Հերթական «ռազբորկան» Նոր Նորքում
Մոտ 1.5 ժամ առաջ Նոր Նորք վարչական շրջանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի դիմաց հերթական «ռազբորկան» է տեղի ունեցել: Զոհեր չկան, սակայն մեծ թվող արտասահմանյան մակնիշի ավտոմեքենաներ են կուտակված այնտեղ: Ինչպես հայտնում է դեպքի վայրում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությունը արագ հասել է դեպքի վայր և վնասազերծել խմբին:
Այս պահին ոստիկանությունը խուզարկություն և տեղազննություն է անցկացնում ընթերակաների ներկայությամբ: Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, մասնավորապես թմբուկավոր ատրճանակ, մակարով տեսակի ատրճանակ և այլն: Մոտ 30-40 անձանց ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել:
Թե ինչն է եղել պատճառը, ոստիկանությունը դեռևս չի հայտնում, սակայն, մեր տեղեկություններով, պատճառը եղել է Նորքում հայտնի հեղինակություն Դմբուզ Հենդոյին պատկանող տվյալ տարածքը, որտեղ տեղակայված է ավտոլվացման կետ, հարակից սննդի կետ` բիստրոն, շինություններ և հողատարածք: Հենց այս հողատարածքը, որտեղ պետք է կառուցվեր բնակելի շենք, որոշ ժամանակ առաջ ձեռք է բերել մեկ այլ անձնավորություն (ավելի ուշ ճշգրիտ տվյալները կներկայացնենք):
«Ռազբորկայի» մասնակիցների մեծ մասը աբովյանցիներ են: Նրանց մի մասն էլ կրել են ԲՀԿ կրծքանշաններ: Քրեական հեղինակությունների և հանցավոր աշխարհի ներկայացուցիչների այս «հավաքին» մասնակցել է նաև երրորդմասցի Հոնչը: Վերջինս նախկին փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի բարեկամն է:
Դեպքի վայրում են եղել փոխոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Գագիկ Ավետիսյանը, ինչպես նաև ճանապարհային վարության աշխատակիցները: Իսկ 6-րդ վարչության պետի տեղակալ Կարեն Բաբակեխյանը խոչընդոտել է լրագրողների աշխատանքին:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել