Կրակոցներ «Վայոց Ձորում»
Երեկ` ժամը 18.30-ի սահմաններում, քաղաքացիները ահազանգել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ոստիկանություն և հայտնել, որ Զորավար Անդրանիկի արձանի հարևանությամբ գտնվող «Վայոց Ձոր» ռեստորանային համալիրում կրակոցներ են հնչում: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը` համայնքի ոստիկանապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

«Առավոտի» տեղեկություններով` մինչև ոստիկանությունը կհասներ դեպքի վայր, կրակոց արձակողը դիմել էր փախուստի: Մեզ հետ զրույցում հարևանությամբ բնակվող մի քանի բնակիչներ հայտնեցին, որ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում «Ռենջ-Ռովեր» մակնիշի 10…100 համարանիշով ավտոմեքենայից դուրս է եկել երիտասարդ և իր մոտ եղած «Վինչեստեր» հրացանով անկանոն կրակել օդ, ապա դիմել փախուստի:
Դեպքի վայրում գտնվող ոստիկանները նախ զարմացան, թե մենք որտեղից իմացանք կատարվածի մասին, իսկ հետո էլ հաստատեցին մեր այս բոլոր տեղեկությունները: Ըստ մեր աղբյուրների` երիտասարդն ապրում է «3-րդ գյուղում»:
Ստուգումները սկսվել են
ՀՀ Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից «ՉԻ»-ին տեղեկացրին, որ գլխավոր դատախազության ստացած հանձնարարականին արդեն ընթացք է տրվել: Այսինքն` ՀՀ բնապահպանության նախարարության ֆինանսատնտեսական գործունեությունն արդեն «ստուգման տակ է»: Թե ե՞րբ կավարտվի գործընթացը, առայժմ անհայտ է, քանի որ ուսումնասիրության ենթակա փաստաթղթերն ու հանգամանքները ծավալուն են:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը մեր թերթի հետաքննական նյութերի հիման վրա կատարած իր ուսումնասիրություններից հետո հանձնարարել էր ֆինանսների նախարարությանը` ստուգել ՀՀ բնապահպանության նախարարության ֆինանսատնտեսական գործունեությունը` սկսած 2003 թվականից մինչև օրս:
Մեր հարցին, թե ստուգման ի՞նչ մեթոդներ են կիրառվելու Ֆինանսների նախարարության կողմից, որպեսզի իրականությունը իսկապես բացահայտվի, և արդյոք նախարարության ստուգողները պատրաստվո՞ւմ են շրջել Սևանի ափերով` անձամբ համոզվելու, թե բացի փաստաթղթային աչքփակոցիից` ուրիշ ի՞նչ աշխատանք են կատարել բնապահպանության նախարարությունն ու մրցույթում հաղթած ընկերությունները, պատասխանեցին, թե «անպայման կլինեն նաև շրջայցեր Սևանի ափերով»:
Սպառնում են
Այսօր Երևանի պետական համալսարանի ուսանողները պատրաստվում են ԵՊՀ-ի դիմաց բողոքի ցույց կազմակերպել: Նրանք իրենց դժգոհությունն են արտահայտելու ասպիրանտուրա և մագիստրատուրա ընդունվելու կարգերի փոփոխության դեմ:
Ակցիայի մասին իրազեկումը քաղաքապետարանը ի գիտություն է ընդունել: Բայց ինչպես երեկ տեղեկացանք, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրահանգով դեկանները իրենց մոտ են կանչում ակտիվ ուսանողներին և սպառնում, որ չմասնակցեն ցույցերին:
Ի՞նչ ստահակներ են կերել հրապարակի «Յոթնաղբյուրը»
Հանրապետության հրապարակի հուշարձան-ցայտաղբյուրը, որը հայտնի է նաև որպես «Յոթնաղբյուր», ինչ-որ ստահակի կամ ստահակների վանդալային հարձակման թիրախ է դարձել: Նրանք պոկել-ջարդել են ցայտաղբյուրի 7 շիթերից 3-ի մետաղական մասերը, որ նկարիչ-քանդակագործ Նուռի (Արման Դավթյան) ինքնատիպ ու գեղեցիկ ստեղծագործության արգասիք են:
Հեղինակը, որ, հասկանալի է` հոգեխռով էր ու ցնցված` վանդալիզմի այդ վայրագ դրսևորումից, «Հայոց աշխարհ»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կատարվածի մասին ինքը տեղեկացել է ոստիկանությունից: Նրան մասնավորապես հայտնել են, թե ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերն է կատարվել այդ հանցագործությունը, և հիմա ոստիկանությունը քննությունն է վարում:
Նշենք, որ Հանրապետության հրապարակի ցայտաղբյուրը նորոգվել էր 2008 թվականին, և հենց այդ ժամանակ էլ, Նուռի ստեղծագործության շնորհիվ, հավելյալ շուք և գեղեցկություն էր ստացել:
Բերդավանի բնակիչը զոհվել է ականի պայթունից
Երկու օր առաջ հակահետևակային ականի վրա պայթել է Տավուշի մարզի Բերդավան գյուղի 52-ամյա բնակիչ Ս. Խանինյանը: Վերջինս հայ-ադրբեջանական սահմանագոտում գտնվող սեփական հողամասի մշակման աշխատանքներն ավարտելուց հետո ցանկացել է մոտակա տարածքից նաև ծնեբեկ քաղել: Այդ ժամանակ էլ Խանինյանը անզգուշաբար հատել է ականապատված տարածքի սահմանն ու պայթել ականի վրա:
Խաղաղ ճանապարհով
«Քանի դեռ ընտրությունները ընտրությունների նման չեն, քանի դեռ քաղաքական պայքարը իմաստազրկվում է, քանի դեռ երկրում տիրում է ամենաթողությունը, իշխանությունը ապավինում է կեղծիքներին ու բռնություններին, իսկ անարդարությունները ու անօրինականությունները կրում են համատարած բնույթ, բացառել ղրղըզական դեպքերի նման զարգացումները մեր երկրում չի կարելի»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը` ավելացնելով, որ ՀՀ իշխանությունները պետք է հետևություններ անեն Ղրղըզստանում տեղի ունեցած իրադարձություններից:
Նրա խոսքերով` մեր ժողովուրդն էլ իր համբերության սահմանն ունի, և չի բացառվում, որ նման դեպքեր կատարվեն նաև Հայաստանում: Ստեղծված իրավիճակից ելքն, ըստ Ս. Դեմիրճյանի, այնուամենայնիվ, իշխանափոխությունն է: Նա նաև վստահ է, որ ընդդիմության պայքարն ի վերջո կհանգեցնի իշխանափոխության. «Մենք կարող ենք փոփոխություններ անել, ես համոզված եմ: Փոփոխությունը պետք է պարտադրվի խաղաղ ճանապարհով` հասարակական ճնշման միջոցով»,- ասում է նա:
Սենատորները կոչ են անում նախագահ Օբամային
Կալիֆոռնիայի ներկայացուցիչ սենատր Բարբարա Բոքսերի նախաձեռնությամբ ԱՄՆ Սենատի 14 սենատորներ նամակ են հղել նախագահ Օբամային` կոչով` ապրիլի 24-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Նամակում ասված է. «Ինչպես գիտեք, 2010-ի ապրիլի 24-ը Հայկական հիշատակի օրն է` Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցը: Չնայած անհերքելի ապացույցներին` Միացյալ Նահանգները դեռևս չի ճանաչել 1915-23-ի իրադարձություններն իրենց պատշաճ անվամբ: Հորդորում ենք Ձեզ, այս ապրիլի 24-ին շտկել անարդարությունը և վերջապես ճանաչել 20-րդ դարի մեծագույն վայրագություններից մեկը ինչպես եղել է` որպես Ցեղասպանություն»:
Նամակը ստորագրել են Դայան Ֆայնշտայնը, Ջոն Էնսայնը, Ռոբերտ Մենենդեսը, Ջեզեֆ Լիբերմանը, Չարլզ Շումերը, Բարբարա Միկուլսկին և այլք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել