ՀՀ փոխվարչապետի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Ապրիլի 21-ին շարունակվեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Առավոտյան փոխվարչապետն այցելեց Մեղրիի բժշկական կենտրոն, հանդիպեց բուժանձնակազմի հետ: Քննարկվեց Մեղրիի բժշկական կենտրոնի և պոլիկլինիկայի օպտիմալացման ծրագիրը, ըստ որի` նախատեսվում է միավորել երկու բուժհաստատությունները:
Որպես տարածաշրջանի հիվանդանոցային համակարգի զարգացման առավել օպտիմալ տարբերակ` քննարկվում է նաև ապագայում տարածաշրջանի բնակչության համար աշխարհագրորեն մատչելի վայրում Մեղրիի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման հնարավորությունը` հիվանդանոցային և պոլիկլինիկական բոլոր ծառայությունների կենտրոնացմամբ:
Մեղրիի քաղաքապետարանում այնուհետև տեղի ունեցավ հանդիպում տարածաշրջանի համայնքների ղեկավարների և ակտիվի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանի սոցիալ-տնտեսական խնդիրները, անդրադարձ եղավ խմելու և ոռոգման ջրի մատակարաման արդյունավետության, ինչպես նաև Շվանիձորի խմելու ջրի և Ագարակի տնամերձ հողամասերի ոռոգման հարցերին:
Փոխվարչապետը ներկայացրեց մարզում և Մեղրիի տարածաշրջանում պետական և այլ դոնոր կազմակերպությունների ֆինասավորմամբ իրականացվող` ենթակառուցվածքների բարելավմանը, տնտեսական ընդհանուր զարգացմանն ուղղված ծրագրերն ու դրանցից ակնկալվող արդյունքները: Մասնավորապես, կարևորվեցին «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի, Տաթևի զբոսաշրջային ծրագրերը:
Փոխվարչապետի այցի հաջորդ կանգառն Ագարակն էր: Արմեն Գևորգյանը ծանոթացավ քաղաքի հիվանդանոցի շենքային պայմաններին: Համայնքային իշխանությունները փոխվարչապետին ներկայացրին նաև հիվանդանոցի հարակից տարածքում գտնվող երկու կիսակառույց շենքերը երիտասարդ ընտանիքների և քաղաք գործուղված բժիշկների բնակարանային կարիքների ապահովման նպատակով օգտագործելու ծրագիրը:
Ագարակում Արմեն Գևորգյանը հանդիպեց նաև «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության ղեկավարների հետ: Քննարկվեցին ընկերության գործունեությանը, պետության տրամադրած վարկային միջոցներով արդյունահանման ծավալների մեծացման և ձեռնարկության արտադրանքի մրցունակության բարձրացման հնարավորություններին վերաբերող հարցեր:
Տեղեկացվեց, որ ՀՀ կառավարության տրամադրած 14 մլն դոլարի վարկային միջոցների մի մասն օգտագործվել է հանքարդյունաբերական մեքենաների և անհրաժեշտ սարքավորումների ձեռք բերման համար: Վարկային միջոցներն ամբողջությամբ պլանավորվում է յուրացնել տարվա ընթացքում: Նոր տեխնիկայի շնորհիվ հնարավոր կդառնա բարձրացնել հանքավայրերի շահագործման արդյունավետությունը:
Փոխվարչապետին ներկայացվեցին ընկերության սեփականություն հանդիսացող «Արարատի» ոսկու արդյունահանման ձեռնարկությունում և Սոթքի հանքավայրում իրականացվող ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը:
Ավարտելով աշխատանքային այցը` երեկ երեկոյան փոխվարչապետը ժամանեց Երևան:
Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել