HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

1915թ. Արևմտյան Հայաստանում և ողջ Օսմանյան Թուրքիայում սկսվեց և ի կատար ածվեց մարդկության պատմության ծանրագույն ոճիրներից մեկը՝ իր հազարամյա բնօրրանում ապրող հայության պետականորեն կազմակերպված ոչնչացումն ու արտաքսումը։
1965 թվականից ի վեր Հայաստանում, ավելի վաղ նաև Սփյուռքում, Ապրիլի 24-ը, որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման խորհրդանշական օր, նշում է ողջ հայությունը, ամբողջ աշխարհում։
Անհերքելի իրողությունների, դրանց մասին վկայող տասնյակ հազարավոր փաստերի ու փաստաթղերի, հայ և օտար պատմաբանների ու հրապարակախոս վերլուծաբանների հազարավոր ուսումնասիրությունների շնորհիվ 1970-ական թվականներից ի վեր աշխարհն սկսեց ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը։ Դա Ցեղասպանության արդյունք սփյուռքահայության և հայ ժողովրդի հաղթարշավն էր անսակարկելի պատմական իրողությունը ժխտող թուրքական հզոր պետական քարոզչամեքենայի դեմ։ Հայ ժողովուրդն այս տարի առաջին անգամ 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշում է խիստ յուրահատուկ պայմաններում։ Հայաստանում իշխող ներկա վարչախումբը, տաս տարուց ավելի, որպես ելակետ ունենալով միմիայն ապօրինաբար ձեռք բերված իշխանության պահպանման, վերարտադրման ու դրա օգտագործմամբ երկիրն ու ժողովրդին թալանելու խնդիրը՝ այդ նպատակին է ծառայեցրել նաև 1915 թ. Ցեղասպանության հարցը։ Արտաքին քաղաքականության հիմքում դնելով՝ քոչարյանասերժական վարչախումբը այն, գիտակցված, դարձրեց սակարկության առարկա՝ դրանից քամելով իր գոյատևման ապահովման համար անհրաժեշտ առավելագույնը։ Հետևողականորեն իրագործված անբարո ու դավաճանական այդ ընթացքի այսօր առկա տրամաբանական վերջնակետը երկրի ինքնակոչ ղեկավարի մակարդակով Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ դնելու, ըստ էության, ուրանալու փաստն է՝ առարկայացած այսպես կոչված, «Պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման արձանագրված պաշտոնական համաձայնությամբ։ Դրանով թուրքական պետական մերժողական քաղաքականությունն ու դիվանագիտությանը ստացան իրենց երբևէ երազած ամենակարևոր փաստարկը։ Հայ ազգային կոնգրեսը, առաջին իսկ պահից անընդունելի է համարել երկու երկրների հարաբերությունների կարգավորման կարևոր խնդրի լուծման մեջ Ցեղասպանության բացահայտ իրողությունը կասկածի տակ դնող «Պատմաբանների հանձնաժողովի» մասին դրույթը, այն արժանացել է նաև ողջ հայության, մասնավորապես Սփյուռքի կտրական հակազդեցությանը։ Այսօր, հերթական անգամ ոգեկոչելով 1915թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, մենք համոզված ենք, որ այդ հիշատակը ոչ միայն ծիսական խոնարհում ու զգացական միջոցառումներ, այլև քաղաքական, ազգային ու բարոյական գործնական պարտավորություն ու պատասխանատվություն է պահանջում ողջ հայությունից։ Առաջին հերթին՝ ուրացման ու քաղաքական շահարկման ու դրանց հեղինակների միահամուռ մերժման տեսքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter