HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ վարչապետի դիմումի հիման վրա իրականացված ծառայողական քննության արդյունքները

Ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի նկատմամբ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված` խիստ նկատողություն կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու համաձայնություն տալու հարցը պարզելու համար իրականացված ծառայողական քննությունը: Դրա համար հիմք էին ծառայել ՀՀ ՔԾ Խորհրդին ուղղված ՀՀ վարչապետի 2010թ. մարտի 4-ի դիմումը և ծառայողական քննություն նշանակելու մասին ՀՀ ՔԾ Խորհրդի 2010թ. մարտի 9-ի համապատասխան որոշումը: Անցկացվող ծառայողական քննության բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով ծառայողական քննության ընթացքում բացատրություններ են վերցվել ՀՀ վարչապետի դիմումում նշված հանգամանքների հետ առնչություն ունեցող թվով 13 պաշտոնատար անձանցից, այդ թվում` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից և ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետից: Ծառայողական քննությունը վարողների կողմից ուսումնասիրվել է շուրջ 20 իրավական ակտ: Ծառայողական քննության նյութերը կազմել են 800 թերթ: Քննության ընթացքում որպես այլ անձ ներգրավված պաշտոնատար անձանց տված բացատրություններից պարզվել է, որ ՀՀ վարչապետի դիմումում նշված որոշ հանգամանքներ առնչվում են ծառայողական գաղտնիք պարունակող նյութերի, ինչի պատճառով քննությանը ներգրավվել են նաև ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության մասնագետներ, ինչպես նաև իրականացվել են ծառայողական քննություն անցկացնելու կարգով սահմանված առանձին գործողություններ: Ծառայողական քննությունը վերաբերել է 4 հանգամանքի. 1. Ապահովե՞լ է Ձ. Մարգարյանը մինչև 2010 թվականի փետրվարի 16-ը Նախարարությունում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման աշխատանքներն ու անձնակազմի ուսուցման գործընթացը: Ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալների բազմակողմանի, օբյեկտիվ ստուգմամբ և վերլուծությամբ հիմնավորվել է, որ Նախարարության աշխատակազմի ղեկավարը անհարգելի պատճառով մինչև 2010թ. փետրվարի 15-ը նախարարությունում չի ապահովել «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման աշխատանքներն ու անձնակազմի ուսուցման գործընթացը, սահմանված ժամանակահատվածում բավարար և արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել` կազմակերպելու ՀՀ վարչապետի 2010թ. փետրվարի 8-ի հանձնարարականի կատարումը: Ավելին, ոչ մինչև 2010թ. փետրվարի 15-ը, ոչ էլ այդ ժամկետը լրանալուց հետո` մինչև 2010թ. մարտի 3-ը, նախարարին կամ հանձնարարությունը տվողին պատշաճ կարգով չի ներկայացրել հանձնարարության կատարման հետ կապված որևէ խոչընդոտի առկայության մասին: 2. Մյուս հանգամանքը վերաբերում է գաղտնի նյութերին, որոնք առընչվում են նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումում նշանակում կատարելու հանգամանքին: Սույնի հետ կապված` որևէ տեղեկատվություն չի կարող ներկայացվել, քանի որ այդ հանգամանքները Ձ. Մարգարյանի գործառույթներին առնչվում են` որպես  նախարարությունում ռեժիմային գաղտնի գործավարության իրականացման ապահովման պատասխանատուի: Ծառայողական քննության ընթացքում, սակայն, լիովին հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարը, նաև այս հանգամանքների հետ կապված, չի կատարել իր առանձին պարտականությունները: 3. Նախարարությանը ենթակա «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակումներ կատարելիս թույլ տրված ընթացակարգային խախտումներին նախարարության աշխատակազմի ղեկավար Ձ. Մարգարյանի մասնակցությանը: 4. Նախարարությանը ենթակա «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակումներ կատարելիս թույլ տրված ընթացակարգային խախտումներում նախարարության աշխատակազմի ղեկավար Ձ. Մարգարյանի մասնակցությանը: Վերոնշյալ երկու դրվագներով ծառայողական քննությամբ հավաքված փաստական տվյալների բազմակողմանի, օբյեկտիվ ստուգմամբ և վերլուծությամբ չի հիմնավորվել նախարարությանը ենթակա այս հիմնարկներում նշանակումներ կատարելիս թույլ տրված ընթացակարգային խախտումների մասին նախարարության աշխատակազմի ղեկավար Ձ. Մարգարյանի կողմից նախարարին նախապես չտեղեկացնելու և ըստ այդմ`  Ձ. Մարգարյանի կողմից անհարգելի պատճառով իր ծառայողական պարտականությունները չկատարելու և ոչ պատշաճ կատարելու հանգամանքը: Այսինքն` ծառայողական քննության միջոցով երկու դրվագով ՀՀ վարչապետի դիմումում նշված հանգամանքները հիմնավորվել են, իսկ երկուսով` չեն հիմնավորվել: Ելնելով ծառայողական քննության արդյունքներից` 2010թ. ապրիլի 16-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում ընդունեց համաձայնություն տալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Ձոնիկ Մարգարյանի նկատմամբ, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար, Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված` խիստ նկատողություն կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելուն: Դրանից բացի` ծառայողական քննության արդյունքներից ելնելով` ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը միջնորդել է ՀՀ վարչապետին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուշադրությունը հրավիրել ՀՀ կառավարության 2005թ. հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» որոշման պահանջների պահպանմանը: Խորհուրդը նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին միջնորդել է նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի նկատմամբ, ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար, կիրառել Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված` խիստ նկատողություն կարգապահական տույժը: Նախարարին միջնորդություն է ներկայացվել նաև կրկին քննության առնել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 2009թ. դեկտեմբերի 18-ի գրության կապակցությամբ 2010թ. հունվարի 25-ին «Էլգիր» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին ուղղված համապատասխան գրության գրանցման, սակայն հետագայում այդ գրության թղթային տարբերակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ստորագրմանը չներկայացնելու և ՀՀ կառավարության աշխատակազմ չուղարկվելու հանգամանքը և ձեռնարկել համապատասխան միջոցներ: Նախարարին միջնորդություն է ներկայացվել նաև հանձնարարել աշխատակազմի ղեկավարին` ապահովելու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանների հաշվառման մատյանների վարումը` ըստ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի համապատասխան հրամանով հաստատված կարգի պահանջների: Միաժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին միջնորդություն է արվել` 1. ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու, ծառայողական լիազորությունները վերազանցելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի պետի նկատմամբ կիրառել օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված` խիստ նկատողություն կարգապահական տույժը, 2. ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի նկատմամբ կիրառել Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով նախատեսված` խիստ նկատողություն կարգապահական տույժը, 3. ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետի նկատմամբ կիրառել Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով նախատեսված` նկատողություն կարգապահական տույժը: Խորհուրդը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարին միջնորդել է նաև հանձնարարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին` նախարարությունում գործավարությունն իրականացնել նախարարի հրամանով հաստատված գործավարության կարգի պահանջներին համապատասխան: Այս մասին հայտնում է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter