HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ռուբեն Հախվերդյանն իր երգերը չի սիրում

«Հիմա սիմպատիչնի եմ»,- գլխարկը հանելուց հետո ասաց և այսպես ասուլիսը սկսեց երգահան Ռուբեն Հախվերդյանը: Նա հող է գնել Քասախ գյուղում, ծառեր է տնկել և այսօր պետք է ջրի, այդ իսկ պատճաով շտապում էր: Մահվանից բացի, ինչպես Ռուբեն Հախվերդյանն է ասում, իրեն կստիպի չստեղծագործել այն, որ 4 այծ պահի և զբաղվի բանջարաբոստանային կուլտուրայով: Իսկ առայժմ նա ստեղծագործում է «օդում, ջրում և ցամաքում», բայց ավելի հաճախ` խոհանոցում` կիթառով, որպեսզի չխանգարի երեխաներին: Հախվերդյանը ստեղծագործում է, բայց իրեն ստեղծագործող չի համարում. «Ես թեմատիկ երգեր չեմ գրում, ուղղակի բառեր եմ գրում, հետո որ իրար են կպչում, երգ է դառնում: Եթե ինչ-որ մի բան ստացվում է, ապա Աստծո օգնությամբ, ինչ-որ մեկը ինձ թելադրում է, գրում եմ»: Հախվերդյանը չի սիրում, երբ իրեն պարոն են ասում, պարզապես` Ռուբեն. «Պարոն ասում են հազվագյուտ անգրագետ ու տխմար մարդկանց և ասում են այն մարդկանց,որոնք կապ ունեն այդ պարոնի հետ»: Ռուբեն Հախվերդյանը չի սիրում նաև իր երգերը. «Միշտ որևէ երգ վերջացնելիս, մտածում ես, որ կարելի էր ավելի լավ բան գրել, եթե դու քո երգը սիրում ես, ուրեմն տառապում ես նարցիսի կոմպլեքսով և չես կարող այլևս երգ գրել»: Նա չի հաշվել, թե քանի երգ ունի, ասում է, թե մի քանի հատ պլաստինկա է: Վերջին երգը մտքում է, բայց դեռ թղթին չի հանձնել: Ռուբեն Հախվերդյանը երգերի վրա երկար է աշխատում, հարյուր անգամ մի բառը կարող է փոխել, մի երգ գրելու համար 2-3 տարի ստեղծագործել: Նա սիրում է Սթինգի երգերը: Լսում է արտասահմանյան երգիչներին`նշելով, որ այստեղ երգիչներ չկան, որոնց կարելի է լսել: Ականջի պոչով լսում է «Էմփիռեյ»: Երբ իր երգի բառերը փոխում են, նա վիրավորվում է, չի հավանում, երբ Հայկոն «կանացի ձայնով երգում է «Երևանի գիշերները», իսկ երբ Սոնա Շահգելդյանն է երգում, ասում է` դա տղամարդու երգելու երգ է: Ինչ վերաբերում է Հայկոյի կատարմամբ երգի մեջ փոխված բառերին, ապա Հախվերդյանն իր հեղինակային իրավունքները պաշտպանելու առումով նշում է, որ մեր երկրում մարդն իրավունքներ չունի: Ինչ վերաբերում է իր ձայներիզները կեղծելուն, Ռուբեն Հախվերդյանը կեղծողներին ասում է. «Ես իրենց պապան եմ, ուղղակի մամային չեմ ճանաչում: Որովհետև իրենց տունը նաև իմ աշխատանքով են պահում: Չստացվե՞ց, որ ես իրենց հայրիկներից մեկն եմ»: Հախվերդյանն իրեն հայրենասեր չի համարում. «Ոչ, երբեք, չեմ հասկանում այդ բառի իմաստը»: Ինչ վերաբերում է այսօրվա քաղաքական իրավիճակին, ապա Ռուբեն Հախվերդյանը նշում է, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում, և իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են անում. «Կարծեմ գերտերությունների բազարն է: Ես էս ամեն ինչի մասին միշտ էլ խոսել եմ, և գիտեմ, որ ոչինչ չի փոխվի իմ ասելուց: Դրա համար էլ ժլատախոս եմ: Մարմնավաճառները միանգամից կույս պիտի դառնան»: Իսկ իրավիճակը փոխողը, ըստ երգահանի, այսօրվա սերունդն է, ով իրենցից ավելի խելացի է. «Ժամանակին, երբ եռանդ կար մեջս և ցասում կարգերի նկատմամբ, ինչ կարողացել եմ, արել եմ»: Նա ասում է` երբեք չեր մտածել Հայաստանից գնալու մասին, բայց հիմա մտածում է: Չէր ցանկանա, որ իր երեխաները «այս այլանդակ հասարակությունում» ապրեին: Նրա երեխաները չեն ստեղծագործում և դրա համար  ուրախ է. «Ստեղծագործելը հոգևոր ստրիպտիզ է, երբ դու քո և նաև այլոց կյանքն ես պատմում»: «Ես խմիչք չեմ սիրում, օգտագործում եմ տարին մեկ անգամ, մի ամսով, բայց բոլ-բոլ, հունվար-փետրվար ամիսներին: Երբ ընտանիքն ապահովված է, ես նստում եմ բուտիլկի վրա»,- պատմում է Հախվերդյանը: Երգիչը վազում է, զբաղվում ֆիզիկական մարմնամարզությամբ, ասում է`ալկոհոլիկները լինում են կազմակերպված և անկազմակերպ, ինքը իրեն համարում է կազմակերպված ալկոհոլիկ: Երգահանի երազանքն է, որ մարդիկ կուշտ ապրեն, որովհետև երբ մարդը քաղցած է լինում, վայրի գազանից էլ վտանգավոր է դառնում. «Մեր երկրում ամեն ինչ շատ լավ քննարկվում է, բայց երբ կյանք է մտնւմ, չի ստացվում: Դա նման է նրան, որ տղամարդը միշտ խոսում է տղամարդկայնությունից, իսկ երբ մտնում է անկողին, դառնում է իմպոտենտ»: Երևանը Հախվերդյանին օտար է դարձել, քանի որ իր ընկերների մեծ մասն արդեն կենդանի չեն, իսկ նրանք, ովքեր կան, փոխվել են: «Մեծագույն ապուշություն էր մետրո սարքելը, միլիոնանոց քաղաք սարքելը, քանի որ այստեղ գտնվողները գնացին Մոսկվա, Լոս Անջելես, Եվրոպա, և այդպես պրծավ ազգը, և այլն, և այլն, և այլն...» Ապրիլի 28 ,29, 30-ին Երևանի «Մեցո» սրճարանում Ռուբեն Հախվերդյանի համերգն է: Երգահանը համերգներ կտա նաև Արցախում: Սեպտեմբերին նա գնալու է ԱՄՆ: Համերգներ կտա նաև Իրանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter