Հանձնաժողովը գործել է իր իրավասությունների շրջանակներում, բայց հանձնաժողովի անդամներիի կեսն է քննել «Ա1+»-ի հայտը
Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացավ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձանաժողովի (ՀՌԱՀ) դեմ «Մելտեքս» ՍՊԸ-ի ներկայացրած հայցի դատաքննությունը: «Մելտեքս» ՍՊԸ-ն դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 2010թ. դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը, որով «Ա1+» հեռուստատեսությանը մերժեցին եթեր տրամադրվել:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին դատավոր Արգիշտի Ղազարյանը բավարարել էր հայցվորի ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանի միջնորդությունը, այն է՝ դատաքննությանը որպես երրորդ անձ ներգրավել «Արմնյուզ» ՓԲԸ-ին: Հայցվորի միջնորդությունը պայմանավորված էր նրանով, որ (ՀՌԱՀ) 96-Ա որոշումը, որով հեռարձակման լիցենզիա է ստացել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, միևնույն հաճախականության համար պայքարում` հաղթելով «Ա1+»-ին, տարակուսանք է առաջացնում, թե ինչպես ՀՌԱՀ-ը չի նկատել դրանում տեղ գտած սխալները և հետևողականություն չի ցուցաբերել այնպես, ինչպես «Մելտեքսի» պարագայում, քանի որ ՀՌԱՀ-ն «Արմնյուզին» հաղթող ճանաչելու որոշումը հիմնավորել է` հղում անելով այդ հեռուստաընկերության ներկայացրած միակ ֆինանսական փաստաթղթին:
«Մելտեսքսը» ներկայացրել է նմանատիպ 6 փաստաթուղթ, որոնցից մեկով «Ա1+»-ին ֆրանսիացի գործարար Աննա Տանիելյանի խոստացած 280 հազար եվրոն ուղղակի համարվել է առոչինչ, քանզի գործարարը հիշյալ փաստաթուղթը չի ստորագրել, չնայած ներկայացված բլանկը պարունակել է Տանիելյանի բոլոր տվյալները, նույնիսկ հարկային կոդը:
Դատարանը կողմերի համաձայնությամբ բավարարեց 3-րդ կողմի՝ «Արմնյուզ» ՓԲԸ-ի խնդրանքը՝ շարունակել դատաքննությունը իր ներկայացուցչի բացակայությամբ:
Սահակյանը իր բացման խոսքում նշեց հայցվորի իրավունքի խախտումը և խախտման տեսակը, այն է՝ հանձնաժողովը, օրենքի համաձայն, պարտավոր էր փաստաթղթային անճշտություն հայտնաբերելու դեպքում դիմողին տեղեկացնել խախտման մասին, որպեսզի «Մելտեքս» ընկերությունը վերանայեր հնարավոր անճշտությունները և կրկին մրցույթին մասնակցելու հնարավորություն ունենար: Սակայն հանձնաժողովի նախագահը դա չի արել, և նրա անգործության հետևանքով ընկերությունը զրկվել է մրցույթին մասնակցելու հնարավորությունից:
Դատավորի հարցին, թե պահանջի փաստական հիմքը ո՞րն է, հայցվորը պատասխանեց, որ իրենց պահանջի փաստական հիմք է հանդիսանում հանձնաժողովի կողմից անգործությունը և ոչ համաչափ գործողություննները:
Դատավորը հերթական հարցը հղեց այն մասին, թե արդյոք հայցվորն ընդունու՞մ է, որ իր մրցույթի հայտի մեջ առկա են կեղծ փաստաթղթեր՝ կապված այն կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսական միջոցներ պետք է տրամադրեին «Ա1+»-ին:
Սահակյանը պատասխանեց, որ` այո, դա ճիշտ է և ավելացրեց, որ իրենք նույնպես խաբված են եղել:
Դատավորի հերթական հարցին, որ եթե հանձնաժողովը հաշվի չառներ տվյալ կազմակերպությունների ֆինանսական միջոցների բացակայությունը, ապա «Ա1+»-ն արդյոք բավարար ֆինանսական միջոցներ կունենա՞ր հետագա գործունեություն ծավալելու համար, Սարգսյանը պատասխանեց, որ` կունենար և կարող էր, քանի որ «Ա1+»-ին բավարար էին թե «Մելտեքս» ՍՊԸ-ի անձնական միջոցները, թե հիմնադիր տնօրենի անձնական միջոցները և թե Աննա Տանիելյան ընտանիքի առաջարկած դրամական միջոցները:
Ըստ հայցվորի՝ հանձնաժողովի 7 անդամներից միայն կեսն է քննել «Ա1+»-ի հայտը, մնացածին տեղյակ չի պահվել դրա մասին, ինչը վկայում է հանձնաժողովի նախագահ Գ. Ամալյանի ոչ անաչառ գործողությունների մասին:
Պատասխանողն էլ իր հերթին նշեց, որ 50-օրյա ժամանակը լրիվ բավական էր հայտերի քննության համար: Եվ այն հանգամանքը, որ հանձնաժողովը լրիվ կազմով չի քննել «Ա1+»-ի և «Արմնյուզ»-ի հայտերը, միայն հայցվորի ենթադրությունն է:
Հայցվորն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ պնդում է, որ ՀՌԱՀ թիվ 96-Ա որոշումը անվավեր ճանաչվի, իսկ պատասխանողն էլ եզրափակեց, որ հանձնաժողովը գործել է օրենքով իրեն տրված իրավասությունների շրջանակներում և խնդրեց, որ դատարանը մերժի հայցը:
Դատական ակտի հրապարակման օր նշանակվեց հոկտեմբերի 3-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել