HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

Անվճար բուժում` զոհված ազատամարտիկների ընտանիքների համար

«Երեւան» բժշկական կենտրոնը Հայաստանի, Արցախի եւ Ջավախքի զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների համար կազմակերպում է բաց դռների միամսյակ: Մինչեւ մայիսի 1-ը զոհված ազատամարտիկների ընտանիքների հետազոտման եւ բուժման կարիք ունեցող անդամները կարող են հերթագրվել Բագրատունյաց 1 հասցեում գտնվող «Երեւան» բժշկական կենտրոնում: Կառավարության որոշման համաձայն` զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամներն իրավունք ունեն պետական պատվերով բուժօգնություն ստանալ, սակայն միշտ չէ, որ նրանց հաջողվում է օգտվել այդ իրավունքից: «Աշխատանքի բերումով շփվում եմ այդ մարդկանց հետ եւ տեսնում եմ, որ իրենց շրջաններում անվճար բուժօգնություն նրանք չեն ստացել: Մեր հիվանդանոցի հետ պետպատվերի պայմանագիր չկա կնքած, այդ պատճառով մենք չենք կարող զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամներին անվճար սպասարկել ողջ տարվա ընթացքում, փոխարենը նրանց աջակցելու հնարավորություն ենք ստեղծում այս մեկ ամսվա ընթացքում»,- «Հետքին» տված հարցազրուցյում ասաց «Երեւան» բժշկական կենտրոնի տնօրեն Տարոն Տոնոյանը: Նման բարեգործական ակցիա բժշկական կենտրոնն անցկացրել է նաեւ անցյալ տարի, որի ընթացքում հերթագրվել եւ բուժօգնություն են ստացել զոհված ազատամարտիկների ընտանիքների ավելի քան 500 անդամներ, որոնցից մոտ 115-ին վիրահատել են: «Մեր աշխատակազմն բավականին ոգեւորված, պարտքի զգացումով եւ պատասխանատվությամբ կատարեց իր աշխատանքը: Նրանք ուրախ էին, որ կարողանում են օգտակար լինել զոհված ազատամարտիկների ընտանիքներին»,- ասում է Տարոն Տոնոյանը: Բաց դռների միամսյակի ընթացքում «Երեւան» բժշկական կենտրոնում զոհված ազատամարտիկների հարազատների համար կիրականացվի ցանկացած վիրահատություն, կենտրոնի տնօրենն ասում է, որ կադրային գործիքային հագեցվածությունը դա թույլ է տալիս: Տարոն Տոնոյանը կարծում է, որ այս տարի դիմողների թիվն ավելի շատ է լինելու, քանի որ նախորդ տարի բժշկական կենտրոնից քաղաքացիները գոհ են մնացել: Հերթագրվելու համար պետք է ընդամենը ներկայացնել անձնագիր եւ զոհվածի ընտանիքի անդամ լինելու մասին փաստաթուղթ, որը կարելի է վերցնել քաղաքապետարանից կամ համատիրությունից: Բաց դռների միամսյակն իրականացվում է Հայ Յեղափոխական Դաշնակցության ազատամարտիկների հանձնախմբի աջակցությամբ: «Ես դիմեցի ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, եւ նա սիրով համաձայնեց, որ դեղորայքի եւ բուժպարագաների ծախսային մասը Դաշնակցությունն ապահովի»,- նշում է Տարոն Տոնոյանն ու ավելացնում, որ ակցիան քաղաքական բնույթ չի կրում, քանի որ զոհված ազատամարտիկները որեւէ կուսակցությանը չեն, այլ ազգինն են: Հ.Գ. «Երեւան» բժշկական կենտրոնի հեռախոսահամարն է (010) 42 08 90: Լուսանկարը` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter