Պատվի բլուր հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները շարունակվում են
Ապրիլի 16-ին Գյումրիում Պատվի բլրի բարեկարգման աշխատանքների քննարկման նպատակով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, Մոսկվայից ժամանած, «Ռոսսոտրուդինչեստվո» դաշնային գործակալության ղեկավար Ֆարիտ Մուխամետշինը և «Պատվի գործ» հայ-ռուսական բարեգործական կազմակերպության նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը:
Ինչպես նշվում է «Պատվի գործ» կազմակերպության տարածած մամուլի հաղորդագրության մեջ, ներկաները տեղում ծանոթացան ընթացող շինարարությանը և բարձր գնահատեցին կատարված աշխատանքները, ինչպես նաև կարևորեցին ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը:
Գյումրի քաղաքում վերականգնվում է 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների և զինվորական բժիշկների` «Պատվի բլուր» կոչվող գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:
ՀՀ Շիրակի մարզպետի և ՌԴ Ուլյանովսկի նահանգապետի համագործակցության արդյունքում, ՀՀ և ՌԴ իշխանությունների աջակցությամբ, դեկտեմբեր ամսից սկսվել էին քանդման, վերակառուցման ու բարեկարգման աշխատանքները, որոնք ամբողջությամբ իրականացնում է հատուկ այդ նպատակով ստեղծված «Պատվի գործ» ռուս-հայկական բարեգործական կազմակերպությունը: Կազմակերպության համանախագահներն են «Ռոսսոտրուդինչեստվո» գործակալության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վիկտոր Կրիվոպուսկովը և հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը:
Պատվի բլուր հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները նախատեսված է ավարտել 2010թ. մայիսին` ի պատիվ Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 65-ամյակի:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել