Ուղեվարձի թանկացման հիմքեր չկան
Առավոտյան Երևանի 40 համարի երթուղային տաքսիների վարորդները գործադուլ էին հայտարարել: Նոր Նորքի 9-րդ զանգված-ավտոկայան երթուղին սպասարկող միկրոավտոբուսներն այսօր գծում շատ քիչ էին: Վարորդներից մեկը նշեց, որ հայտարարված գործադուլը պայմանավորված է գազի գնի թանկացմամբ:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության հասարակական տրանսպորտի կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Հակոբյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ գազի թանկացման խնդիր ընդհանրապես չկա, պարզապես 40 համարի երթուղայինը տեխնիկական և ներքին խնդիրներ ունի գիծը սպասարկող ընկերության հետ:
««Երևանտրանս» -ն իրավիճակը վերցրել է հսկողության տակ: Այսօր գազի գինը 200 դրամ է: Պետությունը երաշխավորում է, որ 200 դրամից ավել գազը չի թանկանա: Երևանի քաղաքապետարանը պայմանագիր ունի ոչ թե գազալցակայանների, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ: Պետությունն ամեն ինչ արել է, որ տնտեսվարողների ծախսային մասերը չավելանան: Այսօրվա դրությամբ ուղեվարձը չի թանկանալու, դրա համար հիմքեր չկան»,- նշեց Կարեն Հակոբյանը:
Քաղաքապետարանից հավաստիացրին, որ 40 համարի երթուղայինի աշխատանքը կանոնակարգվել է և վաղվանից այն ավելի նորմալ կաշխատի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել