HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ ոստիկանության` կանխվել է հերթական «Տէցի կռուգ»-ը

Նոր Նորքի Վ. Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի դիմացի մայթին գտնվող սրճարանում օրեր առաջ տեղի ունեցած «ռազբորկային», ըստ շրջանառվող լուրերի, մասնակցել են աբովյանցիներ` ԲՀԿ կրծքանշաններով, և հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, այդ թվում` Մասիվցի Դմբուզ Հենդոն և Երրորդմասցի Հոնչը: Միջադեպին վերջիններիս մասնակցությունը ոստիկանությունը ոչ հերքում է, ոչ էլ հաստատում, սակայն վստահեցնում է, որ «մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն»։ Սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի դեպքի վարում արված լուսանկարներից մեկում երևում է նաև գյուղատնտեսության փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանը` իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով: Ընդ որում` նրա մեքենան իրավապահները խուզարկել են, բայց Կարապետյանը թերթերից մեկին ասել է, թե այնտեղ հայտնվել է պատահաբար` քրոջ տնից դուրս գալիս: «Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբերը Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Քրեզի հորս» սրճարանի հետնամասում ականատես եղան խուլիգանական գործողությունների, որոնց մասնակցում էր մոտ 60-70 մարդ։ Զանգվածային անկարգությունը կանխելու նպատակով տարածքն անհապաղ շրջափակվեց ու նախազգուշական կրակոց արձակվեց։ Տիրապետելով օպերատիվ իրավիճակին՝ ոստիկաններն իրականացրին խուլիգանության մասնակիցների զինաթափումն ու շղթայումը»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում: Դեպքի վայրից ոստիկանները բերման են ենթարկել 55 անձի, որոնցից 36-ը ձերբակալվել են։ Նշված անձանց զինաթափման, դեպքի վայրի զննության եւ սանրման ընթացքում հայտնաբերվել է 12 ատրճանակ։ Այդ թվում՝ 3 «ՏՏ», 4 «Մակարով», 2 թմբուկավոր, մեկական «Բերետա» եւ «Բրեվետե» տեսակի եւ մեկ հատ արտասահմանյան, դեռեւս չպարզված տիպի ատրճանակ, բոլորն էլ լիցքավորված։ Պարզվել է, որ զանգվածային անկարգության մասնակիցների միջեւ վեճը ծագել է գումարային խնդիրների շուրջ։ Ըստ ոստիկանության` խուլիգանություն կատարողները հիմնականում նախկինում դատապարտվածներ ու թմրամոլներ են։ «Ցավոք, մեզանում դեռեւս կան այնպիսիք, որոնք իրենց վեր են դասում օրենքից, առաջնորդվում քրեածին կանոններով, ապրում քրեական սերիալների բարոյականությամբ։ Նմանների հակահասարակական վարքագծի դրսեւորումն էր նաեւ երկու օր առաջ Նոր Նորքում կատարվածը, եւ դժվար է ասել՝ կրկին չէի՞նք առնչվի «Տէցի կռուգ» անվանումը ստացած այլանդակության հետ, եթե զանգվածային անկարգությունը չկանխվեր ոստիկանների օպերատիվ ու կտրուկ գործողությունների շնորհիվ»,- նշված է ոստիկանության հաղորդագրությունում։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության և ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու կամ կրելու մեղադրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter