HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Վասն Իջեւանի քոլեջի, ծխելու եւ «ներքին կանոնների»

Իջեւանցիները տեղի պետական քոլեջը խորհրդային ժամանակների իներցիայով «տեխնիկում» են կոչում: Խորհրդային շրջանում Իջեւանի տեխնիկումը ուսանողների պակաս չէր զգում: Սակայն ժամանակի հետ փոխվել է իրավիճակը: Քոլեջի ուսանողներից մեկն ասաց, որ հաճախ կեսօրից հետո այստեղ դասեր չեն լինում: Հենց կեսօրին էլ գնացի քոլեջ: Դեռ ճանապարհին տեսա պատանիների եւ աղջիկների խմբեր, որոնք ուսումնական հաստատության դարպասից դուրս էին գալիս: Տնօրեն Արիս Թորոսյանին ցանկություն հայտնեցի լինել որեւէ լսարանում: Պարզվեց, որ ոչ մի լսարանում այդ ժամանակ դաս չկա: Դասատուների բացակայության վերաբերյալ քոլեջի տնօրենի բացատրությունները լսելով` հիշեցի «Մկների ժողովը»: Նրա խոսքերով` իրավունքի հիմունքներ պարապող եւ մեկ այլ դասատու հիվանդ պառկած են, հայոց լեզու եւ գրականություն դասավանդողը այդ օրը սայթաքել-ընկել է ճանապարհին, դասատուներից մեկը սրտաբանականում խնամում է հիվանդ ամուսնուն, մեկ ուրիշի հորեղբայրն է մահացել: Տնօրենը եւ ուսմասվար Հայկ Բրուտյանը լրագրողիս հավաստիացրին, որ 5 դասախոսի բացակայությունը պատահական զուգադիպություն է, սովորաբար կեսօրից հետո էլ ուսումնական պարապմունքները բնականոն են ընթանում: Սակայն զրույցի ընթացքում տնօրենը խոստովանեց. «Մեր ուսանողների 70-80 տոկոսը Իջեւանի տարածաշրջանի գյուղերից են: Հիմնականում ժամը 13.30-ին են շարժվում Իջեւանից գյուղեր մեկնող ավտուբուսները: Ուսանողները պետք է հասցնեն դրանց, որովհետեւ գյուղ հաջորդ ավտոբուսը ժամը 17-ին է մեկնում»: Տեղեկացա, որ այս ուսումնական տարում ուսման վարձը չմուծելու եւ դասերից բացակայելու պատճառով 30 ուսանող հեռացվել է քոլեջից: Այս երկու պատճառները միասին են նշվում, քանզի ուսման վարձը մուծել չկարողացող ուսանողը սովորաբար դասերի չի հաճախում: Ուսման տարեկան վարձը համեմատաբար մեծ չէ` 70 հազար դրամ: Քոլեջում վատ է ուսանողների ընդունելության ցուցանիշը: Այս ուսումնական տարում պետպատվերով պետք է ընդունվեր 18 դիմորդ, եւ պլանը կատարվել է: Սակայն վճարովի հիմունքներով նախատեսված 205 դիմորդի փոխարեն քոլեջ է ընդունվել ընդամենը 139-ը: «Ո՞րն է դրա պատճառը»,- հարցնում եմ տնօրեն Ա. Թորոսյանին: «Դե, ազգային ցավ է, մենք գիտենք, որ բոլորն էլ ձգտում են բարձրագույն կրթութուն ստանալ: Արհեստները հիմա կարեւոր են, արհեստավորների պակաս է զգացվում, սակայն անպայման «բարձրագույնում» սովորելու մղումը դիմորդների մոտ տենդի պես հիվանդություն է դարձել»: Քոլեջի ընդհանուր թվով 462 ուսանողներից (առկա ուսուցմամբ` 312, հեռակա` 150) 53-ը պետպատվերով է սովորում: Նրանց շուրջ 70 տոկոսը ստանում է պետական կրթաթոշակ` ամսական 4750 դրամ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պետպատվերով ուսուցանվող մասնագիտությունների ցանկը կազմելիս հաշվի կառնվի աշխատաշուկայի պահանջարկը: Իջեւանի պետական քոլեջը դեռ չի ընկալել աշխատաշուկայի պահանջարկը, քոլեջի ղեկավարության համար հիմնահարց է պատանիների ու աղջիկների շրջանում պահանջարկ ունեցող մասնագիտություններ «գտնելը»: Երկու տարի առաջ դիմորդներ չլինելու պատճառով «փակվել են» «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ», «Դասավանդում տարրական դասարաններում» եւ «Ֆրանսերեն լեզվի ուսուցում» մասնագիտությունները: «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» մասնագիտության համար ընդամենը 6-7 դիմորդ ենք ունեցել, նրանց ստիպված տեղափոխել ենք այլ մասնագիտություններ ուսանելու: Բայց այս տարի նորից այս մասնագիտության պահանջարկ կա, դիմորդները ցանկություն են հայտնել»,- ասում է տնօրենը: Երկրորդ տարին է, ինչ ուսուցանվում է «Ռուսաց լեզվի դասավանդում» մասնագիտությունը (ուսման 3 տարի տեւողությամբ): Սակայն պահանջվող 15 հոգու փոխարեն 2-րդ կուրսում 10 հոգի են, առաջինում` 6 հոգի: «Ընդունելության գործը գնալով վատանում է, եթե հաջորդ տարի ընդհանրապես ընդունելություն չլինի, առավել վատ վիճակում ենք հայտնվելու»,- մտահոգված է պրն Թորոսյանը: Քոլեջի ղեկավարները նախատեսում են 2010-2011 ուսումնական տարում արհեստագործական նոր մասնագիտություններ` «Հասարակական սննդի կազմակերպում» եւ «Ոսկերչություն» ուսուցանել: Դասընթացները կտեւեն մեկ տարի: Արդեն ստացվել են դրանց լաբորատորիաների սարքավորումները: Ընդհանրապես, քոլեջը տեխնիկապես լավ «զինված է». ԿԳ նախարարությունը տրամադրել է նյութատեխնիկական բազա, Եվրամիության ՏԱՍԻՍ շարունակական ծրագրով այստեղ կահավորվել են քիմիայի, ֆիզիկայի, մաթեմատիկայի, համակարգչային տեխնիկայի լաբորատորիաները: «Համակարգչային 3 լաբորատորիա ունենք, ուսանողներն ամբողջ օրը` դասաժամերին, համակարգչով աշխատում են, եթե պետք է` դասաժամերից դուրս էլ են զբաղվում»,- ասում է տնօրենը: Կարելի է հավատալ կամ չհավատալ տնօրենի խոսքերին, սակայն նրա աշխատասենյակից ոչ հեռու, պատին փակցված ծխելու դեմ հիշեցում-գրության մեջ համակարգչային շարվածքի վերջակետը բոլոր 5 տեղերում էլ միեւնույն սխալ ձեւով էր գրված: Ծխելու դեմ տնօրենի պայքարն առանձնահատուկ է: Քոլեջում փակցված են ծխելու արգելքի մասին զգուշացումներ: Արիս Թորոսյանից տեղեկանում եմ, որ «տաբուն» վերաբերում է շենքի ներսին: «Տղամարդ 11 դասատուները ծխում են դրսում: Ես իմ աշխատասենյակի պատշգամբում եմ ծխում»,- ասում է ուսմասվար Բրուտյանը: Քոլեջի պատերին երկու ուշագրավ գրություններ տեսա` «Քոլեջի աշխատողների ներքին կանոնները» եւ «Քոլեջի ուսանողների պարտականությունները» վերնագրով: Քոլեջի աշխատողի «ներքին կանոններ» ասվածը դժվար է հասկանալ: Սակայն ոչ միայն վերնագիրը, այլ նաեւ բովանդակությունն է զարմանք պատճառում: Օրինակ` այդ կանոնների 6-րդ կետը սահմանում է. «Բոլոր աշխատողները ունեն հանգստի իրավունք աշխատանքային օրվա ու աշխատանքային շաբաթվա սահմանափակման», 11-րդ կետով` «արձակուրդների ժամանակ դասախոսները կարող են կանչվել տնօրենի կողմից», 14-րդ կետով «ամենօրյա աշխատանքները ընդմիջվում են 30 րոպե հանգստով»: Ուսանողների պարտականությունների 5-րդ կետով պահանջվում է. «Բարձրացնել գաղափարական եւ մշակութային մակարդակը»: 17-18-ամյա պատանիներն ու աղջիկները ինչպե՞ս են բարձրացնելու իրենց գաղափարական եւ մշակութային մակարդակը, եւ ո՞վ ու ինչպե՞ս է չափելու այդ «բարձրացումը»: Նույն կանոնների 10-րդ կետը պահանջում է. «Դասի ժամանակ լինել ուշադիր եւ պահանջել չխանգարել ուրիշներին»: Ուսանողը ո՞ւմից պիտի պահանջի ուրիշներին չխանգարել, երեւի` իր կուրսընկերներից: Այդ դեպքում կարգուկանոն հաստատելու համար ի՞նչ պիտի անի դասատուն: Այս ամենը կարող է ծիծաղելի թվալ, սակայն Իջեւանի քոլեջում իրավիճակը մտահոգիչ է: Քոլեջի 59 դասախոսների համար դեռեւս չի մուծվել փետրվար ամսվա կենսաթոշակային հիմնադրամի վճարները` մոտ 900 հազար դրամ: Տնօրենի խոսքերով` այդ պատճառով տուգանքներ են մուծում պետբյուջե:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter