Ձիատերերը պահանջում են փոխհատուցել գողացված ձիերի համար
Ապրիլի 22-ին` վաղ առավոտյան, Ալավերդիում «Հետք»-ին դիմել էին Լոռու մարզի Կաճաճկուտ գյուղի մի խումբ գյուղացիներ: Նրանցից Սեյրան Թամազյանը տեղեկացրեց, որ մարտի 29-ին կաճաճկուտցիներից 10 ձի են գողացել, գողությունն էլ բացահայտվել է, սակայն Լոռու մարզի քննչական վարչության Ալավերդու քննչական բաժնից գյուղացիները որևէ տեղեկություն չեն կարողանում ստանալ իրենց ձիերի ճակատագրի մասին. «Գողերից մեկը մեր գյուղացի Արայիկ Վալիկոյի Պետրոսյանն է, էն մեկի ազգանունը չգիտենք, նա մեր գյուղացի չէ, Տաշիրից է, 10 գլուխ ձի են գողացել»,- հայտնեց Սեյրան Թամազյանը:
Ձիատերերը «Հետք»-ին խնդրեցին աջակցել իրենց գողացած ձիերի գոնե շուկայական գինը ստանալու գործում. «Մենք ոստիկանությունում հայտարարություն ենք տվել, որ ձիերը գողացել են, ուրիշ տեղեկություն չունենք: Ընդամենն ասել են, որ գործը քննիչին է տված: Խնդրում ենք օգնեք մեր ձիերի գումարները մեզ տան»,- ասաց Սեյրանը Թամազյանը:
Վերջինիցս գողացել են 1 ձի: Նշենք որ, ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի ՆԳ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արթուր Հարությունյանը դեռ ապրիլի 16-ին «Հետք»-ին տված իր հարցազրույցում էր հայտնել Կաճաճկուտում կատարված ձիագողության փաստի մասին. «Վերջերս անասնագողություն է կատարվել Կաճաճկուտ գյուղում, հանցագործությունը բացահայտված է, նախաքննության փուլում է: Հանցագործը գտնվում է կալանքի տակ: Գողացողը Տաշիրի բնակիչ է, որը համաձայնության գալով Կաճաճկուտ գյուղի բնակիչներից մեկի հետ, սարերում բաց թողած 10 ձիեր է գողացել: Գողունը տեղափոխվել է Կալինինո, որտեղ էլ մորթել և վաճառել են»:
Ի տարբերություն Ալավերդու ոստիկանապետի զուսպ տեղեկատվության, գողության շուրջ ձիատերերն ունեին ավելի շատ տեղեկություններ ու վարկածներ: Այդ մասին ավելի հանգամանալից խոսեց կաճաճկուտցի Դերենիկ Պետրոսյանը, ումից գողացել են 3 ձի. «Մեր ձիերը գտնվել են գյուղից մի 400-500 մ հեռավորության վրա: Ձիերը արածելիս են եղել գյուղի Կոտաղբյուր հանդամասում: Հանդամասը Աքորի գյուղի վարչական տերիտորիայում է, բայց այն մեր գյուղին սահմանակից է, մենք ձիերը էդտեղ ենք պահում: Ճիշտն ասած` մեր մեջ Ալավերդու ոստիկանության նկատմամբ անվստահություն կա, բնականաբար, այդ անվստահությունը պատահական չէ, քանի որ Թումանյանի տարածաշրջանում վերջին 5 տարվա ընթացքում ինչքան անասնագողություն է եղել, չի բացահայտվել: Հիմի, թե գողը բռնվեց, թե չբռնվեց, ինձ համար մեկ է, քանի որ մի տարի առաջ էլ նորից ինձանից մեկ ձի էին գողացել, ձիս էդպես էլ կորավ»:
Գյուղացիներն ասացին, որ ոստիկանության նկատմամբ իրենց մոտ անվստահություն է առաջացրել նաև գյուղապետարանի դռան վրա գրված մի հայտարարությունը. «Թե գյուղի թաղայինն է գրել, թե գյուղապետը, չենք կարող ասել, գյուղապետարանի շենքի դռան վրա հմի էլ սպիտակի վրա սևով գրված է, որ անասնագողությունից զգուշացեք, մենք պատասխանատու չենք»,- ասաց Դ. Պետրոսյանը:
Գողությունից հետո ձիատերերը, հիմք ընդունելով այս զգուշացումը, ապրիլի 1-ին բողոքի են գնացել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի մոտ: Վերջինիս մարզային ոստիկանապետին միջնորդությունից հետո` մի քանի օրվա ընթացքում գողությունը բացահայտվել է: Ոստիկանությունում գյուղացիներին տեղեկացրել են, որ ձիերը մորթած վիճակում են գտել. «Մի երկու կաշի- մաշի էին բերել ստեղ, Ալավերդու ոստիկանություն, ճանաչության դրին, 10 ձիուց 2-ն էին բերել»,- ասացին նրանք և նաև դժգոհեցին, որ թեև ոստիկանությունում հայտարարություն են տվել, սակայն իրենցից մինչ օրս բացատրություն չեն վերցրել. «Մարդիկ ենք, չէ՞, գողը իրենք են գտել, բալքի նրանց ճուտերին էլ մենք գիտենք: Իհարկե, մենք գտնում ենք, որ ձիերը միայն էդ 2 մարդիկ չեն գողացել: Գյուղում էլ, տո դրսում էլ ժողովուրդը գիտի, որ դա ահագին բանդա է: Բզովդալ գյուղից էլ մարդ կա էս գողության մեջ»,- ասաց Դերենիկ Պետրոսյանը:
Մյուս ձիատերերը նույպես համոզված էին, որ տարածաշրջանում անասնագողության, ավելի քան 10 հոգուց բաղկացած խումբ է գործում. «Երկուսը հմի գործի մեջ են, ներկայիս դրությամբ, որ հիմա աշխարհ-աշխարհ գիտեն, որ գողություն ա կատարվել, իսկ մնացած 8 և ավելի գողերը ստվերում են գտնվում: Նաղդի էս գործում 10 մարդուց ավել կա: Բացի կալանավորվածները` գյուղում կասկածելի 2 հոգի էլ կա»,- ասացին տուժողները, ովքեր նաև իրենց զարմանքը հայտնեցին քննիչի կողմից մինչև օրս իրենցից ցուցմունքներ չվերցնելու համար:
«Ոստիկանապետի մոտ ենք մտել, ասում եմ` մենք էս-էս մարդիկն ենք, մեզ հետ կոշտ վերաբերմունքով խոսեց: Ասում ա` գողությունը գյուղից հեռու ա էլել, դու մոտիկ ես ասում, սակայն ինչ տարբերություն, թե գողությունը ստի չի էլել, 5 մ էլ դենն ա էլել: Մտել ենք դատախազի մոտ, անմիջապես ես իմ հարցը տվել եմ դատախազին, ասում եմ` հարցն ինչումն ա, տվյալ գողը քոմագ էլ ա ունեցել, էդ Պրիվոլնուց 2 հոգու բերել են, քննել ու բաց են թողել, մեզ անհայտ է մնում, թե ինչու: Ասում ա, դրանք բանվորի դերում են եղել, 10 հազար դրամ են տվել, անց են կացրել ընդի»,- քաղաքի գլխավոր իրավապահներից դժգոհեց Դերենիկը:
Նա գտնում է, որ վերջիններս ոչ թե հանցակից, այլ հանցագործ են եղել: Ձիատերերը պահանջում են` որքան մարդ կա գողությանն օժանդակող, ամենքն իրենց համապատասխան տույժը ստանան. «Իհարկե մեր ձիերի գումարներն էլ վերականգնեն: Ոչ վճարունակ 2 մարդու ձերբակալել են, որոնք որևէ սեփականություն չունեն, ավելի ճիշտ ունեն, սակայն գողություն կատարելուց առաջ դրանք գրանցել են իրենց հարազատների անունով»,- ասաց Դերենիկը, ով ամենից անհանգիստն է տուժածների մեջ:
Մնացածները նույնպես հավատացած էին, որ այդ պայմաններում գողերն ի վիճակի չեն իրենց վնասը վերականգնելու: Նրանց կարծիքով, գողությունից առաջ դա նախատեսված ծրագիր է եղել: Ըստ գյուղացիների` միջին ուժի տեր ձիուն էսօր շուկայում 200 հազար դրամից պակաս գին չեն տալիս, մեկ տարեկան ձիուն, որը դեռ նստելու չէ և հատուկ խնամք է պահանջում, շուկայում տալիս են մինչև 150 հազար դրամ գումար: Կաճաճկուտցիները նաև տեղեկացրին, որ կատարվածը ձիագողության առաջին դեպքը չէ, նախկինում էլ բազմիցս գյուղում անասնագողություններ և ձիագողություններ են եղել, որոնք այդպես էլ չեն բացահայտվել. «Անասնագողության այս դեպքը առաջինն է, որ բացահայտվել է»,- ասացին նրանք:
Դերենիկն էլ դժգոհեց, որ ոստիկանության կողմից ձիագողությանը մասնակից բոլոր անձինք նախաքննությանը չեն ներգրավվում, այս առումով էլ մատանացույց արեց հանցավորության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանի հորեղբոր տղային` Արմեն Պետրոսյանին և Դավիթ Խլոպուզյանին: Անդրանիկ Թամազյանն էլ էր գտնում, որ ձիերի գողության մեջ մեղադրվող Արայիկ Պետրոսյանը մենակ չէր կարող ձիերը գյուղից տեղափոխել. «Նրան քոմագ մարդիկ են եղել»:
Կաճաճկուտցի Վիգեն Պետրոսյանը, ումից գողերը մեկ ձի են տարել, ասաց. «Ես պահանջում եմ` կամ ձիս տան, կամ նրա գինը: Թող ձիս ներկայացնեն, որ չասեն փողը շատ ես ուզում»:
Արամայիս Պետրոսյանն էլ նույնպես իր գողացած մեկ ձին էր պահանջում և գտնում էր, որ հանցագործներից բոլորը չեն ձերբակալվել: «Մի բան էլ ասեմ, խնդրում եմ խմբագրությանը, թող մեզ աջակցի մեր ձիերի գողության քննությունը արդար տանելու համար, նախաքննությունը ներկայումս բնականաբար ոչ նորմալ է գնում»,- ասաց նա:
«Մենք գնալ տե՞նք խնդրենք, որ մեզ ընդունեն ու լսեն, դա ինչ ա նշանակում, ասում են` երկու գողը փախած են: Իրենց ասած փախած երկու գողը հեռախոսակապով իրանց հարազատների հետ խոսում են, Հայաստանից նրանք ու՞ր կարան փախչեն: Բացի դա, 10 ձիու 2-2,5 տ միս ա ընդունել է մի անձ, նա ոչ մի դակումենտ չի հարցրել: Մեր ռայոնում, որ մի հատ ոչխար էլ մորթում ենք, կամ մի գոջի ենք տալի, մեզանից փաստաթուղթ են ուզում, համայնքապետի կողմից հաստատված, որ էս ինչ անասունը պատկանում է էսինչյանին: Պահանջվում է բժշկի տեղեկանքը, որ միսը առողջ վիճակում է, անձը հաստատող փաստաթուղթը: Բա էդ 2,5 տոննա միսը նա ընդունել ա ու վաճառել: Հարց ենք տալի, էդ ո՞նց է, որ նա դեռ էսօր ձերբակալված չէ: Բա որ ասում ենք` անասնագողության բանդա կա, դրա համար ենք ասում»,- կրկին ոստիկանությանը մեղադրեց Դերենիկ Պետրոսյանը:
Ձիատերերը համոզված են, որ ձիերը գողացած «բանդայի» անդամներից շատերին ոստիկանությունը ոչ պատահականորեն շրջանցել է ու չի ձերբակալել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել