ՀԱԿ. «Սերժ Սարգսյանն այլեւս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները»
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման կասեցման մասին Սերժ Սարգսյանի որոշումը ոչ այլ ինչ է, քան այսպես կոչված «նախաձեռնողական» քաղաքականության սնանկության խոստովանումն ու արձանագրումը:
Հայ Ազգային Կոնգրեսը սույն թվի փետրվարի 2-ի հայտարարության մեջ արդեն անդրադարձել է Ցյուրիխյան ուրացման գործարքին: Կոնգրեսը կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն մեզ համար անընդունելի է Թուքիայի պահանջով արձանագրություններում նախատեսված եւ Հայոց Ցեղասպանության իրողությունը հարցականի տակ դնող պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն վիրավորանք է Ցեղասպանության զոհերի հիշատակի նկատմամբ, այլ նաեւ գործնականում, հայ-թուրքական հաշտեցմանը նպաստելու փոխարեն, դառնալու է մեր ժողովուրդների հարաբերությունները թունավորող գործիք:
Թե' բարոյական, թե' քաղաքական տեսակետից անընդունելի այս գործարքի ստորագրումը Սերժ Սարգսյանի վարչախմբի կողմից ծառայեց միայն մեկ նպատակի` կեղծված նախագահական ընտրություններով եւ Մարտի 1-ի սպանդով իշխանությունը բռնազավթած ռեժիմի համար միջազգային հանրության կողմից լեգիտիմացմանը եւ աջակցության ապահովմանը: Մինչդեռ իրականացան Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր նախազգուշացումները Հայաստանի համար այդ գործընթացի վտանգավորության մասին: Հակառակ հռչակված նպատակներին` հայ-թուրքական հաշտեցման գործընթացը վերածվեց հայ-թուրքական առճակատման գործընթացի:
Oգտվելով ռեժիմի անձեռնհասությունից` Թուրքիան հետեւողականորեն շարունակեց կապել արձանագրությունների վավերացումը եւ սահմանների բացումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Արդյունքում, ոչ միայն չթուլացան միջազգային ճնշումները Ղարաբաղի հարցում, այլ ընդհակառակը`այն աստիճանի ահագնացան, որ դրանց ներքո Հայաստանն առաջին անգամ իր նորանկախ պատմության մեջ համաձայնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում սահմանափակել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը (ԵԱՀԿ-ի Աթենքյան հայտարարություն):
Կապելով հայ-թուրքական եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացները` Թուրքիային հաջողվեց նաեւ առանցքային եւ Հայաստանի համար վտանգավոր դերակատարություն ստանձնել Ղարաբաղի շուրջ ընթացող միջազգային բանակցություններում, վտանգվեց այդ բանակցությունների օպտիմալ` Մինսկի խմբի ձեւչափը:
Խճճվելով սեփական «նախաձեռնողական» քաղաքականության սարդոստայնում, ակնհայտ ձախողումների հանդիման, Սերժ Սարգսյանը այլեւս ի վիճակի չէ չեզոքացնել իր քաղաքականության վնասները: Մի կողմից կասեցնելով վավերացման գործընթացը, մյուս կողմից արտահայտելով պատրաստակամություն այն շարունակելու, ռեժիմը, ըստ էության, խոստովանում է, որ հայտնվել է փակուղու մեջ, այլեւս չունի հետագա քայլերի ծրագիր եւ զբաղված է կիսատ-պռատ, անսկզբունքային եւ անհետեւողական գործողությունների միջոցով սեփական հասարակության եւ միջազգային հանրության առջեւ իր դեմքը փրկելու ապարդյուն ջանքերով:
Քաղաքական սխալ հաշվարկների վրա հիմնված, հակասական եւ անիրականանալի պարտավորություններ ստանձնելով` իշխանությունները խաթարում են Հայաստանի, որպես հուսալի գործընկերոջ, վարկը եւ հնարավորություն ստեղծում Հայաստանը միջազգային ասպարեզում ապակառուցողական ներկայացնելու համար:
Այս արատավոր ընթացքը կասեցնելու միակ հնարավորությունն է ներկա վարչախմբի օր առաջ հեռացումը եւ արտահերթ ընտրություններով լեգիտիմ իշխանության ձեւավորումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել