Կոռուպցիոն ռիսկերը աղետի գոտու բնակարանների բաշխման գործընթացում
1. Վիճակահանություն
Աղետի գոտու անօթևան ընտանիքներին բնակարանների բաշխումը մշտապես ընթացել է կոռուպցիոն դրսևորումներով: Ավելին, այն երբեք չի կրել համակարգված բնույթ, անհրաժեշտ վերահսկողության բացակայությունն էլ իր հերթին պարարտ հող է ստեղծել օրինախախտումների համար: Այդ ամենը աղետի գոտու տնակներում ավելի քան երկու տասնամյակ պատսպարված հազարավոր անօթևաններից որևէ մեկի համար գաղտնիք չէ:
Բնակարանների բաշխման գործընթացը ընդհանուր առմամբ բաղկացած է մի քանի հիմնական գործառույթներից` անօթևանների հաշվառում և հերթացուցակի կազմում ըստ արտոնությունների, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում և դրանց իսկության ստուգում, բնակարանների տրամադրման որոշման կայացում, հասցեագրում կամ բնակարանների բաշխում վիճակահանությամբ, և, ի վերջո համայնքապատկան կամ վաղուց սեփականաշնորհված տարածքների ազատումը ժամանակավոր կացարաններից: Թվարկվածը հիմնական բաղադրիչներն են, որոնցից յուրաքանչյուրն էլ հղի է կոռուպցիոն ռիսկերով:
Այս հրապարակումով կփորձեմ անդրադառնալ միայն մի բաղադրիչի` բնակարանների բաշխման նախավերջին`հասցեագրման փուլին, որը ներկայումս, ի տարբերություն նախորդ տարիների, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգի համաձայն իրականացվում է հրապարակային վիճակահանությամբ:
Այդ փուլը կոռուպցիոն առումով ռիսկային է մի պարզ և միանգամայն հասկանալի պատճառով` յուրաքանչյուր ընտանիք էլ կնախընտրեր բնակվել իր համար ցանկալի` հիմնականում 2-րդ կամ 3-րդ հարկի հարավային պատուհաններով բնակարաններից որևէ մեկում:
Ահա թե ինչու աղետի գոտում անցած 20 տարիներին երբևէ իշխանությունները անօթևաններին բնակարանների բաշխումը չեն իրականացրել հրապարակային վիճակահանությամբ, քանի որ միշտ էլ հնարավոր է եղել գտնել քաղաքացիներ, ովքեր չեն զլացել «հատուկ վերաբերմունք» ցուցաբերել բնակարանների բաշխումը իրականացնողներին` իրենց ցանկալի շենքի ցանկալի հարկում, ցանկալի բնակարանը ստանալու համար, հետո նրանցից շատերը պահանջվող կաշառքի գումարը գտնելու համար ստիպված են եղել վաճառել իրենց վերջին գույքը, ոսկե զարդերը և նույնիսկ… ոսկյա ատամները:
Անշուշտ, հրապարակային և արդարացի վիճակահանությունը բացառում է կոռուպցիան բնակբաշխման այդ փուլում: Բարեբախտաբար ներկայումս այն իրականացվում է թափանցիկ, ինչը կարելի է համարել 2009-2010 թթ. բնակարանների բաշխման գործընթացի կարևորագույն ձեռքբերումներից մեկը:
Նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով, մեր` «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, բնակարանների բաշխման գործընթացի` պայմանագրերի և հերթացուցակների հանրային մոնիտորինգ» ծրագիրը իրականացնելիս իր ուշադրության կենտրոնում է պահում և փորձում է անել առավելագույնը, որպեսզի վիճակահանությունները ընթանան հրապարակային:
Այդ նպատակով յուրաքանչյուր վիճակահանությունից առաջ տեղական հեռուստաընկերություններով հրապարակում ենք մասնակիցների ցուցակները, բոլորինը անուն առ անուն` ժամանակավոր բնակության հասցեներով հանդերձ, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրին հեռախոսազանգով հրավիրվում ենք մասնակցելու վիճակահանությանը և անձամբ որոշելու ապագա բնակարանի հասցեն:
Անգամ այսպիսի հրապարակայնության և հսկողության պայմաններում աղետի գոտու անօթևանների շրջանում առկա են մտահոգություններ: Օրերս կայացած վիճակահանության նախօրեին նախորդ վիճակահանությանը մասնակցած քաղաքացիներից մեկը մեզ կասկած հայտնեց, թե վիճակահանության դրվում են միայն .... չորրորդ հարկերի բնակարանները:
Այսինքն, նրանց անհանգստության տրամաբանությունը հուշում է, թե ոչ բոլոր բնակարաններն են վիճակահանությամբ բաժանվում, հատկապես` այսպես ասած բոլորի համար ցակալի 2-րդ և 3-րդ հարկերինը:
Ասվածից կարելի էր գալ միայն մի եզրակացության, որ բնակարանների բաշխման վիճակահանության հանձնաժողովը հանցավոր համաձայնության գալով բնակարան ստանալու հավակնորդ որոշ քաղաքացիների հետ, նրանց առանց վիճակահանությանը մասնակցելու հատկացնում է նախընտրած բնակարանները:
Սա մեզ, անշուշտ, չէր կարող չմտահոգել: Թեև մենք մի փոքր կասկածանքով մոտեցանք այդ մտավախության իսկությանը, սակայն որոշեցինք հենց առաջիկա վիճակահանությունը ենթարկել մանրազնին դիտարկման: Նշենք, որ բնակարանների բաշխման վիճակահանությունը անցկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հատուկ հրամանագրով ձևավորված հանձնաժողովը, որում ընդգրկված են նաև Շիրակի մարզպետը, Գյումրու քաղաքապետը և մարզից ընտրված պատգամավորներ:
Ապրիլի 16-ին կայացած, ընթացիկ բնակբաշխման փուլի թվով 3-րդ վիճակահանության դիտարկումները պարզապես ժխտեցին ստացված ահազանգի իսկությունը:
Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում, ուր բազմաթիվ լրատվամիջոցների ներկայությամբ անցկացվեց վիճակահանությունը, 192 բնակարան էր վիճակահանվելու, սակայն ներկա էին գրեթե կրկնակի թվով քաղաքացիներ:
Ավելին, բնակարաների բաշխման հանձնաժողովի որոշմամբ թեև թույլատրվել էր հաշմանդամ ունեցող ընտանիքների համար անցկացնել 1-ին հարկերի համար առանձին` արտոնյալ պայմաններում վիճակահանություն, սակայն այդ ընտանիքների գերակշիռ մասը պարզապես հրաժարվեցին իրենց հանդեպ ցուցաբերված առանձնակի վերաբերմունքից և ցանկություն հայտնեցին մասնակցել ընդհանուր հիմունքներով:
Իսկ ինչ-ինչ պատճառներով բացակա բնակարան ստացող ընտանիքների փոխարեն բնակարանների հասցեներով թերթիկները պտտվող թափանցիկ տուփից հանեցին դահլիճից պատահականորեն ընտրված քաղաքացիները, հիմնականում երեխաներ: Տուփից դուրս եկած յուրաքանչյուր հասցեն տեղում արձանագրվում էր բնակարան ստացող համապատասխան անձի անուն ազգանունի դիմաց:
Իհարկե, առկա դրականը ներկայացնելով հանդերձ, մենք հեռու ենք այն մտքից, թե բնակարանների բաշխման գործընթացը ընթանում է իդիեալական պայմաններում: Քավ լիցի, չենք էլ ուզում պնդել, թե զեղծարարությունները բացառվելու են հաջորդ վիճակահանություններում:
22 տարի շարունակ ծայրահեղ ծանր պայմաններում ապրող մեր անօթևան հայրենակիցները իրենց մաշկի վրա են զգացել ու շարունակում են զգալ բազում անարդարություններ, ինչի պատճառով լի են կասկածանքով և վախով, կասկածում են բոլորին ու ամեն ինչում, ինչպես ասում են` աչքը տեսածից է վախենում:
Այստեղ ուզում ենք հատուկ նշել, որ հասարակությունից վախն ու կասկածանքը դուրս հանելու հարցում զգալի դեր ունեն նաև քաղաքացիական հասարակության կառույցները, իսկ իշխանությունների կողմից իրականացվող պետական ու տարածքային ծրագրերում հասարակական մասնակցության և առավելագույն հրապարակայնության ապահովումը կարևորագույն նախապայման է կոռուպցիայի եթե ոչ ամբողջովին բացառման, ապա գոնե նվազեցման համար:
Վերջում մի բան ուզում եմ նշել հատուկ նրանց համար, ովքեր պարզապես ի վիճակի չեն զերծ մնալ անգամ աղետյալների հաշվին հարստանալու գայթակղությունից:
Եթե կոռուպցիան վտանգավոր է, քանզի համարվում է պետության հիմքերը խարխլող երևույթ, ապա տվյալ պարագայում`22 տարի շարունակ գլխի վերև առանց ծածկի և երկրաշարժից առանց այդ էլ ահավոր վիշտ ու բազում զրկանքներ կրած ընտանիքներին կոռուպցիայի մեջ ներքաշելը այլ կերպ, քան սրբապղծություն համարել հնարավոր չէ:
Ի դեպ, նույնը կարելի է ասել անօթևանի փոխարեն ոչ կարիքավորի կողմից բնակարան ստանալու պարագայում: Մենք մեր գործունեությամբ և մասնավորապես այս ծրագրի իրականացմամբ հենց նման երևույթների կանխմանը հասնելուն էլ նպատակադրվել ենք:
Ու եթե մեզ հաջողվի մեր նպաստը բերել աղետի գոտում ամենահուզող խնդրի` բնակարանների բաշխման գործընացում օրինականության և արդարության ապահովմանը, ապա կհամարենք, որ մեզ այնուամենայնիվ ինչ-որ բան հաջողվեց անել:
Վահան Թումասյան, «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել