«Քարշ գալով առաջ ենք տանում թերթերը»
Արագածոտնի մարզում հրատարակվում է 6 մարզային թերթ` «Արտենի», «Թալին Աշխարհ», «Արագած Աշխարհ», «Կանթեղն Արագածի», «Դարձ» եւ «Ծիրանավոր»: Մարզային գրեթե բոլոր թերթերը աշխատում են մեկ հոգանոց «աշխատակազմով»: Այստեղ գլխավոր խմբագիրը եւ խմբագիր է, եւ լրագրող, եւ սրբագրիչ, տնտեսվար, համակարգչային օպերատոր ու առաքիչ:
Նույն սկզբունքով է աշխատում նաեւ «Կանթեղն ԱԱրագածի» թերթի խմբագիր Արտավազդ Նազարյանը: Ըստ նրա` պատճառը ֆինանսական անմխիթար վիճակն է: Ա. Նազարյանը չի ստացել վերջին 3-4 ամսվա իր աշխատավարձը, որը ամսեկան 30 000 դրամ է կազմում:
«Լրագրությունն այն ասպարեզը չէ, որտեղ կարելի է գումար աշխատել: Այդքան քիչ աշխատավարձով եւ մեծ պատասխանատվությամբ աշխատանք ոչ մի լրագրող չի ցանկանա անել: Այդ գումարով քննադատել մարդկանց, ասենք` մարզպետին, իմաստ չկա, պարզապես չարժի էլ: Մանավանդ, եթե լրագրողը սոցիալապես ապահովված չէ եւ իրեն ռիսկերի է ենթարկում, սա արդեն լրիվ այլ խնդիր է»,-«Հետքի» հետ զրույցում ասում է Արտավազդ Նազարյանը:
«Կանթեղն Արագածի»-ն տպագրվում է ամիսը մեկ անգամ` 1000 տպաքանակով: Ըստ թերթի խմբագրի`իրենք ընթերցողի պակաս ունեն, իսկ ավելի ճիշտ` գրեթե ընթերցող չունեն:
«Թերթը լրիվ սպառվում է, բայց ոչ թե գումարով ենք վաճառում, այլ պարզապես բաժանում ենք: Գումարով շատ քիչ ենք վաճառում, այն էլ միայն բաժանորդագրությունով: Գյուղապետարանները երբեմն բաժանորդագրվում են, երբեմն` ոչ: Փորձել ենք հատավաճառով թերթն իրացնել, բայց չի վաճառվում: «Հայփոստի» միջոցով փորձեցինք հատավաճառ իրականացնել, տեսանք, որ ամբողջ թերթը հետ է գալիս, դրանից հրաժարվեցինք: Չնայած հիմա «Հայփոստի» միջոցով մի փոքր իրացնում ենք: Տխուր պրակտիկա կա, թոշակների հետ թերթը տալիս են թոշակառուներին: Սա է մեր ամբողջ եկամուտը»,- թերթի տխուր պատկերը ներկայացրեց Ա. Նազարյանը:
Այս տարի կառավարությունը «Կանթեղն Արագածի» խմբագրությանը մեկ տարվա համար հատկացրել է 300 հազար դրամ գումար, սակայն, խմբագրի ասելով` այդ գումարը ընդամենը թերթի մեկ ամսվա ծախս է ու այդ գումարով ոչինչ չեն կարողանում անել:
«Այսպես էլ քարշ գալով առաջ ենք տանում թերթերը: Մարզում թերթ պահելու համար վարչարարական մեթոդն է գործում, ուրիշ ձեւով հնարավոր էլ չէ: Այսինքն` պետք է մարզպետը կանչի գյուղապետերին ու ասի, որ այս ինչ թերթից պետք է բաժանորդագրվեք ասենք 5-10 օրինակ: Եթե ամեն մի գյուղում թերթն ունենա 5-6 բաժանորդ` կկարողանա գոյատեւել, բայց 6 թերթ է, մարզպետը որի՞ համար բարեխոսի»,-ավելացրեց խմբագիրը:
Նշենք, որ Արագածոտնի մարզում տպագրվող թերթերից եւ ոչ մեկը լուրջ նյութեր չի տպագրում: Չկան գյուղացիներին հուզող թեմաներ, իսկ եթե նման նյութեր էլ լինում են, ապա զուտ պաշտոնական: Հանրապետական մամուլն ավելի շատ է անդրադառնում նույն Արագածոտնի մարզի խնդիրներին, քան տեղի մամուլը:
Արտավազդ Նազարյանը չհերքեց, որ մարզային մամուլն այդքան էլ ազատ չէ եւ խորը չի լուսաբանում մարզում կատարվող իրադարձությունները:
«Կողքից դիտողին միգուցե այդպես էլ թվա, որ մարզային թերթերը ազատ չեն, լայն լուսաբանում չեն անում, դա չեմ հերքում: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, մենք նման բան չունենք, տպագրում ենք այն ամենը ինչը հարմար ենք գտնում: Շատ ցավոտ թեմաներ կա մարզային թերթերի համար, ֆինանսական առումով սարսափելի վիճակում ենք գտնվում: Թերթը կոլեկտիվ աշխատանք է, եթե այդ բոլոր աշխատանքները մեկ մարդ է անում, պարզ է, որ այդ մարդու ազատությունն էլ է սահմանափակ, աշխարհն էլ է սահմանափակ, ամեն ինչն էլ սահմանափակ է: Թերթը եթե կոլեկտիվով չես անում, ուրեմն դա թերթ չի»,-ասում Ա. Նազարյանը:
Ըստ խմբագրի` մարզային թերթերը որեւէ հարցում կաշկանդված չեն, իսկ եթե կաշկանդվածություն էլ կա, ապա դա գալիս է մարդու ներքին ազատության պակասից: Ա. Նազարյանը կարծում է, որ հանրապետության մասշտաբով տարածվող թերթերի պատասխանատվությունն այնքան էլ մեծ չէ, իսկ մարզերում մարդիկ, շրջապատը չափազանց ծանոթ է տեղի լրագրողին եւ նա չի կարող ազատ քննադատել մարզային իշխանություններին:
«Լրագրողը լինում է մեկ հոգի ու լինում են դիմացը կանգնած հազարավոր ծանոթ մարդիկ: Եթե հոդված ես տպում, ինչ որ մեկին քննադատում ես, հետո դրա պատասխանը պիտի տաս, իսկ մեկ հոգին չի կարող բոլորի պատասխանը տալ, հենց այստեղ է, որ կոլեկտիվ է պետք, որը մենք չունենք»,-ավելացրեց նա:
Այն, որ մարզային թերթերը պարզապես էջեր են լցնում բանաստեղծություններով, պաշտոնական լրահոսով եւ հասարակ մարդուն չհետաքրքրող այլ նյութերով, խմբագիրը դարձյալ կապեց ֆինանսի բացակայության հետ:
Ըստ նրա` քանի որ թերթերն աշխատում են մեկ հոգով լրագրողները շատ չեն խորանում թեմաների մեջ եւ քիչ են ուսումնասիրում մարզի խնդիրները:
Քիչ են լինում մարզի տարածքներում, մարդկանց հետ գրեթե չեն շփվում. «բայց դա հասկանալի է, մեր միջոցներն ահավոր սուղ են: Ոչ ավտոմեքենա ունենք, որ գնանք տարածքներ, ոչ էլ նյութերը գրելու համար համակարգիչ»:
Արտավազդ Նազարյանն ինքն է ասում, որ հաճախ միայն թերթի էջերը լցնելով են մտահոգված եւ տնտեսական, հետաքննական նյութեր անելու մասին չեն էլ մտածում:
«Մարզում կատարված իրադարձությունները որպես լուր ենք տալիս, իսկ տնտեսական նյութեր անելու համար մասնագետներ են պետք: Մի ժամանակ մենք նման նյութեր անում էինք ու շատ լավ էր, բայց հիմա առանց հոնորարի, սրան-նրան խնդրում ենք, ոչ ոք չի անում: Պետության տված այս փոքրիկ սուբսիդիայով էլ լավ աշխատանք չենք կարող անել»,- ասաց Ա. Նազարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել