HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Մհեր Շահգելդյան. ««Օրինաց երկիր» կուսակցությունը երբևէ չի աշխատել ընտրությունից ընտրություն»

Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Վաղը կամ մյուս օրը լրանում է ճիշտ մեկ տարին` արձանագրությունների նախաստորագրման պահից: Ի՞նչ տվեց այս մեկ տարին մեզ, և ի՞նչ տարավ մեզանից (վերջապես, ինչ-որ բան նաև մեզանից խլել է): Եվ արդյոք գործընթացը փակուղի չի՞ մտել (շատերն են խոսում այդ մասին): Ես չեմ կարծում, որ գործընթացը փակուղի է մտել, և վաշինգտոնյան հանդիպումները և քննարկումները նաև դա ցույց տվեցին: Ըստ էության, մենք տեսնում ենք գործընթացի շարունակություն և զարգացում: Բնականաբար, խոսքը հետևյալին է վերաբերում. եթե գործընթացը մեկ օրվա չի: Եվ այս տեսանկյունից պետք է հասկանանք և տեսնենք, որ մենք անցնում ենք բանակցային, դիվանագիտական, տարածաշրջանային ճանապարհ, և այս ճանապարհը ունենալու է իր փուլերը, իր տրամաբանությունները: Հայաստանի Հանրապետության (և մենք բազմիցս ասել ենք այդ մասին) մոտեցումները հստակ են, և մոտեցումները ներկայացվում են և երկրի ներսում, և երկրի դրսում: Ես կարծում եմ` այս տեսանկյունից նաև թուրքական մոտեցումները, հստակությունները պետք է լինեն, որ մենք կարողանանք արդեն գործընթացի զարգացումները տեսնել: Սակայն այս տեսանկյունից երկիրը գնում է հաստատակամորեն և հստակ: Գործընթաց կա, բայց զարգացում կա՞, պրն Շահգելդյան: Մեր կարծիքով, այս տեսանկյունից, իհարկե, զարգացում կա: Դուք ասացիք, որ գործընթացը շարունակվում է: Բայց տրամադրությունն այնպիսին է, որ արդեն մենք վերջնագծին ենք հասել, արձանագրությունների վավերացման հեռանկարը մենք կարծես թե չենք տեսնում: Ինչի՞ հետ է դա կապված: Բնականաբար, որոշակի պատկերացումներ` գործընթացի ավարտի վերաբերյալ, կան և ձևավորվում են: Միաժամանակ նորից եմ ուզում ասել, որ մեր դիրքորոշումները հստակ են, այսինքն` Հայաստանի Հանրապետությունն ասում է` առանց նախապայմանների, այն մոտեցումներով, որոնց վերաբերյալ արդեն ձեռք են բերել պայմանավորվածությունները, և արձանագրությունների շրջանակներում գործընթացը ընթանում է առաջ: Եվ մենք կարողմնակից ենք ահա այսպիսի մոտեցումների: Այսօր, ընդհակառակը, թուրքական կողմից է, որ տեսակետների մեջ կարծես, տարբերություններ կան. իշխող քաղաքական ուժի ներսում ինչ-որ տարբեր հայտարարություններ են լինում, այսինքն` խնդիրը էնտեղ է, մեր կարծիքով: Մեր տեսանկյունից ` Հայաստանի Հանրապետությունը հստակ իր մոտեցումները ներկայացրել է, հստակ իր դիրքորոշումները արտահայատել է, և մենք գնում ենք առաջ, այսինքն` մեր ազգային արժեքների պահպանմամբ, առանց նախապայմանների: Պրն. Շահգելդյան, եթե ասում եք` գործընթացը փակուղի չի մտել, առավել ևս` շարունակվում է, ապա բնականաբար, այդ գործընթացը պետք է հանգեցներ հայ-թուրքական սահմանի բացմանը: Ե՞րբ կբացվի սահմանը: Ես կարծում եմ` մենք սա կտեսնենք ընթացքում, որովհետև շատ բան պայմանավորված է լինելու նաև թուրքական կողմի մոտեցումներով: Եթե Դուք կոնկրետ ամսաթիվ եք ուզում, այսօր, բնականաբար, ամսաթիվ ասել դժվար կլինի, սակայն` զարգացման հետ միասին, այս սկզբունքների շրջանակներում: Պրն. Շահգելդյան, երբ նոր նախարար էր նշանակվում, և Դուք «անցնում էիք ակտիվ կուսակցաշինական գործունեությանը», ինչպես պրն. Բաղդասարյանն ասաց, շատ ակտիվ սկսեցին շրջանառության մեջ մտնել Ռոբերտ Քոչարյանի վերադարձի, ինչպես նաև նոր քաղաքական պլատֆորմ ձևավորելու, նոր ուժերի վերամիավորումների, այդ թվում` նաև ՕԵԿ-ի մասին խոսակցությունները: Ի՞նչ կասեք այս մասին: Ձեզ մոտ առհասարակ քննարկումներ տեղի ունենո՞ւմ են: «Ակտիվ կուսակցաշինություն» ասելով` ի՞նչ նկատի ունեք: «Օրինաց երկիր» կուսակցությունը երբևէ չի աշխատել ընտրությունից ընտրություն: Այսինքն` մենք մշտապես աշխատել ենք կուսակցական շինարարության ոլորտում, և այս տեսանկյունից մշտապես ակտիվ ենք եղել: Բնականաբար, յուրաքանչյուր կուսակցություն իր անցած ճանապարհի ընթացքում պարբերաբար անում է կառուցվածքային մոտեցումների, քաղաքական աշխատանքի մոտեցումների, քարոզչական աշխատանքի մոտեցումների վերլուծություններ, թարմացումներ և նորացումներ` հաշվի առնելով այն հիմնախնդիրները, որ եղել են, և այն հնարավորությունները, որոնք կան: Ես ինքս զբաղվում եմ ավելի մեծ չափով ակտիվ կուսակցական շինարարության աշխատանքով, ես կուսակցության փոխնախագահն եմ և Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարը: Այս տեսանկյունից սա նաև (մի քիչ մարդկայնորեն երևի ասենք) համապատասխանում է իմ էությանը` երկար տարիներ քաղաքական գործունեության մեջ, և ես ինքս նաև մեծ ցանկություն եմ ունեցել` ավելի մեծ չափով ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, նաև մասնագիտական տեսանկյունից: Իսկ այն, որ «Օրինաց երկիրը» ակտիվանում է, սա մշտական եղել է, և մենք մշտապես է́լ ավելի մեծ չափով ենք ակտիվություն ցուցաբերել: Կուսակցությունը մշտապես եղել է առավել ակտիվ աշխատող, ակտիվ գործող կուսակցություններից` և կազմակերպչական գործունեության մեջ, և հրապարակային դաշտում, և Ազգային ժողովում աշխատելու ընթացքում, բնականաբար: Եվ մենք, ըստ էության, չենք փոփոխվել: Այսինքն` կուսակցաշինությունը մեզ համար շարունակական գործընթաց է` բնականաբար, հաշվի առնելով անցյալը, վերլուծելով հիմնախնդիրները, պրոբլեմները, որոնք առաջանում ենք, և մենք գնում ենք առաջ: Իսկ վերամիավորումների մասին ի՞նչ կասեք: Այսօր այդպիսի խնդիրներ չենք քննարկում: «Օրինաց երկիր» կուսակցությունն իր գիծը, իր մոտեցումները, իր սկզբունքներն ունի, մենք ակտիվ աշխատում ենք, և իհարկե, զբաղվում ենք նաև, ինչպես Դուք ասացիք, կուսակցական շինարարության խնդիրներով: Մենք գնում ենք այսօր առաջ` մեր մոտեցումներով, մեր սկզբունքներով և ձեզ հետ մեր շփումներով: Պրն. Շահգելդյան, Ձեր անկեղծ կարծիքն եմ ուզում իմանալ, եթե հնարավոր է: Մեր երկրում հնարավոր համարո՞ւմ եք, որ առանց լուրջ պատճառի` նախարար աշխատանքից հանվի այն պատճառաբանությամբ, որ «կուսակցաշինության մեջ նրա դերը ավելի է կարևորվում»: Նախարարը ընդհանրապես քաղաքական գործունեություն է, և այս տեսանկյունից ես ևս մեկ անգամ եմ ուզում նշել, որ կուսակցական շինարարության աշխատանքը խիստ կարևոր է, այո: Երկրորդ տեսանկյունից խնդիրն այն է, որ քաղաքականության մեջ ավելի ակտիվ, եթե կարելի է ասել` մի քիչ ավելի ազատ գործունեությունը ինձ համար շատ ավելի ընկալելի է, որովհետև տարիներ շարունակ ես զբաղվել եմ քաղաքականությամբ: Կուսակցական գործունեությունը ունի իր տրամաբանությունը: Սրանք են սկզբունքները և մոտեցումները, էնպես որ էստեղ խնդիրներ այն տեսանկյունից, որը Դուք եք նշում, չկան: Լինելով կոալիցիայի անդամ` «Օրինաց երկիրը» որևէ ոլորտի հետ կապված որևէ լուրջ դժգոհություն այսօր կարո՞ղ է բարձրաձայնել, ինչպես, օրինակ, արեց ձեր կոալիցիոն գործընկերը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` տնտեսության ոլորտում լուրջ դժգոհություն արտահայտելով հրապարակային ձևով: Առաջին, մենք մշտապես մեր կարծիքները և մեր մոտեցումները ներկայացրել ենք հանրությանը օբյեկտիվորեն` բոլոր այն ոլորտների վերաբերյալ, որոնք կան հանրային կյանքում: Երկրորդ` կարևորագույն խնդիրը այն է, որ մոտակա ժամանակներս մենք ձեզ պաշտոնապես կներկայացնենք արդեն «Օրինաց երկիր» կուսակցության մոտեցումները սոցիալ-տնտեսական դաշտում: Այսօր կան, իհարկե, և դրական միտումներ տնտեսության մեջ, և մտահոգիչ խնդիրներ, սակայն մոտակա ժամանակներս արդեն ամբողջությամբ կներկայացնենք ձեր ուշադրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter