Նոր ստուգում
ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը երեկ «ՉԻ»-ին տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ֆինանսատնտեսական ստուգումներ է նշանակել ՀՀ բնապահպանության նախարարությունում: Առիթը Սևանա լճի ափամերձ տարածքների վերաբերյալ արված մի հետաքննությունն է, որի շրջանակներում պարբերաբար ներկայացվել են փաստեր, թե ինչպես են գրպանվել պետբյուջեից արված հատկացումները, և Սևանա լճի ափերը չեն մաքրվել:

Սոնա Տռուզյանի տեղեկացմամբ, գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարվող նյութերի ուսումնասիրության շրջանակներում որոշում է կայացվել հանձնարարել ՀՀ ֆինանսների նախարարության վերահսկողության բաժին` ստուգելու ՀՀ բնապահպանության նախարարության ֆինանսատնտեսական գործունեությունը` սկսած 2006 թվականից:
Այսինքն, դատախազությունը փորձում է ճշտել` արդյո՞ք ակտերում գրանցված աշխատանքի ծավալներն ու դրանց դիմաց արված հատկացումները համապատասխանում են իրականությանը: Որպեսզի ամբողջական պատկեր ստանցվի, որոշվել է 2006-ից սկսել ստուգումները: Ամենայն հավանականությամբ, այս ստուգումներից հետո միայն դատախազությունը քրեական գործ կհարուցի:
Համաձայն նոր օրենքի, ՀՀ գլխավոր դատախազությունը միայն կարող է քրեական գործ հարուցել և այն ուղղարկել քննչական մարմիններին: Դա եղել է նաև ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից արված ուսումնադիրությունների արդյունքում դատախազություն ուղարկված գործերի մասով, որոնց առյուծի բաժինն ուղարկվել է ոստիկանություն, որտեղ մեկ տարուց ավելի է, ինչ շարունակվում են նախաքննությունները: Հուսանք, որ այս դեպքում ամեն ինչ ավելի արագ կավարտվի:
Ավազահանքերի ապօրինի շահագործումը ավելի մեծ եռանդով է ընթանում
Վերջին մի քանի ամիսներին Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի ավազահանքերի ապօրինի շահագործման խնդրով կառավարության դիմաց պարբերաբար բողոքի ցույցեր էին կազմակերպվում: Վերջին անգամ կառավարության ներկայացուցիչը ցուցարարներին` Եղեգնուտի բնակիչներին, իր մոտ ընդունելով, խոստացել էր դադարեցնել:
Ինչպես հաղորդում են Արմավիրի մարզից, ավազահանքերի շահագործումը ոչ միայն դադարեցված չէ, այլև ավելի եռանդով է ընթանում, և օրական ավազով բեռնված մի քանի մեքենաներ են այստեղից շարժվում տարբեր ուղղություններով: Այս ավազահանքի շահագործողը, ըստ տեղի բնակիչների, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը` Ճոյտն է, իսկ նրա «փայը»` Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Դիվանագիտությունը դեմարշներ չի սիրում
«Չեմ կարծում, թե Հայաստանը լիսաբոնյան գագաթնաժողովից հետո ուժեղ դիրքեր է ունեցել: Հիմա հերոսություն են համարում, որ Հայաստանն այն ժամանակ օգտագործել է վետոյի իրավունքը: Դա հերոսություն չէ` դեմարշ է, իսկ դիվանագիտության մեջ բանը երբեք չպետք է հասնի դեմարշների:
Դիվանագիտությունը պետք է այնպես կառուցել, որ ստիպված չլինես դուռը շրխկոցով փակել քո հետևից: Դուռը փակելու հնարավորություն միշտ կա, բանակցություններն ընդհանրապես խզելու հնարավորություն էլ կա: Եթե վետոյի իրավունքի կիրառումը ոմանք Հայաստանի ուժեղ դիրքի ցուցանիշ են համարում, ես այդ կարծիքին չեմ:
Դա ընդամենը խոսում է Հայաստանի այն ժամանակվա մեկուսացվածության մասին, որին հետևեցին հայտնի առաջարկությունները, որ մերժվեցին, ինչի պատճառով առաջին նախագահը ստիպված եղավ հրաժարական տալ»,- «Հայոց Աշխարհ»-ի թղթակցին ասաց ԼՂՀ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Հակաամերիկյան տրամադրություններ Ադրբեջանում
«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման այլընտրանքային ուղիներ է փնտրում»,-երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասրակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
«Ադրբեջանը համարժեք քայլեր է ձեռնարկում` որոնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունավետ լուծում: Ներկայումս հակաամերիկյան տրամադրություններն ուղղված են, առաջին հերթին, Հայաստանի զավթողական քաղաքականությունը պաշտպանող Կոնգրեսի և ԱՄՆ-ի իշխանությունների դեմ»,-ասել է Հասանովը:
Ադրբեջանցիները հայերի են սպանել Լենինգրադի մարզում
Ռուսական «կոնկրետնո.ռու» կայքի փոխանցմամբ` Լենինգրադի մարզի Վսևոլոժյան շրջանում բացահայտվել է նախկինում կատարված կրկնակի սպանություն:
«Ոստիկաններին հաջողվել է պարզել, որ սպանվածները` տղամարդ և կին, Հայաստանի քաղքացիներ են, իսկ մարդասպանները` ադրբեջանցիներ»,- հաղորդում է կայքը` հավելելով, որ ոստիկաններին բավական «օգնել» են մարդասպան-ադբեջանցիները` ինքնակամ ներկայանալով ոստիկանություն և ցույց տալով այն տեղը, որտեղ թաղել էին զոհերին:
Կճանաչի՞
Ապրիլի 28-ին Իսրայելի խորհրդարանում` Կնեսետում, քննարկման կդրվի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել «Մերեց» խմբակցությունը: Նկատի առնելով վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններում առկա լարվածությունը` շատ խորհրդականներ մտադիր են կողմ քվեարկել բանաձևի ընդունմանը` այդ կերպ վրեժխնդիր լինելով Անկարայից հնչող հակահրեական հայտարարությունների համար:
Բայցևայնպես, հավանական է նաև, որ իսրայելական կառավարության միջամտությամբ նման քննարկումը հերթական անգամ կասեցվի:
Գրասի հորդորը
Գերմանացի աշխարհահռչակ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունտեր Գրասը Թուրքիային կոչ է արել հայերից ներողություն հայցել 1925 թ. հանցանքի համար: Այդ կոչը նա արել է Ստամբուլում, որտեղ մասնակցել է «Եվրոպական գրականությունը Թուրքիայում» խորագրով կազմակերպված հավաքին: Գրասի խոսքերով` մարդկության համար դժվար է, բայց շատ կարևոր կարողանալ հաշտվել անցյալի հետ:
«Գերմանացի կանցլեր Վիլի Բրանդտը ժամանակին ծնկի է եկել և ներողություն հայցել հրեաներից: Չե՞ք մտածում, որ հիմա ժամանակն է, որ Թուրքիան 1915 թ.-ի համար ներողություն հայցի Հայաստանից և Թուրքիայում ապրող հայերից»,- ասել է Գրասը:
Նա խուսափել է օգտագորել «ցեղասպանություն» բառը` ասելով, որ Թուրքիան պետք է վճռի, թե ինչպես է պետք որակել 1915-ի իրադարձությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել