HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռայոնցի լրագրողը

Կամ` Кто этот потерпевший «Հետքի» ապրիլի 7-ի էլեկտրոնային թողարկման մեջ Ադրինե Թորոսյանը ներկայացրել  է մի կիսաֆաբրիկատ գրվածք` «Լրագրո՞ղն էլ համր ու անդեմ» վերտառությամբ, որին չէինք էլ պատասխանի` հետևելով «Չարժե պատասխանել բանի մը, որ բան մը չէ» սկզբունքին, եթե չլիներ մի խումբ ընթերցողների վրդովմունքն այդ առիթով: Հետևաբար, այս պատասխանն էլ մեր ընթերցողների տարակուսանքը փարատելու համար է: «Լրագրողը պետք է միտք ունենա, եթե ոչ քաջառողջ, գոնե, համենայն դեպս, ոչ էլ անհույս տկար»,- գրում է օրիորդ Ա.Թորոսյանը: Արդ, ո՞րն է նրա հրապարակման միտքը, որ «փայլում է» մշուշոտ ու քաոսային ակնարկումներով, զերծ է կոնկրետ փաստերից, էլ չենք ասում` լի է սխալներով ու հակասություններով: Մյուս լրատվամիջոցների հասցեին  ասվածի պատասխանը թողնելով այդ լրատվամիջոցներին  անդրադառնանք Լոռու մարզային թերթին ու նրա խմբագրին հասցեագրված մեղադրանքներին: Նախ անդրադառնանք Ա.Թորոսյանի մտասևեռումներում առաջացած հակակրանքի պատճառներին: Նա 2007թ. նոյեմբերին մեզ էր ներկայացրել «Խղճի օրենք կա և ամոթի դատ» հրապարակախոսական հոդվածը, որը սիրով տպագրեցինք Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի մեր խմբագրած «Երկունք» ամսաթերթի առաջին էջում, ո'չ թե, ինչպես ինքն է գրել` մարզային թերթում, որի խմբագիրը նույնպես տողերիս հեղինակն է: Ավելի ուշ Ա.Թ.-ն մեզ ներկայացրեց մեկ այլ հոդված, որը բավականին ծավալուն էր և չէինք կարող տպագրել ընդամենը մեկ մամուլ ունեցող թերթում: Այստեղից են հավանաբար սկսվել նրա մտասևեռումները, թե իբր տպագրված հոդվածի «զոհերը» խմբագրին «բարեկամաբար խրատել են» զգուշանալ ու «դեղին քարտ» ներկայացնել իրեն` օրիորդ Ա. Թորոսյանին: Այս ամենն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը և եթե անգամ այդպես էլ լիներ` արդյո՞ք գրաքննություն կարելի էր համարել: Ստացվում է, որ ով մերժում է Ա.Թորոսյանի հոդվածը, անկախ պատճառներից` գրաքննության մամլիչի տակ է: Նա խառնում է նույնիսկ համայնքի ավագանու նիստերը քաղաքապետի մոտ ամեն երկուշաբթի տեղի ունեցող խորհրդակցությունների հետ` օգտագործելով իր «ճոխ» բառապաշարը` «հանճարեղ» բնորոշումներով: Ա.Թորոսյանը երևի նույնիսկ տեղյակ չէ, որ շուրջ մեկ  տարի է` տողերիս հեղինակը նաև ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահն է և ուղղակի պարտավոր է մասնակցել գրական միջոցառումներին, որոնք լուսաբանում են թերթի թղթակիցները և դրանց համար ստանում հոնորար (Ա.Թորոսյանն առանց ճշտելու` ենթադրում է, թե մենք հոնորար չենք վճարում): Այո, ինչպես գրում է Ա.Թ.-ն` մամուլը խոսքի  ազատ դաշտ է: Բայց մեր դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր կիսաֆաբրիկատ ու փաստերից զուրկ, ինչպես նաև «կիլոմետրանոց» նյութեր չեն ներկայացնում: Այսքանից հետո մայրաքաղաքի «Հետք»-ում իր հետքերը թողնել փորձող «ռայոնցի» (իր բնորոշումն է) լրագրողուհին պարզապես թող հետևություններ անի և որոշի` ով է «անվարժ, փորձաշրջան անցնող սկսնակը» (ինչպես բնորոշում է շատ լրագրողների) և իրեն իզուր փորձության չենթարկի: Մանվել Միկոյան «Լոռու մարզ» և «Երկունք» թերթերի գլխավոր խմբագիր Հ.Գ.-«Զանգվածային լրատվության մասին» օրենք, «Տեղեկատվության  ազատության մասին», օրենք... բա էս ամենն ո՞ւր մնաց,- գրում է Ա.Թորոսյանը «Հետքի» վերոհիշյալ հրապարակման մեջ: Մենք էլ, հիշեցնելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ը, «Հետք»-ից պահանջում ենք հրապարակել այս  պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter