Աղետալի իրավիճակ` Ողջաբերդի գերեզմանոցում
Ողջաբերդի գերեզմանոցի թունաքիմիկատների նկատմամբ անհրաժեշտ է շտապ միջոցառումներ ձեռնարկել: «Բոլոր նրանք, ովքեր երեկ եղել են Ողջաբերդում, (ապրիլի 15) համոզվեցին նրանում, որ դա իրական աղետ է»,- հայտարարեց Թունաքիմիկատների միջազգային ասոցիացիայի տնօրեն Ջոն Վիգենը, ով, որպես փորձագետ, հրավիրվել է ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի կողմից:
«Էկոլուրը» տեղեկացնում է, որ տեղում իրավիճակին ծանոթանալուց հետո ԵԱՀԿ-ի գրասենյակը ապրիլի 16-ին կազմակերպեց քննարկում շահագրգիռ նախարարությունների` ՀՀ արտակարգ իրավիճակների, բնապահպանության, գյուղատնտեսության նախարարությունների մասնակցությամբ: ՀՀ առողջապահության նախարարությունն իր ներկայացուցչին չէր ուղարկել:
Քննարկմանը նաեւ մասնակցեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, USAID-ի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը վարեց ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆտրան:
Նշենք, որ գերեզմանոցն իրենից ներկայացնում է խորը փոս, որի ներսում պաշտպանիչ շերտ չկա: Այստեղ թաղվել են ավելի քան 500 տոննա ժամկետնանց թունաքիմիկատներ, որոնք ծածկված են եղել երկու մետրանոց հողի շերտով: Այժմ այդ հողի շերտը ծանր տեխնիկայով քանդվել է: Մակերես են դուրս եկել ոչ միայն թունաքիմիկատներ, այլ դրանց քայքայման արդյունքում գոյացած նյութեր, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվող հեղձուցիչ գազերի են հիշեցնում:
Դրենաժային համակարգը լցված է հողով եւ չի կատարում իր հիմնական գործառույթը` գերեզմանից ջրերի հեռացումը: Այժմ ջուրը, լվանալով գերեզմանոցի մակերեսը, իջնում է ներքեւ` դեպի ամառանոցները եւ «Էրեբունի» արգելոցը:
«Դեռ 2003թ. Բրյուսելում ընդունեցին, որ այդ հարցը մեծ ուշադրություն է պահանջում: Իսկ այժմ դա շատ մեծ վտանգ է ներկայացնում, համենայն դեպս, 3 հազար մարդու համար, որոնց վրա տարածվում են գերեզմանոցի թունավոր գոլորշիները»,- հայտնեց «Կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը: Նրա խոսքերով` կազմակերպության 2007թ. ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ թունաքիմիկատները ներթափանցել են հողի մեջ:
«Վտագ կա, որ նրանք կարող են թափանցել ավելի խորը` երկրի ջրային ճանապարհների` Հրազդանի եւ Արաքսի մեջ»,- ասաց նա եւ ավելացրեց, որ հասարակայնությունը պետական մարմիններից` հատկապես առողջապահության եւ բնապահպանության նախարարություններից ակտիվ գործողություններ է սպասում, որոնք պատասխանատվություն են կրում շրջակա միջավայրի եւ առողջության անվտանգության համար:
Ջոն Վիգենն առաջարկեց շտապ գործողությունների պլան`
ապահովել մշտական անվտանգություն` գերեզմանոցում նոր միջադեպեր թույլ չտալու համար
սահամանափակել մուտքը գերեզմանոց
հավաքել տեղումները, ջուրը եւ հեռացնել գերեզմանոցից
ժամանակավոր ծածկել մակերես դուրս եկած թափոնները, դրանք հավաքել եւ տեղափոխել ժամանակավոր պահեստարան
թույլ չտալ իրավիճակի վատթարացում:
Փորձագետը կարծում է, որ միայն դրանից հետո կարելի է վերադառնալ նորմալ պլանին, որը նախատեսված է 3-5 տարվա համար, եւ, վերջին հաշվով, նախատեսում էգերեզմանոցի պարունաության ոչնչացում:
Ամբողջ խնդիրն այն է, որ պետական կառույցներից որոշումների, վճիռների, հանձնարարականների տեսքով ռեակցիա չկա, որոնց համաձայն շահագրգիռ նախարարությունները կկարողանային ռեալ գործողություններ ձեռնարկել: Ակտիվություն ցուցաբերեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ով տեղում ծանոթացավ իրավիճակի հետ եւ դիմեց վարչապետին: Ներկայումս ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ռեալ քայլեր կձեռնարկի կառավարությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել