Կրթությանը վերաբերող հարցերը` կառավարության այսօրվա նիստում
Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։ Այն երաշխավորում է հիմնարար և կիրառական գիտության զարգացմանն ուղղված ՀՀ ԳԱԱ գործունեությունը, սահմանում համակարգի կառուցվածքը, նրա հարաբերությունները պետական մարմինների, գիտական, գիտատեխնիկական և նորամուծական գործունեության սուբյեկտների և մասնակիցների հետ։
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կրթության մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը և արել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագծերը։ Դրանք սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների համար ստեղծում են անվճար բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստանալու օրենսդրական հիմք։
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ պետական բուհերի 2010-2011թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 2464 առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ ուսումնական հաստատությունների, մասնագիտությունների և բուհի կողմից վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի (վճարովի) 18500, ՀՀ պետական բուհերի 2010-2011թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 1543 տեղ, որից առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի` 1193 տեղ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով` 350 տեղ։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել