Վետերանները կերթևեկեն անվճար
ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում որոշել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին տրամադրել ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմոբիլների)` անկախ սեփականության ձևից, անվճար երթևեկելու արտոնություն: Կառավարությունը հաստատել է պատերազմի վետերաններին տրամադրվող անվճար երթևեկության վկայականի ձևանմուշը։
Նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք ամենքս բարոյական պարտք ունենք պատերազմի վետերանների հանդեպ: Այսօր ապրում է նրանցից 3 հազար 800-ը, մարդիկ, ովքեր պետք է շրջապատված լինեն հասարակության հոգատարությամբ»։
Վարչապետն առաջարկել է իրավական ճշգրիտ ձևակերպում տալ որոշմանը և տրանսպորտային մասնավոր ձեռնարկությունների սեփականատերերին կոչ անել, որ նրանք նույնպես Մեծ հայրենականի վետերաններին սպասարկեն անվճար։
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և 60,500.0 հազար դրամ հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը` աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ՀՀ կառավարության ծրագիրը ավարտին հասցնելու` ծրագրի շահառուների փոխարեն նոտարական վավերացման պետական տուրքերի գծով բոլոր վճարումները վճարողի փոխարեն 2010թ. ընթացքում կատարելու նպատակով։
Գործադիրն իր պահուստային ֆոնդից 20,776.0 հազար դրամ է հատկացրել Տավուշի մարզպետարանին` Հաղարծին գյուղի սողանքային գոտում ֆինանսական աջակցություն չստացած անձանց բնակարանային խնդիրները լուծելու համար։ Որոշմամբ առաջարկվում է Հաղարծին համայնքի առավել վտանգավոր գոտում հայտնված 4 բնակելի տների բնակիչներին աջակցություն տրամադրել շուկայից պատրաստի բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու նպատակով` հաշվի առնելով նշված անձանց ընտանիքների կազմում տեղի ունեցած փոփոխությունները, սողանքային գոտում գտնվող բնակեցումից ազատված բնակելի տների քանդման պարտադիր պայմանով։
Հաշվի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու անհրաժեշտությունը և նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին` կառավարությունն իր նիստում թույլատրել է «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին մինչև 2010թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել` առանց հասույթ ձևավորելու։
Գետերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման նպատակով ջուրը ջրօգտագործողների ընկերություններին առանց հասույթ մատակարարելը նույն ՓԲԸ-ներին թույլատրվել է 2010թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նկատառումով։
Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է վերը նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։
Գործադիրը Սիսիան քաղաքի ֆիզկուլտուրնիկների փողոցի N 2 բազմաբնակարանային շենքի վթարային 4-րդ մուտքի ուժեղացման-վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման նպատակով իր պահուստային ֆոնդից 2,000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը։ Այդ աշխատանքի ավարտից հետո ՀՀ վարչապետին առաջարկություն է ներկայացվելու վթարային մուտքի ուժեղացման-վերականգնման համար պահանջվող ֆինանսական միջոցների չափի վերաբերյալ։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել