Աքորու գյուղապետի պատճառով անապահովները նպաստ չեն ստանում
Լոռու մարզի Աքորի գյուղի ղեկավար Կամո Սիմոնյանը մեկ տարուց ավել է` Լուսինե Վարդևանյանի 4 անձից բաղկացած ընտանիքին նպաստի տեղեկանք չի տալիս` վերջինիս հոր` Վոլոդյա Վարդևանյանի 64 հազար դրամ հողի հարկի պարտքի պատճառով:
«Ես իմ անձնական տունը չունեմ. վարձով ապրում եմ Աքորի գյուղում: Ունեմ երկու անչափահաս, դպրոցական երեխաներ: Ես և ամուսինս չենք աշխաում: Առանց նպաստի` ընտանիքս հայտնվել է սոցիալական ծանր վիճակում: Բացի այդ, մենք առանձին տնտեսություն ենք: Տուն չունենք, անասուն չունենք, ավտոմեքենա չունենք, հողամաս չունենք: Նպաստն ինձ հասնում է: Ես ինչպե՞ս կարող եմ պատասխանատվություն կրել հորս հարկային պարտքերի համար: Գյուղապետն էլ ասում է` թող կամ հայրդ բերի հողի հարկը փակի, կամ դու նրա փոխարեն փակիր, հետո նպաստիդ տեղեկանքը կստանաս»,- «Հետք»-ին գրել է Լուսինե Վարդևանյանը:
Լուսինեի հայրը` Վոլոդյա Վարդևանյանն էլ հայտնեց, որ գյուղապետն իր աղջկա` Լուսինեի ընտանիքին նպաստի տեղեկանք դադարել է տրամադրել 2008թ.-ի հոկտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների պատճառով. «Երբ տեղեկացել է, որ ես ընտրել եմ իր մրցակցին»:
Սակայն Լուսինեն ասաց, որ Աքորու գյուղապետի 2008թ.-ի ընտրություններին ինքն անձամբ ընտրել է ներկայիս գյուղապետ Կամո Սիմոնյանին: «Ես գյուղապետին ասել եմ` դու տեղեկանքը տուր, ես հորս պարտքը մաս-մաս կվճարեմ: Չտվեց, ասաց` գնա մեկից 15 հազար դրամ պարտք արա, բեր հորդ հարկի պարտքից փակիր, տեղեկանքը տամ, մնացածն էլ մաս-մաս ամեն ամիս կփակես»,- պատմեց Լուսինեն:
Սոցիալական ծանր վիճակում է հայտնվել նաև Լուսինեի հայրը` Վոլոդյա Վարդևանյանը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Իմ հողի հարկի պարտքը կազմում է 64 հազար դրամ` գյուղապետի ասելով: Ես հողի հարկը միշտ տվել եմ խոտհարքի համար: Գյուղապետն էդ գումարն ինձնից վերցրել ու գրել ա` արոտավայրի վարձ: Ես 4 հազար մետր վարելահող ունեմ, 5 հազար մետր խոտհարք: Տարեկան գյուղապետին տվել եմ 5 հազարից 3 հազար դրամ հարկ: Տվածս այդ հարկերը նա գրանցել է որպես արոտավայր: Ես արոտավայր չունեմ: Ես ունեմ սեփականաշնորհված հողերի պարտք, որը չեմ կարողանում մշակել: Ես հարկից չեմ հրաժարվում, կտամ, ասի` երեխին տեղեկանքը տու, մի զրկի ապրելու միջոցից, ես ընթացքում, երբ գումար ընկնի ձեռքս, կտամ: Պատճառաբանում է, որ դու պարտք ունես, քո աղջկա նպաստի տեղեկանքը չեմ տալու»:
Լուսինեի նպաստ չստանալու պատաճառների մասին Սոցիալական ծառայության Թումանյանի գործակալության պետ Արմեն Գևորգայնը մեր հարցին պատասխանեց. «Լուսինե Վարդևանյանը մինչև 2009թ.-ի մայիս ամիսը ներառյալ ստացել է նպաստ, սակայն մայիսից հետո նոր վերահաշվառման համար նա փաստաթղթեր չի ներկայացրել, որի պատճառով էլ դուրս է մնացել նպաստի համակարգից»:
Ի դեպ, ընդամենն օրեր առաջ Աքորու գյուղապետ Կամո Սիմոնյանի կողմից նպաստի տեղեկանքի շահարկման համար «Հետք»-ի աջակցությունն է հայցել նաև Աքորի գյուղի բնակչուհի, 5 երեխաների մայր Գայանե Վարդևանյանը: Վերջինս իր 7 անձից կազմված ընտանիքով բնակվել է վարձով, սակայն վարձատուի պահանջով ազատել է բնակարանը և 5 անչափահաս երեխաների հետ փողոցում չհայտնվելու համար` տեղափոխվել է բնակվելու սկեսրոջ բնակարանում:
Ըստ Գայանե Վարդևանյանի` Կամո Սիմոմյանը, 2008թ.-ի գյուղապետի ընտրություններին իրեն ձայն չտալու պատճառով, 2009թ.-ի մայիսից պահանջված տեղեկանքը չի տվել բազմազավակ ընտանիքին, որի պատճառով էլ 5 անչափահաս երեխաները զրկվել են նպաստի իրավունքից:
«Հետք»-ին Կամո Սիմոնյանից բողոք էր ներկայացրել նաև Աքորի գյուղի բնակչուհի Անիչկա Միկոյանը, որի սոցիալական ծայրահեղ վիճակին «Հետք»-ն անդրադարձել է այս տարվա ապրիլի 7-ի «Աքորու 100 դպրոցական խիստ կարիքավոր ընտանիքից են» թողարկման մեջ: Զինծառայողի ընտանիքի մայրը մի քանի անգամ գրավոր դիմել է գյուղապետ Կամո Սիմոնյանին` համայնքի բյուջեից դրամական օգնություն ստանալու, այդ թվում` գյուղի դպրոցի 8-րդ դասարանում սովորող աղջկա դասագրքերի գումարները վճարելու հարցում աջակցելու համար, որը Կամո Սիմոնյանի կողմից չհիմնավորված մերժվել է: Անիչկա Միկոյանը մեզ հայտնեց, որ ինքը նույնպես գյուղապետի վերջին ընտրությունների ժամանակ չի ընտրել Կամո Սիմոնյանին, որի պատճառով էլ «գյուղապետն արմնկում է իրեն»:
Հիշեցնենք, որ Աքորու գյուղապետ Կամո Սիմոնյանի դեմ արդեն մեկ տարուց ավելի է` Լոռու մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցված` համայնքի բյուջեի միջոցները անարդյունավետ օգտագործելու համար:
Թեև Կամո Սիմոնյանի կողմից համայնքի բյուջեի նկատմամբ ոտնձգության վերոնշյալ և այլ փաստերի հրապարակումներին, այդուհանդերձ, նա այդպես էլ մնում է անպատժելի: Նա Հանրապետական կուսակցության Աքորու սկզբնական կառույցի ղեկավարն է, որի պատճառով էլ Հանրապետական կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը անուշադրության է մատնում իր կուսակցական ընկերոջ` համայնքի բյուջեի և սոցիալապես անապահով բնակչության նկատմամբ դրսևորվող անօրինականությունները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել