Պահանջում են Սամցխե-Ջավախքին շնորհել ինքնավարության կարգավիճակ
Այսօր Հայաստանում Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ցույց էին կազմակերպել Ազգային նոր պահպանողական շարժման ակտիվիստները: Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեն այդպես էլ չի ընդունել ակցիայի մասնակիցներին կամ նրանց նամակը: Ակցիայի ավարտին կազմակերպիչները դեսպանատան անվտանգության աշխատակիցներին են փոխանցել իրենց նամակը` ուղղված Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, Վրաստանի Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեին, Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին.
«Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի շուրջ առկա և խորացող խնդիրների մասին բազմիցս է խոսվել: Շատ քաղաքական ուժեր և կազմակերպություններ, խորությամբ չըմբռնելով խնդրի էությունը, փորձում են Ջավախքի հիմնախնդիրը դասել Վրաստանի այլ նահանգներում առկա սովորական սոցիալտնտեսական խնդիրների շարքում: Այդ խեղաթյուրումը շրջանառության մեջ է դրվում հատկապես վրացական կողմի ջանքերով: Իրականությունը բոլորովին այլ է, և Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրների ամբողջովին լուծման պարագայում անգամ խնդիրների խորացումը երբեք կանգ չի առնելու: Դա բոլորին պարզ է և բնավ չունի ապացուցման կարիք: Հետևաբար` մենք,
· կարևորելով տարածաշրջանում կայունության և խաղաղ զարգացման հրամայականը,
· հաշվի առնելով Վրաստանի կայունության անհրաժեշտությունը նաև Հայաստանի Հանրապետության համար,
· ըմբռնելով հայկական Ջավախքի ռազմաստրատեգիական կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար,
· մատնանշելով թուրք-ադրբեջանական Մեծ Թուրանի շղթան հայկական Ջավախքով ընդհատելու կարևորությունը` և’ Վրաստանի, և’ ՀՀ-ի համար,
· հաստատելով հայկական Ջավախքով ՀՀ-ի ապաշրջափակման հարատևությունը,
· ճանաչելով ու պաշտպանելով իր պատմական հայրենիքում ապրող ջավախահայության սրբազան իրավունքը և այնտեղ հայկական ազգային մշակույթի զարգացումը,
· դատապարտելով Ջավախքի նկատմամբ ազգայնամոլության և ճնշումների ու դրանց փորձերի ցանկացած դրսևորում,
· գիտակցելով իր պատմական հայրենիքում` Ջավախքում ապրող հայության սրբազան պահանջների իրագործման կարևորությունը`
պահանջու’մ ենք.
· Վրաստանի իշխանություններից` վերջ տալ դեռ խորհրդային ժամանակներից սկիզբ առնող Ջավախքի մասնատման քաղաքականությանը: Ծալկայի նախկին հայաբնակ և հունաբնակ, այժմ` հայաբնակ, մասամբ նաև` վրացաբնակ շրջանը անջատել Քվեմո Քարթլի նահանգից և միացնել Սամցխե-Ջավախք նահանգին
· Վրաստանի իշխանություններից` նորաստեղծ Սամցխե-Ջավախք նահանգին շնորհել ինքնավարության կարգավիճակ մարդու իրավունքների Եվրոպական խարտիայի տառին և ոգուն համապատասխան
· Վրաստանի իշխանություններից` հարգել և հիմք ընդունել Ջավախքի միակ քաղաքական ուժ հանդիսացող Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի` Ջավախքին ինքնավարություն տալու մասին պահանջը
· Հայաստանի Հանրապետության և Վրաստանի իշխանություններից` երկու երկրների միջպետական հարաբերությունների հիմքում ներառել Ջավախքի շահերը, ինչպես նաև այդ շահերը պաշտպանող Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի պահանջները»:
20.04.2010թ.
ք. Երևան
Միացել են քաղաքական կազմակերպություններ`
Ազգային նոր պահպանողական շարժում
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն
Ժողովրդական կուսակցություն
Քառասունութ հասարակական կազմակերպություններ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել