Ուսանողները մտահոգ են Հայաստանում գիտության ապագայով
Այսօր ժամը 13:15-ին Երեւանի պետական համալսարանի կենտրոնական շենքի դիմաց ուսանողները բողոքի ցույց են անելու, որի ընթացքում կկազմակերպվի նաեւ ստորագրահավաք` ընդդեմ մագիստրատուրայի տարկետման իրավունքով տեղերի կրճատման: Նշենք, որ տեղերի կրճատումը նշանակում է, որ այս տարի ավելի քիչ թվով արական սեռի ուսանողներ կկարողանան մագիստրատուրա ընդունվել տարկետման իրավունքով եւ զինվորական ծառայության անցնել ուսումն ավարտելուց հետո:
Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից «Հետքին» հայտնեցին, որ ապրիլի վերջին տասնօրյակում ԿԳՆ-ն Կառավարության հաստատմանը կներկայացնի պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի տեղերի ցանկը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հաստատեց, որ տարկետման իրավունքով տեղերի քանակը կրճատվելու է եւ հայտնեց, որ նախարարության դիրքորոշումը կներկայացնեն առաջիկայում. «Մենք առանձին հանդես կգանք կրթական ամբողջ բարեփոխումների փաթեթի մասին»: Նախարարը նշեց, որ իրենք կսպասեն ուսանողական բողոքի ակցիային, որպեսզի պարզեն ուսանողների դիրքորոշումը. «Մենք կլսենք նրանց, տեսնենք` ինչ են ասում, միգուցե լավ բան են ասում, որից հետո ես նրանց կհրավիրեմ ինձ մոտ հանդիպման»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Երեւանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները «Հետքի» հետ զրույցում ներկայացրին իրենց դժգոհության պատճառները:
Դավիթ Հակոբյան - Մեզ ասում են` գնացեք բանակ, հետո կգաք կշարունակեք, բայց մերը բնական գիտություն է, որը մշտական աշխատանք է պահանջում, չի կարելի կիսատ թողնել, պետք է անընդհատ գործընթացի մեջ լինել:
Հայկ Սարգսյան - Մենք ոչ թե ծառայությունից ենք խուսափում, այլ ուզում ենք սովորել, բայց եթե սահմանում ինչ-որ բան եղավ, մենք մեր ուսումը կթողնենք եւ կգնանք ռազմաճակատ: Ես կարող եմ գնալ բանակ, հետո գալ մագիստրատուրայում սովորել, դիպլոմ ստանալ, բայց այդ գիտելիքը ոչ մեկին պետք չի լինելու, ես չեմ կարողանալու նորմալ գիտությամբ զբաղվել:
Մուշեղ Ռաֆայելյան - Մեր ֆակուլտետից ակադեմիկոսի հետ եմ զրուցել, նա ասում է, որ եթե ինքը 2 ամիս գիտությամբ չի զբաղվում, հետո դրա համար երկու անգամ ավելի ժամանակ է պետք, որ վերականգնվի, նորից մտնի գիտության մեջ: Ես գիտեմ, որ ծառայությունից հետո կշարունակեմ իմ ուսումը, բայց շատերը բանակից կգան ու չեն ընդունվի մագիստրատուրա:
Մուրադ Թովմասյան - Գիտությունը գիրք չէ, որ կարդաս, վերհիշես, դա ստեղծագործական աշխատանք է, որը պետք է շարունակական բնույթ կրի:
Արտակ Ալեքսանյան - Դժվար չի բանակից հետո ուսումը շարունակելը, նույնիսկ օգտակար է, երկու տարվա միապաղաղ կյանքից հետո հաճելի է նորից ուսանողական կյանքով ապրելը: Բանակից հետո սովորելու հետ կապված դժվարություններ չեմ ունեցել, կարծում եմ` մասնագիտությունս չի տուժի, ես ինձ հետագայում տեսնում եմ ֆիզիկայի ասպարեզում:
(Արտակ Ալեքսանյանը, ավարտելով Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրատը, անցել է զինծառայության, որից հետո ընդունվել է նույն ֆակուլտետի մագիստրատուրա):
Ի տարբերություն Արտակի` «Հետքին» հարցազրույց տված Ֆիզիկայի ֆակուլտետի մյուս ուսանողները կարծում են, որ գիտության շահերից չի բխում ուսումը զինծառայությունից հետո շարունակելը:
Դավիթ Հակոբյան - Մենք մեր գործով պակաս հայրենասեր չենք, հիմա երկրի գիտության հարցն է դրված, մենք սա հենց հայրենիքի համար ենք անում: 200-300 մարդով բանակը չեն հզորացնում, բանակը հզոր է տնտեսությամբ, գիտությամբ: Մեզ գիտական առաջընթաց է պետք, եթե երկրի սերուցքը կտրում են, տանում են բանակ, հաստատ իմացեք, որ այդ առաջընթացը կոտրվում է:
Մուրադ Թովմասյան - Պետք է կոնկրետ թիվ հաշվել, թե որքան գիտնական է պետք մեզ, որպեսզի գիտական վերարտադրությունը չկորչի, եթե կան այդպիսի հաշվարկներ, թող մեզ ներկայացնեն:
Հայկ Սարգսյան - Ենթադրենք տեղերը կրճատելուց հետո 400 հոգի կգնա բանակ, բայց եթե չկրճատվի, չի նշանակում, որ այդ 400-ը չեն գնալու ծառայության: Եթե այդ 400-ը ընդունվեն մագիստրատուրա, ասպիրանտուրայի տեղերը ավելի քիչ են, 2 տարի անց նրանց մի մասը կգնա բանակ: Ասպիրանտուրայից հետո էլ, ով դիսերտացիա պաշտպանի, չի գնա, իսկ մնացածը կծառայեն: Այսինքն` այդ 400-ից շատերը մաս-մաս գնալու են բանակ, եւ դա ավելի լավ է, որովհետեւ տարիքային ու մտավոր տարբերություն կլինի զինվորների մեջ: Պատկերացնո՞ւմ եք, որ բոլոր զինվորները 18 տարեկան լինեն:
Մուրադ Թովմասյան - Փորձը ցույց է տալիս, որ բնագիտական հոսքի ասպիրանտուրայում աղջիկների թիվը 5 տոկոս է կազմում, այնպես որ կադրերի խիստ պակաս կունենանք: Օրինակ` մեր ֆակուլտետում եթե 15 տղա ընդունվի մագիստրատուրա, նրանցից մոտ 3 հոգի միայն ասպիրանտուրա կըդնունվի, դա բնական պրոցես է, պետք չէ արհեստական կտրել, պետք է լուրջ ուսումնասիրել ոլորտը, նոր տեղերը կրճատել, պետք չէ թվերի հետ խաղալ: Իմ շրջապատի տղաներից շատերը հաստատ գիտնական կդառնան: Իսկ եթե 7 հոգի մագիստրատուրա ընդունվի, նրանցից մեկը կընդունվի ասպիրանտուրա:
Հայկ Սարգսյան - Գաղտնիք չէ, որ փոքր տարիքում ինֆորմացիան ավելի հեշտ է ընկալվում մարդու կողմից, բանակից հետո ավելի դժվար է լինելու սովորելը:
Մուրադ Թովմասյան - Բացի այդ` սոցիալական խնդիրները. բանակից հետո ընտանիք կազմելու հարցեր են առաջ գալիս, իսկ հիմա ազատություն ունենք եւ կարող ենք նստել սեղանի շուրջ եւ սովորել:
Մուշեղ Ռաֆայելյան - Որքան տեղ որ ուզում են կրճատել, ամեն տարի դրանից մի քանի անգամ շատ մարդիկ այլ ճանապարհներով ազատվում են բանակից, թող դրա դեմ պայքարեն, ոչ թե գիտական մասսայի սերուցքը կտրեն, տանեն բանակ:
Մայր բուհի ուսանողները նշեցին, որ իրենց բողոքի ակցիան քաղաքականացված չէ, սակայն, հնարավոր է` որոշ կուսակցություններ միանան իրենց:
Նշենք, որ Կառավարության կողմից հաստատված ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարության թիրախներից մեկը «գիտության, կրթության եւ տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող կադրերի թվաքանակի դինամիկ աճի, գիտական ներուժի արդյունավետ նպատակային վերարտադրության ապահովումն» է: Իսկ թիրախին հասնելու մարտավարության առաջին կետը «իտական կադրերի պատրաստման գիտականորեն հիմնավորված պետական պատվերի ձեւավորումն» է:
Ստացվում է, որ տարկետման իրավունքով մագիստրատուրայի տեղերը կրճատելով` Կառավարությունը կհակասի իր իսկ կողմից ընդունված ՀՀ գիտության զարգացման ռազմավարությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել