Նկարչական մրցույթ` նվիրված «Երկրի օրվա» 40-րդ հոբելյանին
«Երկրի Օր 2010 Հայաստան» միջոցառումների շրջանակում այսօր, ժամը 16:00-ին Երևանի մանկական այգում (նախկին Կիրովի այգի) կազմակերպվելու է «Ապրի´ր կանաչ» խորագրով նկարչական մրցույթ` նվիրված «Երկրի օրվա» 40-րդ հոբելյանին: Մրցույթի մասնակիցներն են լինելու 7-13 տարեկան երեխաները: Նկարչական մրցույթի ընթացքում երեխաներին առաջադրանք է տրվելու նկարել անտառ` ծառեր, ծաղիկներ, կենդանիներ: Սակայն պարտադիր պայման է այն, որ անտառի «բնակիչները» պետք է լինեն մեր կողմից տրամադրված պաստառների վրա պատկերված բուսատեսակներն ու կենդանատեսակները, և ամեն մեկի ներքևում մասնակիցը պետք է գրի իր կողմից պատկերված բուսատեսակների և կենդանատեսակների անվանումները (որոնք լինելու են պաստառների վրա): Այս մրցույթը հնարավորություն կտա երեխաներին ճանաչել մեր բնաշխարհը: Տեղում կազմակերպվելու է ցուցահանդես:
Այն մասնակիցները, ովքեր կցուցաբերեն անհատական մոտեցում և հետաքրքիր գաղափարներ կպատկերեն, կարժանանան մրցանակների:
Երեխաները կմասնակցեն նաև «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ և ԼՕԼՕ մանկապատանեկան ամսագրի կողմից կազմակերպվող խաղ-մրցույթներին և կպարգևատրվեն մրցանակներով: Ելույթով հանդես կգա Երևանի քաղաքային մանկապատանեկան գեղարվեստի կենտրոնի կիթառի խմբակը, որից հետո երեխաները կդիտեն #93 դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված բնապահպանական թեմատիկայով բեմականացում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել