոցապնախարարության կողմից ներկայացված` ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության  հայեցակարգի իրականացումն ապահովող 2010-2012 թթ. միջոցառումների ծրագիրը: Այն ներառում է ծնելիության խթանման և ընտանիքի պաշտպանության, մահացության մակարդակի նվազեցման, միգրացիոն, տարածքների զարգացման և այլ գործընթացներ կարգավորող հինգ տասնյակից ավելի միջոցառումներ: Ծրագրի իրականացման վերահսկողությունը վերապահվել է ԼՂՀ պետական ժողովրդագրական քաղաքականության մշակման և իրագործման մշտական բարձրագույն խորհրդին: Սոցիալական հետագա լարվածությունը կանխելու նպատակով կառավարությունը ԼՂՀ նախագահի հանձնարարականով ս.թ. մայիսի 1-ից դրամական նոր օժանդակություն կհատկացնի սոցիալական 14 խմբերի, ընդհանուր առմամբ` ավելի քան 12 հազար քաղաքացու: Ըստ այդմ` փոփոխություններ են կատարվել կառավարության 2006թ. հունվարի 24-ի` «Ամենամսյա դրամական օգնության մասին» որոշման մեջ: Վերոնշյալ անձանց ցույց տրվող օգնության չափը կավելանա 30 տոկոսով, ինչի համար պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 34 մլն դրամ: Դա թույլ կտա փոխհատուցել առանձին ծառայությունների գծով սակագների բարձրացումը: Անդրադառնալով վարվող սոցիալական քաղաքականությանը` վարչապետ Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ երկու տարիներին կառավարությունն իրականացրել է նպատակային և հասցեական մի շարք ծրագրեր, որոնք հնարավորություն են տվել խուսաափելու սոցիալական ճգնաժամերից և ապահովելու կենսակերպի համեմատաբար լավ պայմաններ: ԼՂՀ պետբյուջեի 51,9%-ը ուղղված է սոցիալական ծրագրերին, զգալիորեն ավելի շատ, քան եղել է նախորդ տարիներին: Վարչապետը նկատել տվեց, որ 2009թ. սպառողական ապրանքները թանկացել են 10,7%-ով, իսկ սոցիալական պաշտպանվածության համար պետությունից հատկացվող ֆինանսական միջոցները ավելացել են 17%-ով: Անցած տարի լիովին կատարվել են կենսաթոշակային վճարումները. 2009թ. նոյեմբերի 1-ից դրանք կբարձրանան 10%-ով` հայտարարել է Ա. Հարությունյանը: Նա պարզաբանեց նաև, որ սոցիալական խնդիրները լուծվում են ոչ միայն պետական հատկացումներով, այլև այն ծրագրերով, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանը, այդպիսով և` մարդկանց եկամուտների բարձրացմանը: Վարչապետը կառավարության անդամներին և ներկաներին համառոտ ներկայացրեց այն արդյունքները, որ անցած 2,5 տարում արձանագրվել են կառավարության  գործունեությամբ: Ընդգծվեց, որ գործադիրի կողմից իրականացվող ծրագրով շեշտը մասնավորապես դրված է տնտեսական աճի, բնակչության սոցիալական պաշտպանվածության բարձրացման, ժողովրդագրական իրավիճակի բարելավման վրա: Ա.Հարությունյանը միջանկյալ ամփոփեց այն նախաձեռնությունները, որ գործադիրը ներկայումս իրականացնում է գյուղատնտեսության, էներգետիկայի, ջրապահովման, տրանսպորտի և կապի, քաղաքաշինության, առողջապահության, կրթության և այլ բնագավառներում: Չնայած բնակլիմայական դժվարին պայմաններին, ամփոփել է վարչապետը, հանրապետությունում անցած տարի գյուղատնտեսական արտադրությունն ավելացել է մոտ 20%-ով: Արագընթաց շարունակվում է նոր փոքր ՀԷԿ-երի շինարարությունը: Կառուցվել են բազմաթիվ ջրագծեր, բնակելի տներ, ճանապարհներ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլ օբյեկտներ: Ստեղծվել են ավելի քան 1900 նոր աշխատատեղ, բարձրացվել են աշխատավարձերը: Մարդիկ մեծամասամբ հիմա ավելի շատ եկամուտներ ունեն, սակայն որոշ ծառայությունների սակագների և ապրանքների գների բարձրացումը հաճախ շահարկման թեմա է դառնում հասարակության առանձին շրջանակներում` նշել է վարչապետը: Նա մասնավորապես պարզաբանեց, որ գազի սակագինը միշտ ավելի բարձր է եղել, քան Հայաստանում, և շատ ջանքեր են պահանջվել, որ սակագնային հավասարություն լինի: «Թույլ չենք տա, որ սոցիալական լարվածության խորացում լինի»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter