HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ցեղասպանության կենդանի վկաները

Արմավիրի մարզում Ցեղասպանություն վերապրածներից մնացել են չորսը: Մարզպետարանից վերցրինք նրանց տվյալները եւ հերթով այցելեցինք:

Եպրաքսյա Գեւորգյանը 102 տարեկան է, բայց շատերը կնախանձեն նրան` եռանդի համար: Նրա արտաքինից անհնար է գուշակել տարիքը, առավել եւս, երբ նա սկսում է առանց դադարի, հատուկ առոգանությամբ արտասանել Հովհաննես Թումանյանի «Անուշը» եւ շատ այլ ստեղծագործություններ` հետն էլ անգլերեն բառեր օգտագործելով: Եպրաքսյա տատը ունեցել է 5 երեխա` 4 աղջիկ, մեկ տղա: Որդին արդեն մահացել է, Եպրաքսյա տատը Արմավիր քաղաքում ապրում է հարսի ու թոռան հետ: Մեր այցելության պահին նա միջանցքում նստած ջերմ զրուցում էր մի տարեց կնոջ հետ: Եպրաքսյա տատը չգիտեր, թե ինչու ենք իրեն այցելել: Մեզ տեսնելով` ոտքի կանգնեց, բարեւեց եւ քայլելով առաջ եկավ: Մտածեցի, որ 104-ամյա տատիկը դժվար կարողանա առանց օգնության քայլել, բայց սխալվեցի: Նա հրաժարվեց օգնության իմ առաջարկից եւ հաստատ քայլերով եկավ հյուրասենյակ: Տանը Եպրաքսյա տատն ունի իր համար նախատեսված «տարածքները»: Միշտ նստում է բազմոցի անկյունին, իսկ սուրճ խմելիս բազկաթոռն է իր տեղը: Եպրաքսյա տատի ասելով` ուտում է ամեն ինչ, բայց սուրճը «թունդ» չի խմում, անպայման պետք է սուրճի գույնը «բաց լինի»: Մինչ օրս նա ձեռքից վայր չի դրել նաեւ շերեփը եւ հաճախ է խոհանոցում լինում: Հարսը պատմեց, որ սկեսուրն այնպիսի համեղ սպաս է եփում, որ «ուտողը մատներն էլ հետը կուտի»: Տատն ասաց, որ հատուկ մեզ համար սպաս կեփեր, եթե իմանար, որ իրեն այցելելու ենք: Սակայն, նրա դեմքի ուրախությունն անմիջապես անհետացավ, երբ սկսեց վերհիշել մանկությունը: «Երանի ձեզ, երանի որ դուք չեք տեսել, թե ինչպես է թուրքը կոտորել հային: Ահավոր էր, մայրն իր բարուր երեխուն գցում-փախնում էր: Թուրքերը խշտիկը մտցնում էին երեխու փորը ու օդի մեջ խաղացնում: Մենք էլ ձորերում թաքնվում էինք, որ մեզ չտեսնեին: Իմ աչքով եմ տեսել, թե ինչեր են արել: Մենք թաքնվում էինք` մինչեւ թուրքերը գնում էին, նորից ճանապարհ էինք ընկնում: Եկանք հասանք Արազ. ջուրը լրիվ արյուն էր, մի տեղ զուլալ ջուր չտեսանք: Լոդկեքով ենք Արազն անցել: Քոռանար իմ աչքերը, չտենայի, թե ինչեր էին անում: Էլի եմ ասում` հազար երանի ձեզ, որ դուք չեք տեսել»,- պատմում է Եպրաքսյա Գեւորգյանը: Նա 9 տարեկան էր, երբ գաղթել են հայրենի Կարսի գավառի Մառվակ գյուղից: Եպրաքսյա տատը մինչ օրս չի հաշտվում այն մտքի հետ, որ Կարսն արդեն հայերինը չէ: Նա զրույցի ընթացքում մի քանի անգամ նշեց, որ Կարսը թուրքերինը չէ եւ այնտեղ ապրել են բացառապես հայեր: Եպրաքսյա տատը պատմում է, որ երբ թուրքերը սկսել են հայերին կոտորել, իրենց տան բակում մի քանի մեծ հոր են փորել, ամբողջ ունեցվածքը լցրել են հորերի մեջ` հույս ունենալով, որ ետ են գալու եւ տեր են կանգնելու իրենց ունեցվածքին: Գաղթելիս իրենց հետ վերցրել են միայն փող եւ ոսկի: Տատը հիշում է, որ իրենց ունեցած ոսկին ընդամենը մի քանի օրվա հացի խնդիր է լուծել, քանի որ մեկ հացը մեկ ոսկով են գնել: Եպրաքսյա տատը հայտնվել է Գյումրու մանկատանը: Նա այնպես էր նկարագրում Կարսի իրենց տունը, կարծես հենց նոր է այնտեղից վերադարձել: «Եթե քանդած կամ փոխած չլինեն, որ գնամ Կարս` մեր տունը կհիշեմ: Սկզբից հորեղբորս տունն էր, հետո` մեր տունը: Մեր տներից վերեւ հորքուրիս տներն էին, իրա ամուսինը աշուղ էր, երկու աչքից կույր մարդ էր: Իրանց տներից մի քիչ այն կողմ էլ պապուս տներն էին: Հետո` Վարդան անունով մի մարդ կար, խանութ ուներ, իրանք էլ էին մեր փողոցի վրա ապրում: Գյուղում մեր բարեկամները 15 տուն էին, ամբողջը կոտորվեցին, միայն քեռիս էր կենդանի մնացել»,- պատմում է Եպրաքսյա տատը: Նա հերթով սկսեց թվարկել նաեւ, թե իրենց մեծ գոմում ինչ անասուններ են պահել: «4 կով էինք կթում, 20 հատ ոչխար, 2 լուծ եզ ունեինք: Հիշում եմ` փոքր երեխա էինք, աթարը տանում էինք, մեր գյուղի Վարդանի խանութից աճառ էինք առնում, բերում եփում ուտում էինք»,- ավելացրեց Եպրաքսյա տատը: Նրա հորը թուրքերը սպանել են գաղթի ճանապարհին, իսկ հորեղբայրներից մեկին գերի են վերցրել, մյուսին էլ բանակում են սպանել: Եպրաքսյա տատը պատմում է, որ իրենց գյուղում երբեք թուրք չի ապրել: Նա մանրամասն նկարագրում էր Արաքս գետի այն հատվածը, որտեղով Հայաստան են անցել` «կայարանի մոտից ենք գետն անցել»: «Հիշում եմ, որ գետն անցանք, բոշի գյուղ էր, բանջար, սինձ էինք հավաքում, ուտում ապրում էինք: Հետո մեր ամբողջ գյուղով գնացինք Լենինական, մեզ մոտեցավ մի մարդ, ասեցին, որ Ասքանազ Մռավյանն է: Մեզ տարավ մի մեծ շենք, ասեց` ստեղ ապրեք այնքան, մինչեւ երկրի վիճակը կլավանա: Իջնում էինք հաց առնելու, բանակայինները պոպոլոզ գլխարկ էին դնում, որ իրանց փողոցում տեսնում էինք, վախեցած փախնում էինք: Մի անգամ էլ մեզ բռնեցին, տարան կերակրեցին, հաց տվեցին, նոր ճանապարհեցին»,- վերհիշում է Եպրաքսյա տատը: Ապա «մի ամերիկացի է եկել Լենինական, հավաքել է բոլոր անտեր երեխաներին ու տարել «կազաչի պոստի» մանկատուն»: Տատի ասելով` ամերիկացին իրենց լավ է պահել` օրը 4 անգամ կերակրել է, երեխաներին դպրոց է ուղղարկել, իսկ շաբաթը 3 անգամ բաղնիք է տարել: Դպրոցում սովորել են հայերեն, ռուսերեն ու անգլերեն: «Հիմա անգլերեն այնքան էլ լավ չեմ հիշում: Մենակ հիշում եմ` «օփըն դը դոր», «քլոզ դը դոր», «գուդ բայ», դրանք հիշում եմ: Հիմա որ տելեվիզրով ամերիկացի են ցույց տալիս, ես ըտենց ամերիկացի չեմ տեսել: Հիմակվանները նեգր են, իմ տեսած ամերիկացիները շատ սիրուն էին»,- ասում է 104 ամյա կինը: Եպրաքսյա տատի մայրը սովից մահացել է գաղթի ճանապարհին, 2 եղբայրներից մեկին էլ ճանապարհին կորցրել են: Երբ հասել են Լենինական, նոր է նկատել, որ իր ազգականներից կենդանի են մնացել միայն քեռին ու եղբայրներից մեկը: Տարիներ անց նոր են տեղեկացել, որ ճանապարհին կորած ավագ եղբայրը հայտնվել է Ամերիկայում: Դա եղել է եղբոր մասին ունեցած միակ տեղեկությունը: «Մի եղբորս էլ Լենինականում նոքյար վերցրին: Մի ընտանիք կար, տղա չունեին, եղբորս վերցրին ու պահեցին: Հետո իրանք էլ ամուսնացրել էին: Որ ես որբանոցից ամուսնացա, այդ ժամանակ նոր իրար գտել ենք, ինքը Եղվարդում տնփեսա էր գնացել»,- պատմում է Եպրաքսյա տատը: Նա սկսեց հուզվել, երբ հիշեց, թե ինչ ծանր օրեր են ունեցել նաեւ Լենինականում` մինչեւ որբանոցում հայտնվելը: «Ընենց եմ հիշում, որ Լենինականում էինք ապրում, երեխեքով գնացինք մի հարուստի տուն, նվագի ձայն էր գալիս, ուտում-խմում էին: Դուռը խփեցինք, հաց էինք ուզում, դուռը փակեցին վրեքներս, թողեցինք ետ եկանք, մեզ հաց չտվին»,- հիշում է Եպրաքսյա տատը: Եպրաքսյա տատիկից հետաքրքրվեցինք` եթե պահպանված լինի Կարսի իրենց տունը, կցանկանա՞ հիմա այնտեղ ապրել: «Վայ, վայ, չէ: Հաց կհավաքեմ, մուրացկանություն կանեմ, բայց Թուրքիա չեմ գնա: Ի՞նչ խելք են անում, որ Թուրքիայի հետ սահման են բացում, որ իրար հետ ճամփա էթան: Ասում են` շան հետ ընկերություն արա, փետը ձեռքիցդ մի գցի, դրանք անաղուհաց շուն են: Թուրքերը չեն փոխվել, դրանց կաթի մեջ արդեն կա: Հիմա ի՞նչը պիտի փոխվի իրանց մոտ: Ժողովրդի կոտորած դիակները հավաքում պատի պես շարում էին ու զուռնա էին խփում»,- պատասխանում է Եպրաքսյա տատը: Ալիս Կասարյանը ծնվել է 1909 թ. Արեւմտյան Հայաստանում: Այժմ նա ապրում է Արմավիրի մարզի Նորպատ գյուղում` դստեր տանը: Երբ այցելեցինք նրան, Ալիս տատը բավականին աշխույժ էր, թեեւ արդեն մեկ տարուց ավել է չի կարողանում ինքնուրույն քայլել: Նա նույնիսկ այդ տարիքում սիրում է աշխատել: Բակը մաքրելու ժամանակ վայր է ընկել ու ոտքը վնասել: Աղջիկը` Հռիփսիկը, պատմեց, որ 101- ամյա մայրը մինչեւ ընկնելը երբեք առողջությունից չի դժգոհել: Հիմա էլ գանգատներ չունի, մեկ-մեկ սիրտն է վատանում, բայց դա Ալիս տատին չի զրկում աշխուժությունից: Նա նույնիսկ կատակում է` ասելով, որ եթե փեսան չլիներ, աղջիկն իրեն այսքան տարի չէր պահի: «Ես փեսայիս շատ եմ սիրում: Ինքն իմ տղան է, ինքը չլիներ` ես այսքան երկար չէի ապրի»,- ասում է Ալիս տատը: Նա շատ հետաքրքրասեր էր եւ ամեն գնով փորձում էր իմանալ, թե ինչու են տնեցիները արագ-արագ սենյակում գնում-գալիս, ինչու՞ ենք մենք եկել, ի՞նչ նպատակով եւ այլն: «Հռիփսիկ, էս ի՞նչ հաշիվ ա»,- անընդհատ հարցնում էր Ալիս տատը: Քիչ անց նա մեզ ցույց տվեց Ցեղասպանությունը վերապրածի վկայականը: Ապա ցույց տվեց իր գործած ժանյակները, սեղանի ծածկոցները: Շատերին է նվիրել իր ձեռագործները: Ձեռագործություն սովորել է Հունաստանում, որտեղ մոր ու եղբոր հետ հայտնվել է Ցեղասպանությունից հետո: 101 տարեկան կինը արդեն շատ բան չի հիշում, անգամ` թե իրենց գերդաստանից քանիսն են կոտորվել: Աղջկա օգնությամբ միայն կարողացավ հիշել, որ հորը` Հակոբ Բերբերյանին, դաժանորեն սպանել են, երբ ինքն ընդամենը 6 ամսական է եղել: Սպանել են նաեւ վարդապետ հորեղբորը: Թուրքերը նրան մաշկազերծ են արել: Հետո մոր, եղբոր ու մի քանի հարազատների հետ տեղափոխվել են Հունաստան` տատի մոտ: Այդտեղ էլ մահացել է մայրը: Ալիս տատը մոր մասին նույնպես ոչինչ չի հիշում, տպավորվել է միայն նրա անունը` Զարուհի: «Որ գնացինք Հունաստան, ես 11 տարեկան էի, քեռիս մի սենյակ էր տվել, այնտեղ ապրում էինք: Ձեռագործություն էի սովորում դպրոցում: Գնում էի դասի ու տուն էի գալիս: Տնից ընդհանրապես դուրս չէի գալիս, մարդկանց հետ շատ չէի շփվում: Մինչեւ գիշերվա ժամը 12-ը ձեռագործ էի անում, քեռիս բարկանում էր, որ աչքերս կփչացնեմ, բայց էլի գործում էի»,- պատմում է Ալիս տատը: Հետագայում ապրուստի միջոցը հենց ձեռագործությունն է դարձել: Տատը հիշեց իր առաջին ձեռագործ աշխատանքը: Թեեւ այն անթերի չի եղել, բայց Ալիսին դրա համար վարձատրել են: Նա Հունաստանում ամուսնացել է, երեխա է ունեցել, սակայն ամուսինը գնացել է պատերազմ ու չի վերադարձել: Որպես հայրենադարձ` ամուսնու ազգականների հետ 1947 թ. եկել է Հայաստան: Հայրենադարձների ցուցակում չի եղել Ալիսի եղբոր անունը, ու նա չի կարողացել գալ Հայաստան, մնացել է Հունաստանում: Հետագայում նրանից մի քանի նամակ է ստացել, ու կապը կտվրել է` քույր ու եղբայր այդպես էլ իրար չեն գտել: Ալիս Կասարյանին մինչ օրս հանգիստ չի տալիս այն միտքը, թե որտեղ է մնացել այն ձեռագիրը, որտեղ գրառումներ կային իր գերդաստանի անդամներին կոտորելու, հայկական ջարդերի եւ իրենց ապրած ծանր տարիների մասին: Հիմա էլ մեկ-մեկ աղջկան հարցնում է, թե ի՞նչ է եղել այդ «գիրքը»: Գյուլե Հովհաննիսյանը ապրում է Արաքս գյուղում: Մեր այցելության պահին վառարանն էր վառում: Գյուլի տատը շատ բան չէր հիշում: Նա ապրել է Բիթլիսի Խանըկ գյուղում: Նրա եւ հորական եւ մորական կողմի ազգականների մի մասը հոգեւորականներ են եղել: Գյուլե տատը մեզ շատ բան փոխանցեց մոր պատմածով: Ինքն այդ ժամանակ փոքր է եղել եւ մանրամասները չի հիշում: Պապը գյուղի քահանան էր: Հենց նա է զգացել մոտալուտ վտանգը: Թուրքերը սկսել են հայերի ձեռքից զենքերը հավաքել, ու դա կասկած է առաջացրել հոգեւորական պապի մոտ, սակայն չեն հասցրել ոչինչ ձեռնարկել: Կարճ ժամանակ անց թուրք ոստիկանները ձերբակալել են նրան ու էլի շատերին: «Պապիս ասել են, որ կրոնը փոխի ու մահմեդականություն ընդունի, որպեսզի չսպանեն: Պապս հրաժարվել է, բայց թուրքերն ասել են, թե ափսոսում են, որ մեկ փամփուշտ օգտագործեն նրան սպանելու համար: Պապիս գցել են մի փոքր սենյակի մեջ ու մի քանի օր հետո նորից եկել, հարցրել են, թե մտքափոխ չի եղե՞լ ու չի ուզու՞մ մահմեդականություն ընդունել: Շատ են տանջել, 2 թեւերը կտրել են: Որ ժողովրդին սկսեցին կոտորել, 100 տեղ ենք փախել: Երբ մի քիչ մեծացա, արդեն ոչ մի բարեկամ կենդանի չէր մնացել»,- պատմում է Գյուլե Հովհաննիսյանը: Թուրքերը սպանել են ազգականներին, մորական կողմից կենդանի է մնացել միայն մորեղբայրը: Գյուլե տատը եղբոր, քեռու ու ծնողների հետ փախել է Սիրիա` 1920-ական թվականներին: Նա չի հիշում, թե գաղթի ժամանակ ինքը քանի տարեկան է եղել: Միայն հիշում է, որ փախչելու ժամանակ իրեն ու եղբորը գցել են ավանակի մեջքին դրած խուրջինի մեջ: Գյուլե տատն ավելի ծանր է եղել, եւ եղբոր խուրջինի մեջ նաեւ քար են դրել, որ ավանակը հավասարակշռված գնա: Մայրը մահացել է Սիրիայում, ինքն այդ ժամանակ եղել է 10 տարեկան: Հայրը նորից է ամուսնացել: Գյուլե տատը տառաճանաչ չէ, դպրոց չի հաճախել: Նա պատմում է, որ Սիրիայում ապրել են բանջարով ու կերել այն ամենը, ինչ ձեռքները կընկներ: «Սիրիայում հայերն ուրախացան այն ժամանակ, երբ ֆրանսիացիները եկան: Ով հագուստ, ուտելիք չուներ, բոլորին բաժանում էին: 5 տարի ֆրանսիացիները մեզ պահել են: Մենք իրանց հետ ուզում էինք գնալ Ֆրանսիա, բայց նրանք չթողեցին, ասեցին` պիտի վերադառնաք Հայաստան: 1947 թ. Սիրիայից գնացել են Բեյրութ, այնտեղից էլ նավով` Բաթումի ու Հայաստան: «00.00.1910 թ.». այսպես է գրված 100-ամյա Օվսաննա Սաֆարյանի անձնագրում: Նա արդեն մի քանի տարի է գամված է անկողնուն, կորցրել է հիշողությունը եւ գրեթե բան չի հիշում իր անցյալից: Ապրում է Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում, գտնվում է թոռնուհու խնամակալության տակ: Օվսաննա տատի հետ մեր զրույցը շատ դժվար ստացվեց: Ստիպված խնդրեցինք, որ թոռնուհին` Քրիստինեն, միջամտի զրույցին եւ փորձի թարմացնել տատի հիշողությունը, քանի որ վերջինիս հիշողության մեջ վառ տպավորվել էր միայն այն փաստը, որ 15 տարեկանում է ամուսնացել: «Իմ հերն ու մերը դակումենտով են եկել Հայաստան ու Վարդենիկ գյուղում են ապրել: Հերս ձկների վրա է աշխատել. լավ էլ ապրում էինք»,- փորձեց անցյալը վերհիշել Օվսաննա տատը: «Տատի, դու ասում էիր, որ 6 տարեկան երեխա ես եղել, որ Թուրքիայից եկել եք, աղբերներիդ էլ դու ես պահել-մեծացրել, դրա մասին պատմիր»,- միջամտեց թոռնուհին: «4 աղբերներիս ես եմ պահել, հերս ու մերս էլ են եկել, իրանք էլ էին կենդանի»,- ավելացրեց Օվսաննա տատը: «Տատ, բա դու ասում էիր, որ հորդ նավի վրա թուրքերը սպանել են»,- նորից միջամտեց Քրիստինեն: «Այ աղջի, հորս չեն սպանել, իմ հերը պատվով մեռել ա, Վարդենիկում էլ թաղել են»,- բարկացավ Օվսաննա տատը: Փորձեցինք հնարավորինս շատ հարցեր տալ Օվսաննա տատին, որպեսզի որոշ տեղեկություններ ստանանք նրա ապրած կյանքի մասին, բայց ապարդյուն, նա գրեթե ոչինչ չէր հիշում: «Մեզ կպատմե՞ք, թե ինչպես եք հասել Հայաստան»,- հարցրինք նրան: «Մեռնիմ քեզ, ինձ Վարդենիկից են ուզել, բերել են ստեղ»: «Իսկ որտե՞ղ եք ապրել մինչեւ էստեղ գալը»,- նորից հարցրի: «Ես շատ գիտեմ, թե որտեղ ենք ապրել: Հա~, Սուրենավան»,- պատասխանեց նա: «Տատ, բա ասում էիր Ալաշկերտ եք մնացել»,- նորից միջամտեց թոռնուհին: Այստեղ Օվսաննա տատի հիշողությունը դարձյալ մթագնեց ու սկսեց պատմել բոլորովին այլ պատմություն: «Հա, Ալաշկերտ ենք ապրել, 4 աղբեր ունեի, չորսն էլ մեռան, իրանց կնանիք գել ու գազան էին, բալա ջան: Ընենց բան եք ասում, ես շատ գիտե՞մ, թե Թուրքիայից ոնց ենք եկել: Երեխա եմ եղել, 15 տարեկանում պսակվել եմ: Պետությունը մեզ պահեստից ամեն ինչով օգնեց, իմ հերը գրագետ, կրթված մարդ էր, հո հասարակ մարդ չէր»,- ասաց Օվսաննա տատը: Թոռնուհին` Քրիստինեն, փոխանցեց տատի պատմածները. «Մեզ միշտ պատմել է, որ 6 տարեկան է եղել, ծնողների հետ նավով եկել է Հայաստան: Ասում էր, որ նավի վրա թուրքերը սպանել են հորը: Մոր ու 4 եղբայրների հետ եկել է Հայաստան: Ապրել են Վարդենիկ գյուղում, այնտեղ էլ մայրն է մահացել, ու 5 երեխաները մնացել են որբ: Տատը պատմում էր, որ ինքն է իր եղբայրներին պահել, մեծացրել»: Տատը պատմել էր, որ ծնողները հարուստ են եղել Ալաշկերտում, ու թուրքերը մի քանի անգամ թալանել են: Տատի ասելով` ունեցած ոսկիները թաղել են իրենց տան պատերի տակ` հույս ունենալով, որ ետ են վերադառնալու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter