HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

30-40 տոկոս նմանություն՝ անորակ տեսագրության պարագայում

«Հրապարակ» օրաթերթը ստացել է Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությունը` ինտիմ կադրեր պարունակող տեսաերիզի վերաբերյալ, որի «գլխավոր հերոսը», ըստ թերթի հրապարակման, ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է: Փորձագետները չեն կարողացել լիարժեք պատասխանել դատարանի առաջադրած հարցերին` պատճառաբանելով, որ թերթի ներկայացրած տեսագրության որակը թույլ չի տալիս դիմանկարային նույնականացում կատարել: «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացության մեջ թեեւ նշված է, որ հնարավոր չէ լիարժեք նույնականացում կատարել, բայց այնուամենայնիվ, փորձագետները ինտիմ կադրերի «հերոսի» եւ Հրաչ Քեշիշյանի միջեւ  հայտնաբերել են 30-40 տոկոս նմանությունը: Հիշեցնենք, որ տեսագրության մասին պատմող նյութի հրապարակումից հետո Քեշիշյանը նամակ էր ուղարկել «Հրապարակ» օրաթերթին, որով պահանջել էր հերքել հրապարակված տեղեկությունն այն մասին, թե տեսաերիզում երեւացող տղամարդը հենց ինքն է: «Հրապարակը» տպագրել էր նրա նամակը, սակայն հրապարակած տեղեկությունը չէր հերքել, որից հետո Հ1-ի պրոդյուսերը դիմել էր դատարան` պահանջելով. 1. Պարտավորեցնել հերքել հրապարակած տեղեկատվությունը: 2. Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտման կապակցությամբ հրապարակային ներողություն խնդրել եւ փոխհատուցել 5 միլիոն դրամ գումարի չափով` որպես բարոյական վնասի փոխհատուցում: 3. Պարտավորեցնել վճարել պետական տուրքի եւ փաստաբանական ծառայության համար վճարված գումարը: Իսկ փաստաբանական ծառայությունը, ըստ հայցվորի, կազմել է 2 մլն դրամ: Դատարանը դիմել էր Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին` փորձագետներին առաջադրելով հետեւյալ հարցերը: 1. Արդյոք տեսաերիզում առկա տղամարդը հանդիսանո՞ւմ է Հրաչ Քեշիշյանը, թե՞ ոչ: 2. Տեսաերիզում առկա տղամարդու արտաքին ֆիզիոլոգիական հատկանիշները եւ Հրաչ Քեշիշյանի արտաքին ֆիզիոլոգիական հատկանիշները նույնակա՞ն են, թե՞ ոչ: 3. Տեսաերիզում առկա տղամարդու ձայնը եւ Հրաչ Քեշիշյանի ձայնը կարո՞ղ են համարվել նույնական կամ շփոթության աստիճան նման: 4. Արդյոք տեսաերիզում առկա տղամարդը եւ Հրաչ Քեշիշյանը իրենց արտաքին մարդաբանական հատկանիշներով կարո՞ղ են համարվել նույնական կամ շփոթության աստիճան նման: Միայն 6 ամիս անց ստացվեց «Փորձագիտական ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եզրակացությունը, որն, ըստ էության, չի կարող լիարժեք պատասխանել առաջադրված հարցերին: Այսպիսի իրավիճակում ի՞նչ ընթացք կստանա դատական վեճը, պարզ կդառնա ապրիլի 20-ին նշանակված դատական նիստում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter