Ուսանողները հրաժարվեցին բողոքի ակցիայից նախարարի հետ հանդիպելուց հետո
Այսօր ուսանողները պատրաստվում էին բողոքի ցույց անել ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմաց, սակայն, ինչպես «Հետքին» հայտնեց Ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մուրադ Թովմասյանը, իրենք հրաժարվել են ակցիա կազմակերպել, քանի որ երեկ հանդիպել են Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ:
Հիշեցնենք, որ դեռ երեկ կեսօրին «Հետքի» հետ զրույցում նախարարը նշել էր, որ պատրաստվում է հանդիպել ուսանողների հետ, սակայն բողոքի ցույցից հետո. «Մենք կլսենք նրանց, տեսնենք` ինչ են ասում, միգուցե լավ բան են ասում, որից հետո ես նրանց կհրավիրեմ ինձ մոտ հանդիպման»,- ասել է Արմեն Աշոտյանը: Սակայն հանդիպումը կայացել է հենց երեկ, որի արդյունքում էլ կանխվել է բողոքի ցույցը:
Ուսանող Մուրադ Թովմասյանի խոսքով` նախարարը հանդիպման ժամանակ նշել է, որ բնագիտական ուղղվածության ֆակուլտետներին տարկետման իրավունքով մագիստրատուրայի ավելի շատ տեղեր կհատկացվի, քանի որ ՀՀ գիտության զարգացման ռազմավարության մեջ կարեւոր տեղ է տրվում բնագիտական մասնագիտություններին:
Մենք փորձեցինք զրուցել Արմեն Աշոտյանի հետ, սակայն նա մասնակցում է կառավարության նիստին եւ նրա բջջային հեռախոսն անհասանելի էր: Իսկ Կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը «Հետքի» հետ զրուցյում ասաց, որ դեռեւս չի կարող որեւէ տեղեկատվություն տրամադրել, քանի որ ինքը չի մասնակցել հանդիպմանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել