Մեղադրող դատախազները պահանջում են ցմահ ազատազրկում
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով Մանուկ Սահակյանին եւ Վարդան Վարդանյանին առաջադրված մեղադրանքը, ապացուցված է համարել, որ վերջիններս 2009թ. մարտի 29-ին` ժամը 23:30-ի սահմաններում, կանգնեցրել են Գարիկ Սարուխանյանին պատկանող «ՎԱԶ- 21010» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենան եւ պատվիրել, որ վարորդն ավտոմեքենան վարի դեպի Մարգարյան եւ Հալաբյան փողոցների խաչմերուկ:
Հենց այդտեղ էլ ավտոմեքենան ավազակությամբ հափշտակելու նպատակով նրանք հարձակվել են Գ. Սարուխանյանի վրա, բռնություն գործադրել նրա նկատմամբ եւ առանձին դաժանությամբ դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին: Այնուհետեւ Գ. Սարուխանյանի մարմինը տեղափոխել են Սիլիկյան թաղամասի մոտ` Սպանդարյան արտադրական հանգույցին հարակից ամայի մի տարածք, եւ այդ պահին դեռեւս կենդանի Գ. Սարուխանյանի մարմինը քարշ տալով իջեցրել փոսի մեջ ու այն ծածկել խճաքարերով:
Հափշտակելով Գ. Սարուխանյանի մոտ եղած 300 ԱՄՆ դոլար գումարը, 28 հազար դրամ արժողությամբ բջջային հեռախոսը, 40 հազար դրամ արժողությամբ ֆոտոխցիկը եւ ավտոմեքենան` Մ. Սահակյանն ու Վ. Վարդանյանը հեռացել են, իսկ Գ. Սարուխանյանը, ստացած մարմնական վնասվածքներից եւ անօգնական վիճակում մնալով խճաքարերի տակ, մահացել է:
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Մանուկ Սահակյանին դատապարտել է ցմահ ազատազրկման, իսկ Վարդան Վարդանյանին` 15 տարի ազատազրկման:
«Մեղադրող դատախազները ներկայացրել են վերաքննիչ բողոք` միջնորդելով մասնակի բեկանել դատավճիռը եւ Վարդան Վարդանյանին եւս դատապարտել ցմահ ազատազրկման»,- փոխանցում են գլխավոր դատախազության մամլո ծառայությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել