«Իմ խոսող ձեռքերը, իմ լսող աչքերը»
«Խուլը հաշմանդամ է դառնում այն ժամանակ, երբ նրան արգելում են օգտագործել ժեստերի լեզուն: Ես չեմ ամուսնացել, որովհետեւ նահապետական Գյումրիում ոչ-ոք չէր ուզում իր տղային ամուսնացնել ինձ հետ, որովհետեւ իմ ծնողները խուլ էին ու նրանք վախենում էին, որ իրենց ապագա թոռները եւս խուլ կծնվեն: Ես հայտարարում եմ, որ խուլ երեխաների 90 տոկոսը ծնվում են լսող ծնողներից, իսկ շատ խուլ ծնողներ ունենում են առողջ երեխաներ»,-«Ասպարեզ» ակումբում հավաքվածներին տեղեկացրեց ժեստերի լեզվի մասնագետ, «Խոսող ձեռքեր» գրքի հեղինակ Զուբեյդա Մելիքյանը:
Հայկական ժեստերի լեզվի բառարանի հեղինակը հայտնեց, որ ինքը այցելել է ծննդավայր որոշակի ստերեոտիպեր կոտրելու համար: 1984 թ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես ընդունել է ժեստերի լեզուն, 1993թ-ին` ՄԱԿ-ը: Հայաստանն եւս միացել է ՄԱԿ-ի կոնվեցիային:
2004թ-ին «Կամք եւ կորով» հասարակական կազմակերպությունը տպագրել է 1-ին հայկական ժեստերի լեզվի բառարանը: Սակայն ցավոք, Հայաստանում միայն երկու դպրոց կա լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար, 2-ն էլ Երեւանում:
Լսողության խնդիրներ ունեցող անձինք, ովքեր ապրում են մարզերում ստիպված են գնալ Երեւան` տարրական կրթություն ստանալու համար: Սակայն ընտանիքներից շատերն ի վիճակի չեն կամ պարզապես չեն ցանկանում բաժանվել իրենց երեխաներից, ուստի վերջիններս մնում են անուսում:
Գյումրիում եւս չկա համապատասխան դպրոց խուլ երեխաների կրթությունն ապահովելու համար, սակայն դրա փոխարեն 2007թ-ից գործում է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կենտրոն հասարակական կազմակերպությունը, որը այս տարվանից Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ֆինանսավորմամբ նախաձեռնել է «Բոլորը կարող են-2» ծրագիրը նպատակ ունենալով բարձրացնել սահմանափակ կարողություններով երիտասարդ աղջիկների եւ կանանց քաղաքացիական եւ քաղաքական ակտիվությունը, սոցիալ-հոգեբանական ինտեգրումը Գյումրիում եւ մարզի 5 տարածաշրջաններում:
Աշխարհի բնակչության մոտավորապես 10 տոոկսը կամ 650 մլն մարդ սահմանափակ կարողությունների տեր են: Հյաստանում 179 հազար գրանցված տարբեր խնդիրներ ունեցող սահմանափակ կարողություններով մարդիկ կան, որոնցից մոտ 4000-ը լսողության խնդիրներ ունեցողներն են:
Շիրակի մարզում նմանատիպ խնդիրներ ունեցողների թիվն հասնում է 200-ի: Եվ նրանցից միայն 14-ն են ներկայում սովորում Երեւանի մասնագիտացված դպրոցներում: Այսօր խնդիր է նմանատիպ կրթական հաստատություն տեղում ունենալը:
«Անի» մանկուց հաշմանդամների հասարակական կազմակերպության ղեկավարը դժգոհեց, որ Գյումրիում չկան լոգոպետներ, ժեստերի լեզվի մասնագետներ եւ մեկ ամսում փորձել երեխային Երեւան տեղափոխելով սովորեցնել խոսել ժեստերի լեզվով` անհնար է:
Գյումրեցի Արշալույս Բոյանջյանը, ով ապրիլի 7-ին «Ունիսոն» հկ-ի կազմակերպած հաշմանդամ կանանց 5-րդ գեղեցկության ֆոտոմրցույթին արժանացել էր 3-րդ մրցանակին եւ միսս ժպիտ 2010 տիտղոսին, խոստովանեց, որ Երեւանում սովորել է մինեւ 6-րդ դասարան, որից հետո ֆինանսի պատճառով դադարեցրել է հաճախելը:
Արշալույսն ամուսնացել է, ամուսինն ունի նույն խնդիրներն ինչ ինքը, սակայն իրենք երջանիկ են, քանի որ հասկանում են իրար եւ հիմա էլ ժեստերի լեզուն է փորձում սովորել ամուսնու մայրը:
Խուլերի լեզուն 1500 շարժում է ընդգրկում եւ ոչ բոլոր խուլերն են որ ամբողջովին տիրապետում են իրենց «մայրենի» լեզվին: Մյուս կողմից էլ խնդիրներ են հարուցում հենց իրենք ծնողները, արգելելով երեխաներին օգտվել ժեսետրի լեզվից:
«Մի խուլ երեխա ինձ պատմում էր, թե ինչպես էր մայրը պաղպաղակը պահում աչքի առաջ եւ իրեն ստիպում վանկ առ վանկ արտասանել ճիշտ բառը,-պատմեց Զուբեյդա Մելիքյանը,- «Ես տեսնում էի, թե ինչպես է հալվում այն,-պատմում էր այդ երեխան,- ես ուզում էի արագ լպստելով ուտել այդ պաղպաղակը, իսկ մայրս կանգնած ինձ ստիպում էր արտասանել ճիշտ բառը»: Սիրելիներս, մի տանջեք ձեր երեխաներին, թողեք նրանք խոսեն իրենց` ժեստերի լեզվով, դուք սովորեք խուլերի լեզուն, դուք փորձեք հասկանալ նրանց»:
Զուբեյդա Մելիքյանն իրեն համարում է խուլերի մշակույթի կրողը: «Ես միջնորդ եմ երկու հասարակությունների միջեւ, ես մաս եմ կազմում խուլերի մշակույթի եւ միայն 40-անց եմ հասկացել, թե ով եմ ես, ես կամուրջ եմ լսողների եւ չլսողների միջեւ,- հայտարարեց Զուբեյդա Մելիքյանը,- խուլերն այսօր տեղաշարժվելու, աշխատելու, ինտեգրվելու առավել մեծ խնդիրներ ունեն, քան ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող հաշմանդամները եւ Հայստանում միայն միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ հասարակական կազմակերպություններն են փորձում մասսայական դարձնել ժեստերի լեզուն: Այսօր մեր հասարակությունը պիտի ավելի զգայուն լինի խուլերի խնդիրների հանդեպ: Եվ ես ողջունում եմ «Ագաթի» գործունեությունը, որն այսօր մի փոքրիկ օազիս է խուլերի համար Գյումրիում»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել