HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Խղճի օրենք կա և ամոթի դատ

Գիտակցությունը թմրեցնել դեռ  ոչինչ, կարելի է, ասենք ալկոհոլի մեծ չափաբաժնի կամ հոգեներգործուն նյութերի ազդեցությամբ, երբեմնակի իրենց ներշնչանքի մեջ երևակայել փորձող որոշների պնդմամբ` անզգայացման երանությամբ (ասել կուզի նիրվանա՞), ինչն իրականում հոգեհոսանքի ուղղորդումն է եթերից վեր` չգոյի, աննյութի ուղեծրով:

Բայց թերևս իրավացի է ժխտել կատարյալ անզգայություն`  թողտվություն ընդունելով միակ բացառությամբ, երբ անխուսափելին անփույթ մոռացկոտությամբ այցետոմսն է թողնում` ճանկռտված ինքնագրով`  Մահ (և կամ ոչ իսկ նույնիսկ ա՞յս միջոցին): Այնինչ Նորին մեծությունն էլ ստուգապես ուժատ է ՄԻԱԿ-ի հանդեպ և գեթ համառելու փորձ էլ չի անում (ապարդյուն ճիգեր). մահվան տուրևառից հետո անգամ հողն անմեղ արյուն չի ընդունում (մեղք է)` արյան օրենքով սպասելով  մկրտության… Կարելի է փորձվել  հազար ու մի դերերում, հազար ու մի ձևերով` ձայնարկելով երաժշտական ձայնի տարբեր բարձրություններով` տենոր, սոպրանո, բարիտոն, դենդի-պճնամոլի մոդայասիրությամբ փոփոխելով   բարոյապես մաշված հագուստ-կապուստը, հայացքում ցոլացնելով չապրված զգացում-զգացմունքների լուսափոխություն, պատահածի հետ պատահական (ցնորամիտ քամու զվարճահաճությամբ  աղբանոց նետված թիթեղյա տուփի  ու ծառը թաղած այրի տերևի անկիրք միություն) բեմադրելով  սեր-ներկայացում,  որ բովանադակ տիեզերքում վիճակաված է լոկ մեկ անգամ  ու լոկ նրան,  ով  շան բախտը  ճանկել գիտի :  Էլի ինչե¯ր , ինչե¯ր ասեք… Չսպիացող վերքի մրմուռն էլ կարելի է փարատել  ու դեռ  փշրված սրտի կտորտանքներն էլ ի մի բերելով` մի կոնաձև օրգան կեղծել…Բայց կա մարդու մեջ մի Բան ու էդ Բանի անունն է  ԽԻՂՃ… Ինչ-որ տեղից (ներսից երևի) սկզբում հազիվ լսելի, խուլ ահազանգող, թակթկում-թմբկահարումով խուժած ու հետզհետե ահագնացող հռնչյուն-խորդյունով իր բարիգալուստն աղմկող պնդաճակատ մեկը սառցային մագիլներով չանչում է ուղեղդ,  ու  սկսվում է … թունավորումը… ախտորոշումը` խղճմտանքի  համախտանիշ… վարակակիր ես  ու այլևս անդարձ… Դա արթնացում է, արած-չարածի  ինքնախոստովանանք-ինքնանկեղծացում, ինքնահաշտեցու՞մ` զուգադիպվածով գուցե: Գալիս է ողորմեագոչը մեղայականով, ափսոսանք-զղջմամբ, հուդաների, կայենների, դեմասների, մակբեթների… անդեմ դիմառնությամբ, իսկ ապաշավանք-զղջագինը մենմիակն է` ուրացողի, դավաճանի, ոճրագործի … դափնեխարան… հատուցումն էլ`  ըստ  օրինի մեղսաչափով` պիղատոսի անցնելիքը երկու հազար լուսին  ճանապարհ է … Սկսվում է սատանայի դիմակահանդեսի էլիտա-հանրույթը (կեղծիք-հասարակությունը մերօրյա ) կազմող  դիմակ-ձորձերի  շքերթը. կյանքի հատակն ընկածի ճակատագրին անտարբեր մի ոմն բարեգործ, որի զավակի քիմքին անախորժ է տնանկ երեխաներից եկող հոտը, այնինչ մայրն ի կատար է ածում իր կյանքի գործը. քայլքը  ոգեղենին վստահած, ամբիոններից անդուլ ճառող մեծազդեցիկ  գիտայր (նախկին կնագետի փառքուպատվից պահպանված միակ սեռընկալունակ` տեսողական զգայարանով), որի ձեռքն, անտեղյակ այլև հակառակ տիրոջ կամքին,  բնազդական ինքնամղումով անշուշտ,  ավելի հաճախ ուսանողի, քան իր գրպանում է հայտնվում: Ընդունված կարգ է` պատահականությունները թույլատրելի-ներելի են, այնինչ վերջինս պատահական- օրինաչափությունների շարքի երևույթ է. հաջի աղա (արյունակցին ուրացող), որ խիղճն առժամանակ լռեցնելու կամ մեկընդմիշտ նրան բանտելու հույսով անլուր մեծագործություններ է հղանում, օգնության ձեռք պարզում աջուձախ, ափսոս միայն, որ գերմարդկային որևէ լարումով անհնար է ձգվել փրկչական այդ ձեռնտվությանը . ձեռքերը լվացած պիղատոս, որն ամոթալի փութաջանությամբ շարական շարականի ետևից է հնչեցնում ու խաչքավորության աչքակապուկով տուրքը հատուցում իր մեղքերի` չաստվածներին  անիծյալ. անառակության որջերում թալթավալվող-խրախճանող հափրամոլին կավատուհու օձագալար գարշ շարժվածքով ճաշացանկը հրամցնել շտապող  հանըմ  սուրբիկ (պատվիրատուն  խիստ չէ. մսացուն թարմ լինի, մնացածը` սուկի, բեկոն… , մեկ հաշիվ է,  կարելի է աչք էլ փակել). մարմնի պահանջատիրոջ  իրավունքով սկզբում գուցե տհաճությամբ, հետո նույնիսկ հաճությամբ, իսկ վերջում  էլ  զվարճությամբ զսպագոտին  ձգող-նետող  ջաննաթի հուրիներ, որոնք մեծահույս են` լլկվելով ողջ  գիշերն  ի լույս` լուսաբացի հետ դառնալու  են  կույս… Ու այս աղտին դիմահար` ծեծկված-ծռմռծված մեղքությունը խև` աղբանոցի բարիքները ուսաբարձող հաշմ-ողջանադամ մուրացիկ, հրապույրներն սպառած անքիթ (էգությանը խոնարհվելով` նե), որ  կիրքն է բորբոքում մի թլպատված, մեն-մենավոր  պողոտայի, աստծո տաճարում կերկեր ձեռքով վրան մի կերպ խաչ հանող  ընկեցիկ (ինչի՞ն է տեսնես գոհանում)… Կեղծիքից վատն էլ կա`  գարշահոտող բորոտամարմինը հանդերձներում թաքցրած կիսա - , ուրեմնև`ամենակեղծիքը, որ վարժանքից հմտացած ձեռքով դիպվածին հարկուպատշաճ դեմքդիմակի մշտահաջող ընտրությամբ  խույս է տալիս ամեն անգամ (հո մտացրիվ կլինի մի օր ) … … Երևակվում է կեղծտեսլականը, ցանկացյալը… բայց խիղճն անողոք  վաշխառու է, գալիս է անտերն ու, չհարցնելով  շահույթ, ստացվածք  ու կայք, առնելիքն է ուզում, իսկ պարտապանների պակասություն, փառք աստծո, երբեք չի զգացել: Նրա կապանքների հեծությունից փրկող-ազատարար պատվիրանը, որի ամենաիսկական տեղը Գիր-գրոցի գլխագիրն է, բարբառում է. «Մա’րդ-մեղապարտ, անսա’ ժառանգական հիշողությամբ տեսակիդ փոխանցվող  մայրենախոսության սրբությունը` ով գիտի բաբելոնյան որ խառնաշփոթում կորսված մարդկայներենդ, չաղարտելու պատգամը, անտրտունջ կրի’ր մարդկայնություն-խաչդ` իբրև բնության գերաշնորհ ընծա և մի` զլացիր խղճիդ խորանում գոնե երբեմն ( ինչպես սիրուհու՞ն են հիշում հարբելիս) խնկարկել  ու ծունր իջնել ՄԻԱԿ-ի հանդեպ,  որ թեպետև  խաչողն ինքն է, բնավ ոչ խաչված, բայց աստվածություն է ճշմարիտ` եռաբախող երրորդությամբ… Իսկ առջևում դատ ու դատաստան կա (խաչվածի), նախքան այդ էլ` ամենաահեղ ինքնադատաստան (խաչողի)` զարկված հավքի երազհայտնությամբ…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter