
«Մարդիկ աղետի դեմ միայնակ կանգնած են և օրենքների շրջանակներում պաշտոնական և պետական կառույցների կողմից լքված իրավիճակում են հայտնված»: Ապրիլի 17-ին Երևանի «Ակումբ»-ում «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության» հիմնադրամի կողմից կազմակերպված բանավեճը այս շրջանակներում մեկնաբանեց բնապահպանական և մարդու իրավունքների գլոբալ և տեղայնացված խնդիրները:
Քննարկման ընթացքում մասնակիցներն արձանագրեցին, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հանքահումքային արտադրության ներդրողները և կառավարությունը մարդու առողջության և շրջակա միջավայրի աղտոտվածության հետևանքների համար պատասխանատվություն չեն ստանձնում:
Քննարկումը ծավալվեց մասնակիցների համար ցուցադրված «Ողջաբերդ» և «Մաքս Յունիոն» տեսաֆիլմերի շուրջ: «Ողջաբերդ» ֆիլմում ներկայացված է հողերի սողանքների հետևանքով ողջաբերդցիների մտավախությունները, որին անհաղորդ է մնում պետությունը:
Երկրորդ ֆիլմում ներկայացված է Պերուի գետերից մեկը, որտեղ թափվում են նավթագործական ընկերության թափոններ, և առողջական աղետների ենթարկվող բնակչությունն իր բողոքն է հայտնում, որ ոչ ոք չկա` իրենց ձայնը լսող:
«Անկախ նրանից, թե դա բնական աղետ է, թե հանքահումքային արտադրության հետևանքով առաջացած աղետ, մարդիկ աղետի հետ մենակ են, չկա մի ուժ, որ կանգնած լինի նրանց կողքին, որպեսզի օժանդակեն, լսեն բողոքները մարդկանց: Այս տեսակ պատմությունները երկրագնդի տարբեր ծայրերում նույն են` վատ իմաստով: Թե Հայաստանում, թե աշխարհի մյուս ծայրում հիմնականում նույն անպատասխանատվությունն է, որ մարդկության հանդեպ կիրառվում է մեծ ընկերությունների կողմից: Ողղակի Հայաստանում ավելի լուրջ խնդիր կա, որ բացի ընկերություններից, պետական պատասխանատու որոշ մարմիններ էլ են որոշ առումներով օգտակար լինում պատասխանատվություն չկրելուն»,- ասաց հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանը:
Ցուցադրված երկու ֆիլմերում էր ֆիքսված էր ընդամենը բնակչության դժգոհություններն ու մտահոգությունները, բացակայում էին ընկերությունների և կառավարության ներկայացուցիչների մեկնաբանություններն ու բացատրությունները: Այդուհանդերձ, ինչպես գնահատեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շրջակա միջավայրի հարցերով ազգային պատասխանատու Գոհար Ղազինյանը` երկու ֆիլմերն էլ ծանր էին.
«Այստեղ կոմպլեքս խնդիրներ ունենք: Ունենք պետության խնդիր, որը պատասխանատվություն չի կրում, ամենայն հավանականությամբ կոռումպացված է: Եվ ունենք չկրթված մարդիկ, ովքեր չգիտեն իրենց իրավունքները և չեն կարողանում իրենց պաշտպանել: Ոչ մի կառավարություն կամավոր բարի վերաբերմունք չի ունեցել ժողովրդի նկատմամբ: Եվրոպայում մի քանի հարյուրամյակ տևեց և հազարավոր զոհերով կառուցվեց այն պետությունը , որը հիմա համարում են կայուն ժողովրդավար»,-ասաց նա:
Գոհար Ղազինյանը հայտնեց, որ ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի բոլոր գործողությունները ուղղված են ոչ մի պարագայում իրավունքները չզիջելուն և արժանապատիվ կյանք պահանջելուն: Թե ինչպես պետք է դա գործի իրականության մեջ, ըստ բանախոսի, պետք է լինի յուրաքանչյուրի կյանքի նպատակը և ապրելակերպը:
Շրջակա միջավայրի և մարդու իրավունքների կապի վերաբերյալ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի մոտեցումները ներկայացրեց Թամարա Հովնանյանը.
«Մեր կազմակերպությունը երկար տարիներ աշխատում է մարդու իրավունքների ոլորտում, և չնայած կոնկրետ չենք զբաղվում է կոլոգիական իրավունքներով, սակայն ինձ թվում է, որ էդ իրավունքը հետաքրքրում է յուրաքանչյուրիս, և անկախ նրանից, թե ինչպես ենք մենք ընկալում էկոլոգիական իրավունքը: Ինչպես հայտնի է` երկու մոտեցում կա, դիտարկել դա առանձին որպես մարդու իրավունք, և որպես իրավունք, որը փոխվում է մարդու հիմնարար իրավունքի, այսինքն կյանքի իրավունքի, առողջության իրավունքի, որը ներկայիս կարևորագույն խնդիրներից է»:
Թամարա Հովնանյանը հայտնեց իր կարծիքը ցուցադրված կինոնկարների մասին. «Միգուցե դրանք մի քիչ ուրիշ ձևով պետք է նկարահանվեր: Առաջին հերթին պետք է ներկայացնել տարբեր մարդկանց կարծիքները, այսինքն` ոչ թե ցույց տալ տուժածներին և խնդիրը, այլ տարբեր կողմերից դա լուսաբանել, իշխանության ներկայացուցիչներին փորձել ինչ-որ հարցադրումներ տալ: Վերջում ասվեց, որ ընկերությանը դիմել են, բայց միևնույնն է այս խնդիրը շատ միակողմանի ցուցադրվեց և ի վերջո, շատ բարդ է հասկանալ, թե ինչ պետք է անել այդ իրավիճակում»:
Սակայն հիմնադրամի նախագահ Ռուբեն Խաչատրյանն ասաց, որ ֆիլմերը միայն առիթ են, որպեսզի անդրադարձ արվի թեմայի շուրջ, ցուցադրումը խնդիր է ունեցել թեման հասցնել իրականությանը և հասկանալ մեր իրականության առավել ակտուալ խնդիրները:
Քննարկման կազմակերպչի առաջարկով` այն տեղափոխվեց Հայաստանի դաշտ: Մարդու իրավունքների և շրջակա միջավայրի վիճակի ոլորտում Հայաստանում տիրող կոռուպցիայի և Թեղուտի հանքավայրի շուրջ իրադարձությունների մասին խոսեց «Էկոդար» ՀԿ-ի նախագահ Հրայր Սավզյանը, որը կարևորեց բնապահպանական ոլորտում պայքարի արդյունավետ միջոցների հայտնաբերումը.
«Ոլորտը կոռումպացված է: Արմատը հենց դրանում է: Հիմնախնդիրներից մեկը դա է: Մեր գետերը` Արաքսը, Դեբեդը, Ողջին և մյուսները հիմնականում թունավորվում են հանքարդյունաբերության կողմից: Ես դեռ պայքարի հաջող դեպք չեմ հիշում. Թեղուտի հանքի հետ կապված անցանք դատական պրոցեսների: Սակայն դատական պրոցես տեղի չունեցավ, դատավորը որոշեց արագացված կարգով լսել հայցը և վճիռը, որը տվեցին մեր ձեռքը, որտեղ գրված է, որ ես ու իմ կազմակերպությունը չենք կարող այս հարցը վիճարկել: Հիմա մենք կբողոքարկենք վճռաբեկ դատարան: Թեղուտը մեր մտավախություն է»,-ասաց նա:
«Էկոդար» ՀԿ-ի նախագահը կարևորեց նաև բնապահպանական հիմնախնդիրներին բնակչության տեղեկացվածության հարցը. «Սկզբնական շրջանում «Վալլեքս» խմբի տարածած փիառը, որ հիպնոսացրել էր գյուղացիներին ու շատերը, որ կարծում էին, թե Թեղուտում ստեղծվելու է իսկապես դրախտային պայմաններ, և աշխատավարձի հետ կապված մեծ ակնկալիքներ ունեին, դրա կողքին մեր տարածած տեղեկությունները` բազմաթիվ թերթիկներ, վերջերս ֆիլմ նկարահանվեց, քննարկումներ է եղել գյուղացիների հետ, հիմա ինչ-ինչ պատճառներով, ոնց որ թեղուտցիները ավելի հեռուն են նայում, կարծես թե հասկանում են, որ այսօր, հացի խնդիր լուծելով, անտեսում են ապագա էկոլոգիական մեծ վտանգները: Պտուղներ դա տվել է, բայց ցավոք արդեն ուշ է: Պրոցեսն ընթացքի մեջ է»:
Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջիկայում հանրապետության տարածքում կշրջի «Կանաչ ավտոբուս», որը բնակչության շրջանում կտարածի բնապահպանական ճանաչողական նյութեր, գրքեր, բուկլետներ: Ավտոբուսը կոնկրետ աշխատանքեր է տանելու հանրության հետ:
Շրջայցը կընդգրկի նաև Թեղուտի և Ալավերդու էկոլոգիական վտանգները: Բնապահպանական խնդիրը բարդ որակեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի փորձագետ Գենադի Խոջոյանը: Նա կարևորեց ՀԿ-ների և պետության համագործակցությունը.
«Ես ջանքեր եմ գործադրել, որպեսզի ՀԿ-ների և պետության միջև լինի երկխոսություն, քանի որ նույն գործն է մեր առջև դրված, որպեսզի ինչ-ինչ խնդիրներ լուծենք, բայց, ցավոք, դրան չկարողացանք հասնել: Երևի սա կարևոր խնդիրներից մեկն է, որը պետք է լուծենք»:
Բանախոսը համաձայնեց, որ ոլորտում կոռուպցիա գոյություն ունի, որը տարբեր հարցերում, այդ թվում բնապահպանական ոլորտում շատ մեծ խոչընդոտ է: Նա գտնում էր, որ պետք է մտածել, թե ինչպես անել, որ պետական մարմինները համաձայն լինեն ՀԿ-ների գործողություններին.
«Քանի որ առանց այդ համաձայնության մենք որքան էլ հզոր լինենք, պետությունը հզոր լծակներ ունի, և միշտ տապալում են բարձրացված խնդրի լուծումը»,- ասաց նա Գենադի Խոչոյանին հարց ուղղվեց, թե արդյոք չի խոսում կոմպրոմիսի մասին. «Այստեղ կոմպրոմիսը արդյունքն է արդեն: Երկխոսություն գոյություն չունի: Չկա»,- ասաց նա:
Քննարկման մասնակիցներից ոմանք գտնում էին, որ բնապահպանական ոլորտում մեր պետության հետ համագործակցելը անհնարին է: Այդուհանդերձ քննարկման մասնակիցները անհրաժեշտություն համարեցին ուժեղացնել բոլոր ՀԿ-ների համագործակցությունը և ճնշումը կառավարության վրա` մասնավորապես աշխատատեղերի ստեղծման և սոցիալական խնդիրների լուծման համար, քանի որ հանքահումքային արդյունաբերողները Հայաստանում բնապահպանական խնդիրներում բնակչության իրավունքները անարգել ոտնհարում են հենց այդ խնդիրների շահարկումով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել