HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Քաղաքապետարանի հակընդդեմ հայցը չընդունվեց

Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքը դիմել էր Վարչական դատարան՝ պահանջելով քաղաքապետարանին պարտավորեցնել իրենց սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ ընդունել բարենպաստ վարչական ակտ: Քաղաքապետարանն էլ հակընդդեմ հայց էր ներկայացրել դատարան՝ ընտանիքին տնից վտարելու պահանջով: Քաղաքապետարանի հայցը չէր ընդունվել, որովհետեւ այն կապ չուներ Աբրահամյանների հայցի հիմքի հետ եւ բացի այդ՝ Վարչական դատարանի իրավասությունից դուրս է ընտանիքին վտարելու մասին որոշում կայացնելը: Սակայն քաղաքապետարանը չի պատրաստվում հրաժարվել ընտանիքին փողոց նետելու ցանկությունից. առաջիկա օրերին այդ պահանջով առանձին հայց կներկայացվի ընդհանուր իրավասության դատարան: Մինչ այդ Աբրահամյանների շահերը ներկայացնող փաստաբանը լրացրել է հայցի հիմքը՝ ավելացնելով եւս մեկ օրենք, որը հիմնավորում է իրենց պահանջը: Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ Բուզանդ 83 հասցեում բնակվող Աբրահամյանների ընտանիքը 1991 թվականից հաշվառվել է այդ հասցեում եւ մինչ օրս բարեխղճորեն օգտագործել է այն, սակայն նրանց թույլ չեն տվել տունը սեփականաշնորհել, իսկ 2007 թվականին ՀՀ Կառավարության որոշմամբ` նրանց տան տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ վաճառվել հայտնի գործարար, «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի որդուն` անհատ ձեռներեց Հայկ Բեգլարյանին: Իսկ Երեւանի քաղաքապետը որոշում է կայացրել՝ Բուզանդ 83 հասցեի նկատմամբ ճանաչել քաղաքապետարանի սեփականության իրավունքը: Այդ որոշման պատճեն քաղաքապետարանի փաստաբանը ներկայացրել է վարչական դատարանին եւ հայցվոր Աբրահամյանների ընտանիքին: Աբրահամյանների փաստաբան Էդգար Բադեմյանն «Հետքին» տված հարցազրույցում ասաց, որ իրենք պատրաստվում են դատարան բողոք ներկայացնել քաղաքապետարանի որոշման դեմ. «Այդ որոշումը չի կարող ապրել, որովհետեւ այդ դեպքում կմերժեն մեր հայցադիմումը»,- ասաց փաստաբանը: Նշենք, որ Էդգար Բադեմյանը որպես հայցի ապահովման միջոց բազմիցս միջնորդել է արգելանք դնել Բուզանդ 83 հասցեում գտնվող մոտ 60 քմ մակերեսով բնակելի տան վրա, որպեսզի մինչ դատական ակտի կայացումը քաղաքապետարանը չփորձի քանդել այն: Հերթական միջնորդությունը Վարչական դատարանը մերժել է ապրիլի 12-ին կայացած դատական նիստում: Քաղաքապետարանի շահերը ներկայացնող փաստաբան Գեղամ Թադեւոսյանը դատարանից ժամանակ է խնդրել՝ հայցի լրացված հիմքին ծանոթանալու համար եւ դատական նիստը հետաձգվել է երկու շաբաթով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter