Հերթականությունը փոխեցին
Մոսկվա կատարած այցից հետո նախագահ Սերժ Սարգսյանն անսպասելի հրաժարվեց Բրյուսել մեկնելուց, որտեղ նախատեսված էին նրա հանդիպումները Եվրահանձնաժողովի, Եվրամիության նախագահների և Եվրամիության արտաքին կապերի ու անվտանգության գերագույն հաձնակատարի հետ:

Դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ Բրյուսել Սերժ Սարգսյանը չի մեկնել ՌԴ նախագահի հրամանով, որն այս անգամ շատ կոշտ ընդունելություն է ցույց տվել Վաշինգտոնում ինչ-որ մի պահի ռուսների հետ ձեռք բերած համաձայնություններից շեղված Սերժ Սարգսյանին:
Խոսքն այսպես կոչված նոր «Ճանապարհային քարտեզի» մասին է, որի շրջանակներում պետք է կատարվեր Ֆիզուլիից և Աղդամից հայկական զինուժի դուրսբերումը: Մի բան, որ թուրք-ռուսական մեծ համաձայնագրին գնացող ռուսներին բոլորովին չի կարող դուր գալ, որքան էլ նրանք արտաքուստ ձև անեն, թե ԱՄՆ-ի հետ համաձայնություն են ձեռք բերել ամենախճճված հարցերում:
Մյուս կողմից, ինչպես հաղորդում են այլ աղբյուրներ, այս առումով անվերահսկելի է իրանական կողմը, որ տևական ժամանակ է` չի թաքցնում, որ մտահոգված է ազատագրված տարածքներում միջազգային կոնտինգենտի տեղակայմամբ:
Իսկ անվերահսկելի է, որովհետև շատ վերլուծաբաններ ոչ մի երաշխիք չեն տալիս, որ այստեղի հայկական զինուժի դուրսբերումից հետո առաջինը պարսիկները չեն հաստատվի: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի վերջին քայլին, ապա, ըստ որոշ լուրերի, նա պայմանավորվածություն է ձեռք բերել, միառժամնանակ հանգիստ թողնելով հայ-թուրքական գործընթացը, կենտրոնանալ ղարաբաղյան հիմնահարցի վրա: Եթե այս հարցում առաջընթաց արձանագրվի, ապա ավտոմատ կլուծվի նաև արձանագրությունների հարցը:
Առաջ, Հայաստան
«էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու»,- անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանում «առկախելու» հարցին` հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրքաբյանը:
«ՉԻ» - Գնահատականը, իհարկե, դիպուկ է, մանավանդ որ Սերժ Սարգսյանի ձեռնարկած «ֆուտբոլային դիվանագիտությունն» իսկապես ժամանակի ընթացքում վերածվեց «էշ նստելու գործընթացի»: Խնդիրն այն է, սակայն, որ այս պահին «էշից իջնելու» մասին խոսք չկա: Պարզապես առայժմ որոշում է ընդունվել ժամանակավորապես ընդհատել «հաղթական երթը»:
Պարզ ասած` հիմա իրավիճակը շատ ավելի խայտառակ է, քան նախկինում, որովհետև Հայաստանի իշխանությունները շարունակում են «էշի վրա նստած մնալ», բայց երկարականջ այդ կենդանին տեղում կանգնած է: Թե ինչքան կշարունակվի այս վիճակը` հայտնի չէ:
Հ. Գ. Հայտնի հեքիաթի հերոս Քաջ Նազարը, ի դեպ, նույնպես նախընտրում էր տրանսպորտային այդ միջոցը և նույնիսկ փառահեղ մի դրոշակ ուներ` մի զարկով հազար թշնամի ոչնչացնելու մասին գրությամբ: Կարծում ենք` այսօրվա իշխանությունների դրոշի վրա շատ ավելի լավ կնայվեր «Առաջ, Հայաստան» գրությունը:
Մնանք նոր թղթերի սպասող
ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը արձանագրությունների դեմ հանդես եկող ուժերի երեկվա հավաքում իր ելույթը եզրափակեց այսպես. «Միանշանակ համոզված եմ` այս գործընթացի մեջ մենք վերջիվերջո գալու ենք` Հայաստանում իշխանություն փոխո՞ւմ ենք, և նոր իշխանությամբ առաջ շարժվում, թե՞ չենք փոխում, և ամեն անգամ գիշերը սպասում ենք` թուղթ դուրս կգա՞, թե՞ ոչ, Գալուստ Սահակյանն առանց արձանագրություններն ստորագրելու` սահմանը կբացի՞, թե՞ չի բացի, Շարմազանովը կասի՞, թե՞ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունները 1700 թվականից լավն են եղել:
Այսինքն` կամ սպասում ենք այս ամեն ինչին, կամ վերջիվերջո գալու հասնելու ենք, որ այսպիսի իշխանությունը, որն արդեն ինքն էլ չգիտի` իր շահի համար ինչ է անում, շատ վտանգավոր է դառնում, և այն փոփոխելու ենթակա է: Եթե սա չհասկացանք, չարեցինք` ամեն անգամ սպասեք մի նոր թղթի»:
Համարժեք կլինի
Հայ-թուրքական արձանագրությունների վարվերացման գործընթացի սառեցման մասին Սերժ Սարգսյանի երեկվա ուղերձին Թուրքիայի պաշտոնական արձագանք չի հնչել` չնայած, որ իշխող կոալիցիայի հայտարարությանն արձագանքել էին:
Կոալիցիայի հայտարարությանն անմիջապես արձագանքել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդողանը: «Դա իրենց գործն է: Հայաստանում իրավասու մարմինը խորհրդարանն է: Թող իրենք որոշեն` ինչպես ուղղորդել կարգավորման գործընթացը»,- ասել է նա ապա հավելել, որ չնայած դրան` Թուրքիան հավատարիմ է Հայաստանի հետ ստորագրած արձանագրություններին:
Իսկ ԱԳՆ մամլո խոսնակ Բուրաք Օզյուգերգինը նշել է, թե Անկարայում առայժմ ուսումնասիրում են հայտարարությունը` փորձելով պարզել դրա նպատակը, ինչից հետո Թուրքիան հանդես կգա իր հետագա քայլերի մասին պատասխան հայտարարությամբ: Նա ասել է, որ Թուրքիան Հայաստանին ի պատասխան մի շարք համարժեք քայլեր կձեռնարկի:
Ցեղասպանության ճանաչման նոր նախաձեռնություն Իտալիայի Սենատում
Իտալիայի ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության սենատոր տկն Ալբերտինա Սոլիանին հայտարարել է, որ Իտալիայի Սենատը պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը: Նա ելույթ է ունեցել Սենատում, հիշեցրել է Մեծ եղեռնի 95-րդ տարելիցի մասին, որն այս տարի ապրիլի 24-ին լրանում է, ապա և ավելացրել. «Իբրև Իտալիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ներկայացուցիչ` կոչ եմ անում իմ գործընկերներին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի հայ համայնքի հետ ճանաչել այդ ողբերգությունը: Համոզված եմ, որ այս ողբերգության ճանաչումը որպես Ցեղասպանություն` հիմք կհանդիսանա Հայաստանի և Թուրքիայի միջև նոր ու մնայուն համագործակցության հաստատման համար»:
Դեմոկրատական կուսակցության մեկ այլ սենատոր` Մարկո Պերդուկան, որը միաժամանակ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» քաղաքացի է, հանդես գալով իբրև Թուրքիայի և Հայաստանի բարեկամ, ասել է, որ պատմական խնդիրները խորհրդարանի որոշումներով չեն լուծվում: Իսկ վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կառավարող կուսակցության սենատոր Պաոլո Ամատոն ավելացրել է. «Նույնիսկ Եվրամիությունն անդամակցությանն համար Թուրքիայի Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ չի ներկայացնում»:
Ի դեպ, 2000-ի նոյեմբերի 17-ին Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը 1915-ի իրադարձությունները բնութագրել է որպես ցեղասպանություն և ճանաչել հայերի ցեղասպանությունը, որին բուռն հակազդեցությամբ արձագանքել էր Թուրքիան:
24-ժամյա ցույց` Սպիտակ տան առջև
Այսօր ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը ամերիկահայերի մասնակցությամբ 24-ժամյա ցույց է անցկացնելու Սպիտակ տան առջև` պահանջելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից կատարել խոստումը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 24-ին ցույց կկազմակերպվի նաև Վաշինգտոնում` Թուրքիայի դեսպանատան առջև` «մենք միշտ հիշելու ենք» խորագրով:
Այցը պատմական է, արդյունքները` անհայտ
Ամենայն հայոց կաթողիկոսը ապրիլի 26-ին մեկօրյա այցով մեկնում է Բաքու` մասնակցելու հոգևոր առաջնորդների համաշխարհային երկրորդ գագաթաժողովին: Հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Հայաստանից բարձր մակարդակի առաջին այցն է հարևան երկրի մայրաքաղաք:
Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետին գագաթաժողովին մասնակցելու հրավեր առաջինը ներկայացրեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլլ Ա պատրիարքը այս տարվա մարտին Հայաստան կատարած այցի ժամանակ: Դրան է հետևել նաև Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշազադեյի պաշտոնական հրավերը:
Ու թեև կրոնապետերի համաժողովի թեման գլոբալացումը և կրոնների ու ավանդական արժեքների վրա գլոբալացման ազդեցության խնդիրների քննարկում է, սակայն չի բացառվում, որ կլինի նաև հայտարարություն տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: Մանավանդ որ արդեն հայտնի է գագաթաժողովի ընթացքում նախատեսվող տարածաշրջանի հոգևոր առաջնորդների քառակողմ հանդիպման մասին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել